Չայկան համաձայն է

24/09/2006

ՌԴ-ում հայերի նկատմամբ կատարված բռնություններին երեկ անդրադարձել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ՌԴ Գլխավոր դատախազ Յուրի Չայկան: Նրա տեղեկացմամբ, 2005թ. կեսերից մինչեւ հիմա իր ղեկավարած գերատեսչությունում ազգային հողի վրա կատարված հարցագործությունների համար հարուցվել է 5 քրեական գործ, որոնք ուղղված են եղել հայերի դեմ: «Ցավոք, նման հանցագործություններն, իրոք, կան, դրանք բոլորը կասեցվում են: Ավելին ասեմ, Գլխավոր դատախազության համակարգում ես ստեղծել եմ վարչություն, որը պետք է իրականացնի վերահսկողություն՝ դաշնային անվտանգության եւ ազգային հարաբերությունների պահպանման համար: Այսինքն՝ ուժեղացրել ենք դատախազական վերահսկողությունը եւ այժմ գործնականորեն պետք է զբաղվենք այդ գործով»,- ասել է Չայկան: Անդրադառնալով այս տարվա մայիսի 3-ին Սեւ ծովում կործանված հայկական «Ա-320» օդանավի հետաքննությանը, Չայկան տեղեկացրել է, որ այժմ իրականացվում են բազմաթիվ հետաքննական գործողություններ եւ փորձաքննություններ: «Հետաքննությունը դեռ ավարտված չէ: Ներկայումս իրականացվում է ավիատեխնիկական քննչական փորձաքննություն, որը պետք է պատասխանի մի շարք հարցերի` ավիացիոն տեխնիկայի հնարավոր խափանման, թռիչքի իրականացման կանոնների հնարավոր խախտման մասին՝ օդաչուների կողմից, Սոչիի օդանավակայանի ավիադիսպետչերների ճիշտ գործողությունների մասին: Այժմ մենք սպասում ենք այդ եզրակացությանը, հետո ընդհանրական ձեւով պետք է որոշենք այս կամ այն անձանց մեղավորության չափը»,- նշեց Յուրի Չայկան՝ շեշտելով, որ քանի դեռ գործի քննությունն ավարտված չէ, այս պահին որեւէ բանի մասին հստակ խոսելը դժվար է: