Փաստեր չունեն, որովհետեւ դա իրենց ֆունկցիան չէ

24/09/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը շուրջ մեկ ամիս առաջ «Մտավորականների ֆորումի» անունից հայտարարել էր, թե կոմպրոմատներ ունեն Հայաստանի մի շարք պետական բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ:
Եվ խոստացել էր մինչեւ սեպտեմբերի 15-ը հրապարակել քաղաքականություն ներթափանցած քրեական տարրերի վերաբերյալ ունեցած կոմպրոմատների ցանկը:

Նշված օրը Գ. Մարգարյանը հրապարակեց «Հայկական կրիմինալի հետ արտաքին ուժերի համագործակցության մասին» վերնագիրը կրող, իսկ իրականում ոչինչ չասող, լղոզված մի տեքստ: Ու սա` այն դեպքում, երբ պարոն Մարգարյանը մի քանի շաբաթ շարունակ թմբկահարում էր, թե հրապարակելու է կոնկրետ անուններ` կոնկրետ փաստերով: Մինչդեռ հրապարակված տեքստում, բացի շաբլոն հայտարարություններից, ոչ մի հետաքրքիր բան չկար: Այնտեղ ընդամենը խոսվում է, որ ազգային կրիմինալը սերտաճել է արտաքին ուժերի հետ: «Եվ այդ համագործակցության վտանգավոր հետեւանքներից մեկն այն է, որ ԱՊՀ եւ այլ երկրների քրեական կառույցների ներկայացուցիչների համար Հայաստանը դարձել է ոչ միայն հանդիպումների հավաքատեղի, կրիմինալ «կեղտոտ գումարների» լվացման վայր, այլեւ միտում ունի վերածվելու այլ երկրներում հանցավոր գործունեություն ծավալելու հենակետի»:

Երեկ Գառնիկ Մարգարյանը` պատճառաբանելով, որ նեղացած է մեր թերթից, չցանկացավ մեկնաբանել, թե ինչու հակառակ նախապես տված խոստմանը, կոնկրետ անուններ չհրապարակեց: Փոխարենը, հակակրիմինալ շարժման մեկ այլ ակտիվիստ` «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ փաստերն ու անունները կհրապարակեն այն ժամանակ, երբ իրենք հարմար կգտնեն: Իսկ թե ե՞րբ հարմար կգտնեն այդ տվյալները հրապարակել, պարոն Կարապետյանը չկոնկրետացրեց` «շատ շուտով, միգուցե հենց այսօր էլ լինեն»: Արամ Կարապետյանին հիշեցրինք ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերը, թե «տղամարդ են, թող խոստացած փաստերը հրապարակեն»: «Փաստեր ունենալ եւ հրապարակելը քաղաքական գործչի խնդիրը չէ: Փաստեր ունենալ ու հրապարակելը դատախազի ու իրավապահ համակարգի գործն է: Եթե իրենք ուզում են, որ մենք Աղվան Հովսեփյանի ֆունկցիաները կատարենք, ապա թող մեզանից որեւէ մեկին, օրինակ, Գառնիկ Մարգարյանին նշանակեն Ա. Հովսեփյանի փոխարեն, նա անխտիր կբացահայտի, կձերբակալի բոլոր կրիմինալներին»,- արդարացավ «ՆԺ» նախագահը` չնշելով, որ եթե իրենց ֆունկցիաների մեջ չի մտնում Փաստեր ունենալն ու հրապարակել, ինչո՞ւ են նման խոստումներ հնչեցնում: Քանի որ իշխանությունները Գառնիկ Մարգարյանին դատախազի պաշտոնում չեն նշանակի, իսկ կոնկրետ փաստեր հրաապարակելը քաղաքական գործիչների ֆունկցիան չէ, Ա. Կարապետյանն այնուամենայնիվ ՀՀ պաշտոնյաներից մեկի հասցեին որոշակի ակնարկներ հնչեցրեց: «Օրինակ` ես մամուլով ուզում եմ մի հարց տալ` մեր բարձրագույն իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը եղել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի գործակալ, եւ իր ծածկանունն է ընտրել «Մարզպետ»: Եվ հետո ի՞նչ է արել քաղաքական կյանքում, հիմա ինչո՞ւ է բարձր պաշտոնի հասել»,- իրենց ունեցած «կրիմինալ փաստերն» այսպես ներկայացրեց պարոն Կարապետյանը:

Ընդդիմության ռուսամետ հատվածի այսօրինակ խաղերն արդեն դժգոհության ու հիասթափության տեղիք են տվել ոչ միայն հասարակության որոշակի շրջանակներում, այլ նաեւ հակակրիմինալ շարժման հանդիպումներին մասնակցող կուսակցություններում: Ավելին, ընդդիմության ներկայացուցիչներից մեկը, որ չցանկացավ իր անունը հրապարակել, կարծիք հայտնեց, որ քրեական տարրերի մուտքը քաղաքականություն կանխելու խնդիրը դարձել է օրախնդիր: Սակայն զրուցակիցս կասկածներ ունի, որ ընդդիմության ռուսամետ հատվածն իր գործողություններով ընդամենն արժեզրկում է «հակակրիմինալ շարժման» գաղափարը` այդկերպ օգնելով կրիմինալին վերարտադրվել: Ավելին` զրուցակիցս հիշեցնում է, որ նրանք ժամանակին արժեզրկեցին նաեւ «քաղաքացիական ժողով, քաղաքացիական շարժում» եւ այլ նմանատիպ գաղափարները եւս: «Մտավորականների ֆորումի անունից տարածված հայտարարությունն ընդամենը ներիշխանական հակասությունների դրսեւորում է եւ ռուսական որոշակի շրջանակների պատվեր»,- այսպես գնահատեց ընդդիմադիր կուսակցություններից մեկի ներկայացուցիչն իր գործընկերների «պայքարը»: Նրա համար անհասկանալի է, թե ինչու է «Մտավորականների ֆորումը» «մերկացնում Ս. Սարգսյանին ու նրա շրջապատին եւ որեւէ բառ չի ասում, օրինակ, Գագիկ Ծառուկյանի կամ մյուսների մասին: Մանավանդ, որ որոշակի ինֆորմացիա ունենք, համաձայն որի` «Մտավորականների ֆորումի» որոշ անդամներ անդամակցում են նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը»:

Մեզ հասած տվյալներով, ՀՀՇ եւ «Հանրապետություն» կուսակցություններում այսքանից հետո քննարկվում է հակակրիմինալ շարժմանը մասնակցելու նպատակահարմարությունը: Եվ, ամենայն հավանականությամբ, շուտով նրանք չեն մասնակցի այդ հանդիպումներին` այն համարելով անիմաստ ու պարապ զբաղմունք: Ավելին, ՀՀՇ-ի ու «Հանրապետության» մեջ լուրջ բանակցություններ են ընթանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասին մասնակցելու հարցում: Ուղղակի նրանք առայժմ վաղաժամկետ են համարում այդ քննարկումների արդյունքների մասին բարձրաձայնելը: