ԱՄՆ-ի Սենատի բանկային, բնակշինարարության եւ քաղաքաշինության հարցերով հանձնաժողովը նախօրեին հաստատել է հարավկովկասյան երկաթուղու շինարարության ֆինանսավորումն արգելելու մասին որոշումը: Օրենսդիրները հաստատել են «Էքսպորտ-Իմպորտ» բանկի 2006թ. գործառույթը, որն ընդգրկում է կետ այն մասին, որ չեն հատկացվի ֆինանսներ այնպիսի թանկ եւ ոչ անհրաժեշտ երկաթգծի կառուցման համար, ինչպես Հայաստանը շրջանցող Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան երկաթուղին է: Փոփոխությունը, որն օրենքում ներկայացրել է դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ընդունվել է հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Շելբիի եւ ավագ անդամներից Փոլ Սարբենսի կողմից: «Մենք չենք կարող խառնել հակամարտությունների մոխիրը՝ ամենակարեւոր երկրներից մեկին դիտավորյալ կերպով բացառող ծրագրերին աջակցելով: Օրենքում այս փոփոխությունը արդարության մասին է, որով հղում ենք հստակ ուղերձ, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Կովկասում տնտեսական եւ տարածաշրջանային ինտեգրացումը»,- ասել է սենատոր Մենենդեսը: Հիշեցնենք, որ Ռ. Մենենդեսն այն սենատորն է, ով վերջերս հանդես եկավ ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ռ. Հոգլանդի թեկնածության՝ հաստատման հարցը սառեցնելու նախաձեռնությամբ: Ինչեւէ, Սենատի թիվ 2461 բանաձեւն արգելում է ՀՀ-ն շրջանցող երկաթուղու կառուցման ֆինանսավորումը: Ներկայացուցիչների տանը նմանատիպ բանաձեւ են ներկայացրել Հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահներ Ջո Նոլենբերգը, Ֆ. Փալոունը եւ Ջորջ Ռադանովիչը: Բանաձեւը մինչ օրս ստացել է 100 օրենսդիրների աջակցությունը: