– Ինչպե՞ս եք գնահատում ձեր դաշնակից ՍԻՄ-ում տեղի ունեցած հեղաշրջումը:
– Ցանկացած կուսակցությունում տեղի ունեցող նման գործընթացները ցավ են պատճառում: Էական չէ, այդ կուսակցությունն իշխանակա՞ն է, թե՞ ընդդիմադիր: Ընդհանրապես վատ եմ վերաբերվում նման երեւույթներին, ու, կարծես, նման երեւույթները մեր ժամանակներին բնորոշ օրինաչափություն դարձած լինեն:
– Քննարկե՞լ եք` համագործակցելո՞ւ եք ներկայիս ՍԻՄ-ի հետ:
– Դեռ այդ հարցը չենք քննարկել: Եվ առաջիկայում համագործակցության ընդհանուր գաղափարական կամ ընդհանուր ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերի հետ կապերը մնում են նույն մակարդակի վրա: Եթե երկրում տեղի ունենան գործընթացներ, որոնք համաժողովրդական ալիք են պահանջելու, այդ դեպքում մենք համագործակցելու ենք ընդդիմադիր բոլոր ուժերի հետ, որովհետեւ դա լինելու է հասարակական պահանջ: Իսկ եթե գաղափարական դաշինքներ կազմելու խնդիրներ առաջանան, ապա այդ պարագայում մեր մոտեցումների մեջ որոշակի տարաձայնություններ կան, բայց առայժմ մենք նման հարցեր չենք քննարկել:
– Դուք միակն էիք, ով «Արդարության» քարտուղար Վիկտոր Դալլաքյանի քայլը` դաշինքից դուրս գալու, որակեցիք որպես դավաճանություն: ՍԻՄ-ում տեղի ունեցածը նույնը չէ՞, եթե ոչ ավելին:
– Անկեղծ ասած, տեղյակ չեմ սկզբնաղբյուրներին, թե ինչի շուրջ է նրանց վեճը, գնահատականներն առաջին հերթին դեռ պետք է տան ՍԻՄ-ի նախագահը եւ փոխնախագահը: Եվ այդ մեկնաբանությունները, որոնք արվում են, դեռ ամբողջական չեն, ուստի ամբողջական տեսակետ չունեմ, որ կարողանամ որոշակի դիրքորոշում ունենալ եւ ասել, թե ով է ճիշտ, ով` սխալ: Այս երկու անհատներից` Հրանտ Խաչատրյան եւ Հայկ Բաբուխանյան, ոչ ոք չի տեղափոխվել իշխանական դաշտ, որպեսզի նման բնորոշումներ տամ կամ հասարակության մոտ նման կարծիք ձեւավորվի:
– Ընդդիմության շարքերում տեղի ունեցող վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հեղափոխություն, որը խոստացել է ընդդիմությունը, լինում է ոչ թե երկրում, այլ ընդդիմության ներսում: Գուցե ինչ-որ բան սխա՞լ են հասկացել ընդդիմադիր ձեր գործընկերները, որ հնչեցրել եք Մատենադարանի հարթակից, թե` հեղափոխություն պետք է անել իշխանությունների նկատմամբ, ոչ թե ընդդիմության շարքերում:
– Նախ պետք է ասեմ, որ ընդդիմության շարքերում բոլորը չէ, որ կիսում են հեղափոխության գաղափարը: Բացի այդ, համաձայն չեմ, որ պառակտումներ տեղի են ունենում միայն ընդդիմադիր ճամբարում. նորից ցավով եմ կրկնում, որ նման երեւույթներ տեղի են ունենում ամբողջ քաղաքական դաշտում` ներառյալ իշխանական: Եվ դա այսօրվա մեր երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի հետեւանք է. կապեր, խզումներ, աղքատ մարդիկ, ֆինանսներ, ազդեցության լծակներ: Մարդիկ չեն դիմանում ճնշումներին, բոլորը հերոսներ չեն, որ կարողանան դիմանալ, իրենց խոսքին տեր կանգնելու համար պայքարել: Եվ բացի քաղաքականությունից` կա նաեւ մարդկային ինքնասիրություն, ինքնահարգանք, որը որոշակի առումով նաեւ տեղիք է տալիս տեր կանգնել սեփական մտքին, ասածին: Եվ եթե իմ ընկերն ինձ չի հասկանում ու չի կիսում այդ տեսակետը, այդ դեպքում` մենք ընկերներ չենք, որը հետո, իհարկե, ժամանակի ընթացքում հարթվում է: Բայց սրված իրավիճակ է, եւ նման իրավիճակներում այդօրինակ երեւույթները հնարավոր են: Այլ խնդիր է, որ մարդը շահադիտական նկատառումներով իշխանական դաշտից տեղափոխվում է ընդդիմադիր դաշտ, կամ` հակառակը` իր ապագան ընդդիմության մեջ տեսնելով: Այստեղ արդեն գաղափարների, ասվածի ու արածի տարբերության խնդիրն է: Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա հասարակությունն անկեղծ խոսք է ուզում, նա հավատում է անկեղծ խոսքին: Գիտությունն ասում է` տես, նոր հավատա: Ավետարանն ասում է` հավատա, որ տեսնես: Տարբերությունը սա է: Հասարակությունը պիտի հավատա, որ տեսնի: Այս գործընթացներում շատ կարեւոր է, թե այդ հավատ ներշնչողն ինչքանով է անկեղծ:
– Կարելի՞ է ասել, որ այսօր այլեւս ժամանակավրեպ է հեղափոխության գաղափարը, քանի որ ընդդիմադիր ձեր գործընկերները հայտարարում են, որ իրենք առանձին-առանձին զբաղված են իրենց կուսակցական շարքերը ամրացնելով, սոցհարցումներ պատվիրելով եւ հաջորդ հերթական ընտրություններին պատրաստվելով:
– Բացարձակապես: Այսօր հեղափոխությունը բացարձակ արդիական է: Ժամանակն ինքնին ապահովում է, որ այս իշխանություններից ազատվելու միակ տարբերակը հեղափոխության ճանապարհն է, որովհետեւ հասարակությունը չի հավատում ընտրություններին: Որպեսզի հավատ ծնվի, ու ժողովուրդը հավատա, որ կարող է իր ձայնը հաշվի առնեն, անհրաժեշտ է, որ այս իշխանությունները փոխվեն: Իսկ դրա համար բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կան. կան իրավիճակներ, որոնց դեպքում ընդդիմության այն թեւերը, ովքեր չեն միավորվի, ուղղակի կդիտվեն որպես դավաճաններ կամ իշխանության հետ խաղերի մեջ գտնվողներ: Նման իրավիճակները Հայաստանում ոչ միայն բացառված չեն, այլեւ շատ հավանական են: Նման դեպքերում կապ չունի, թե տվյալ քաղաքական կուսակցությունն ինչպիսի գաղափարախոսության տեր է` ա՞ջ է, ձա՞խ է, թե՞ կենտրոնամետ է: Եթե չլինեն նման իրավիճակներ, այդ դեպքում ընդդիմությունը միավորվելու է գաղափարական մոտեցումների, իրար փոխադարձ ընկալման եւ վստահության շուրջ, որպեսզի իր խոսքն ավելի անկեղծ լինի: Այս առումով գտնում եմ` որքան շուտ լինի հեղափոխությունը, այնքան ավելի հեշտ կլինի: Ինչքան հետաձգվի, այնքան ավելի բարդանալու է: Հիմա դա շատ ավելի հեշտ է, քան 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ: 2007-ին ավելի հեշտ է լինելու, քան 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Դրա համար օր առաջը այս երկրի վերածննդի ամենալուրջ ու լավ գրավականն է լինելու, որովհետեւ կան գործընթացներ, որոնց հետդարձի ճանապարհը բավականին դժվար է դարձել: Այս առումով, կարծում եմ, որ մինչեւ ձմեռ կան իրավիճակներ, որոնց պարագայում` անկախ ամեն ինչից, ընդդիմությունը միասնական հանդես կգա: Ընդդիմության մեջ չեն տեսնում մի ուժ, որը հարթակում հնչեցրած իր ասածներից հետ է կանգնում: Առ այսօր այդ ընդդիմությունը պայքարել է արդար ընտրությունների եւ ընտրությունների իրական քվեն հաստատելու համար: Այսինքն` պայքարել է կեղծիքների դեմ եւ Սահմանադրական կարգը վերականգնելու համար, եւ որեւէ մեկը չի ասել, որ իշխանությունները լավ են, ու մենք դաշինք են կնքելու «Բարգավաճ Հայաստանի», ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի հետ: Նման բան չկա, հետեւաբար` ընդդիմադիր ամբողջ դաշտը, նույնիսկ դուրս եկած անհատներով, համապատասխան իրավիճակում հայտնվելու է հարթակում, եւ թիվ մեկ խնդիրը լինելու է Սահմանադրական կարգը, արդար ընտրություններ ապահովելը:
– Օրինակ, Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր ձայները պահելու համար ինքը բոլոր տեղամասերում իր մարդկանց է կանգնեցնելու, ովքեր թույլ չեն տալու, որպեսզի իր կուսակցության ձայները որեւէ մեկը տանի: Չե՞ք հավատում:
– Գիտեք` արդարությունը նրանում չէ, որ արդար լինեն միայն իմ հանդեպ: Այստեղ մոտեցման կոպիտ սխալ կա: Այսինքն` մյուսների ձայները կարո՞ղ են կեղծել, իրենը` ո՞չ, որովհետեւ ինքն իր ձայները պահելո՞ւ է: Դրանից ի՞նչ է փոխվում: Ոչինչ: Դրանից ընտրություններն արդար չեն դառնում: Սա ուղղակի ցույց է տալիս անձի եսասիրությունը: Հավատացեք` եթե Գագիկ Ծառուկյանն ընդդիմադիր լիներ, նախ չէր կարող նման կուսակցություն ստեղծել, չէր կարող պահել իր տնտեսությունն ու սեփականությունը, եւ երրորդ` չէր կարող տեր կանգնել այդ ձայներին, որովհետեւ մեր դեմ գործում են ոչ թե անհատները, քրեական էլեմենտները, այլ` Ոստիկանությունը, որոնք մահակներով փակեցին տեղամասերը: Դա նաեւ գրանցել է ԵԱՀԿ դիտորդ Այքերը: Բայց միեւնույն է` չկարողացան ամբողջական արդյունքները ճշտել, եւ առայսօր Սեւանա լճից Ստեփան Դեմիրճյան քվեարկած քվեաթերթիկներ են դուրս գալիս: Նրանք հանրաքվեի ժամանակ միասնական էին` սկսած Գագիկ Ծառուկյանից ու Անդրանիկ Մարգարյանից: Իրենց հավաքածն ընդամենը 150.000 ձայն էր, ոչ ավելին: Հիմա անջատ-անջատ են հանդես գալիս, որ 180.000 հավաքե՞ն: Անջատի դեպքում ավելի քիչ են հավաքելու: Դա է իրենց ռեսուրսը, ունեցածը: Մեր ունեցածը հասարակությունն է, որն, իհարկե, հավատի կորուստ ունի: Դրանում, անշուշտ, մեղավոր ենք նաեւ մենք, բայց հասարակությունը կգտնի նրան, ում կհավատա: Հասարակությունը չի կարող հույսն ընդհանրապես կորցնել, հետեւաբար` իր ապագայի համար նա կգտնի մարդ, որին կհավատա: Իսկ դա չի լինելու ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ մնացածները, որովհետեւ նրանք անկեղծ չեն, իսկ հասարակությունն անկեղծությունն է գնահատում:
– Գուցե որպես այլընտրանք ընդդիմությունը ճիշտ, հավասարազոր առաջնորդ չի՞ առաջարկում:
– Առաջնորդի ընտրությունը շատ կարեւոր է, եւ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ընդդիմության լիդերների մեջ լինում է բացարձակ մեկը, ով ակնհայտ լիդեր է իր վարկանիշով, խարիզմայով եւ իր կատարած գործերով: Մնացած բոլոր դեպքերում ընտրություններն են ցույց տալիս, թե ում է ընտրում հասարակությունը: Սա է ժողովրդավարության իմաստը: Եվ ի սկզբանե ընտրել առաջնորդի, որով շարժվելու ես` ճիշտ չէ նաեւ ոչ տակտիկական առումով, ոչ էլ` ժողովրդավարության, որովհետեւ այդ առաջնորդին այս իշխանություններն ուղղակի կուտեն. այս երկրում օրը ցերեկով պայթյուններ են լինում, «27» է լինում: Չզգուշանալ սրանից չի կարելի: Գործընթացներն են ցույց տալիս, թե ով է առաջնորդը: Սահակաշվիլին վարդով այդ պահին մտավ խորհրդարան եւ ինքն էլ դարձավ առաջնորդը: Եթե 5 րոպե ուշ մտներ` կարող է այդ փոփոխությունը չլիներ, ու ինքն էլ չլիներ առաջնորդը: Այսինքն` ճիշտ պահին ճիշտ գործն անելու մեջ է: Այսինքն` Աստծո կամքն է: