Կովկասյան նվագախումբն` առանց Ադրբեջանի

29/09/2006

Բրյուսելում գտնվող Եվրոպական խորհրդարանի շտաբ-գրասենյակում սեպտեմբերի 19-ին կայացել է Կովկասյան նվագախմբի անդրանիկ ելույթը, որը շատ հաջող է անցել: Թբիլիսիում նման նվագախմբի ստեղծման գաղափարը պատկանում է գերմանացի դիրիժոր եւ կոմպոզիտոր Ուվե Բերկեմերին, ում նախաձեռնությունն աջակցություն ստացավ Եվրոպական խորհրդարանի Հարավ-Կովկասյան երկրների հետ համագործակցության հարցերով զբաղվող պատվիրակության կողմից: Նախագծի նպատակը Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կազմում գտնվող կովկասյան այլ երկրների երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների համախմբումն է: Համատեղ համերգները պետք է ռեգիոնում խաղաղ ու ստեղծագործ մթնոլորտի խորհրդանիշը դառնային: Առաջին համերգի ընթացքում հնչել են վրացի, հայ եւ ադրբեջանցի կոմպոզիտորների ստեղծագործությունները: «Ռեգնում»-ի հաղորդմամբ` այդ համերգին հրաժարվել է մասնակցել ադրբեջանցի երաժիշտը, ինչը տարակուսանք է առաջացրել հանդիսատեսի մոտ: Դիրիժոր Բերկեմերը մատնացույց է արել ադրբեջանցի երաժշտի դատարկ աթոռը ու ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը նման դիրքորոշում է ցուցաբերել եւ հրաժարվել է երաժշտության միջոցով համագործակցելու եւ տարածաշրջանի համախմբվածությունը ցուցադրելու նախաձեռնությունից: