Սեպտեմբերի 23-ին գերմանական Վեցլար քաղաքում ռինգ դուրս եկան IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ու կոլումբիացի բռնցքամարտիկ Էդիսոն Միրանդան։ Մրցամարտի շուրջ հետաքրքրությունը շատ մեծ էր։ Այն պետք է տեղի ունենար դեռ օգոստոսին, սակայն Արթուրի հիվանդության պատճառով հետաձգվել էր։ Դա առիթ էր տվել, որպեսզի Միրանդան չարախնդար եւ հայտարարեր, որ Արթուրը խուսափում է մարտից։ Իսկ մինչ ռինգում հանդիպելը կոլումբիացին մի քանի անգամ սպառնալիքներ էր տեղացել եւ խորհուրդ տվել Արթուրին` վայելել չեմպիոնի կոչումը եւս մի քանի օր, քանի որ մենամարտից հետո այն այլեւս Արթուրինը չէր լինի։ Իսկ մամուլի ասուլիսի ժամանակ սեւամորթ բռնցքամարտիկը սպառնագին ժեստ էր արել՝ ձեռքի ափը վզի վրայով տանելով։ Ա. Աբրահամը դրան պատասխանել էր համապատասխան ժեստով՝ ձեռքի միջնամատը ցույց տալով, եւ հայտարարել, որ ինքն անպայման կայցելի Միրանդային հիվանդանոցում։ Այս ամենը պրոֆեսիոնալ բռնցքամարտում ընդունված բաներ են՝ մրցամարտի շուրջ հետաքրքրությունը մեծացնելու համար։ Սակայն ամեն ինչ պետք է վճռվեր ռինգում։
Առաջին իսկ ռաունդից պարզ դարձավ, որ շատ լարված պայքար է ընթանալու։ Բավական է նշել, որ երկու բռնցքամարտիկներն էլ մինչ այդ պարտություն չունեին։ Առաջին ռաունդներում Արթուրի մի քանի ծանր հարվածները հասան նպատակին, մեծ մասը` 4-րդ ռաունդում։ Սակայն հաջորդ ռաունդի սկզբում նա հարված բաց թողեց, որն ազդեց հետագա ընթացքի վրա։ Էդիսոնի հարվածը կոտրեց Արթուրի ծնոտը, եւ այդ պահին մինչեւ վերջ նրա բերանից անընդհատ արյուն էր գալիս։ Նույն ռաունդում Միրանդան միտումնավոր գլխով հարվածեց Արթուրի գլխին։ Մրցավարը կոլումբիացուն տուգանեց 2 միավորով, սակայն որոշեց, որ արյունահոսությունն այդ հարվածի արդյունք չէ։ Եթե Արթուրը չշարունակեր մարտը, նրան կգրանցվեր տեխնիկական նոկաուտ, եւ չեմպիոնական գոտին կանցներ Միրանդային։ Չնայած կոտրված ծնոտին, ցավին եւ արյունահոսությանը, Արթուրը ցուցաբերեց չեմպիոնին արժանի կամքի ուժ եւ շարունակեց մարտը։ 7-րդ ռաունդում կոլուբիացին գոտկատեղից ցածր հարվածների համար տուգանվեց եւս 2 միավորով։ 8-րդ ռաունդում Արթուրը կարող էր նոկաուտի ենթարկել մրցակցին, սակայն Միրանդան դիմացավ հարվածների տարափին։ 11-րդ ռաունդում կոլումբիացին կրկին արգելված հարված կատարեց, եւ մարտը մի քանի րոպեով կանգ առավ։ Սա հնարավորություն տվեց Արթուրին մի փոքր շունչ առնել։ Վերջին ռաունդը, թերեւս, ամենադրամատիկն էր։ Երկուսն էլ հոգնել էին, սակայն Արթուրն ավելի ծանր վիճակում էր, եւ երեւում էր, որ նա պարզապես աշխատում է դիմանալ մինչեւ վերջ։ Չեմպիոնին դա հաջողվեց։ 3 մրցավարները՝ 114-109, 115-109, 116-109 հաշվով հաղթանակ շնորհեցին Արթուրին։ Թեեւ արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ գրում են, որ հաղթանակը հիմնականում պայմանավորված է Միրանդայից տուգանված 5 միավորներով, սակայն, ինչպես տեսնում եք, առանց այդ տուգանքների էլ առավելությունը մեր բռնցքամարտիկի կողմն է։
Իհարկե, շատ ավելի հաճելի կլիներ, որ Արթուրն ավելի համոզիչ հաղթանակ տաներ, սակայն լուրջ վնասվածքով 8 ռաունդ դիմանալը խոսում է նրա չեմպիոնական կամքի եւ պատրաստվածության մասին։ Իսկ վնասվածքն իրոք լուրջ էր։ Figthnews.com-ի հաղորդմամբ, մարտից անմիջապես հետո Արթուրը տեղափոխվել է հիվանդանոց եւ ծնոտի վիրահատության է ենթարկվել։ Վիրահատությունը բարեհաջող է անցել եւ պրոմոուտեր Վիլֆրեդ Զաուերլենդի խոսքերով, նա մարզումները կվերսկսի 3-4 շաբաթից։ Ինքը՝ Արթուրը, չնայած վնասվածքին, հայտարարել է. «Եթե ծնոտս չկոտրվեր, Միրանդային նոկաուտի կենթարկեի 6-րդ ռաունդում… Ես անմիջապես նկատեցի, որ նա ռինգ է դուրս եկել պարտվելու համար»։
Կարծում ենք, դեռ առիթ կլինի, եւ Արթուրը գործով կապացուցի իր խոսքերը։