Հայաստանին պե՞տք է արդյոք ժողովրդավարություն: Այս հարցին էր նվիրված «168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» վերլուծական ակումբի առաջին քննարկումը, որը վարում էր «168 Ժամի» փոխխմբագիր, քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը: Նա քննարկման մասնակիցներին հիշեցրեց Ուինսթոն Չերչիլի հայտնի արտահայտությունը. «Ժողովրդավարությունը կառավարման ամենավատ ձեւերից ամենատանելին է»: Թվում է, հայ ժողովուրդն ընկալել է սա` սահմանադրության մեջ ամրագրելով, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է։ Բայց, այնուամենայնիվ, «Պրեսսինգ» վերլուծական ակումբը ՀՀ անկախության 15-ամյակի կապակցությամբ որոշեց իր առաջին քննարկման թեմա դարձնել այս լուրջ եւ բազմաթիվ տարրերից բաղկացած համակարգը:
Հաճախ հնչող այն համոզման հետ, որ առանց ժողովրդավարության հնարավոր չէ զարգանալ, AEPLAC ընկերության ղեկավար, տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը համաձայն չէ։ Նրա կարծիքով, երկրի զարգացումը պետք չէ անմիջականորեն կապել ժողովրդավարության հետ։ Պրն Ջրբաշյանը որպես փաստարկ բերեց զարգացած երկրների լոկոմոտիվին միացած ասիական երկրների՝ Սինգապուրի, Հարավային Կորեայի եւ Թայվանի օրինակը։ Թեեւ մյուս կողմից, կա նաեւ աֆրիկյան երկու երկրների՝ Տոգոյի եւ Բենինի օրինակը։ Տ. Ջրբաշյանի խոսքերով, այս երկու երկրները իրար բացարձակապես ամեն ինչով նման են՝ ռեսուրսներով, աշխարհագրական պայմաններով եւ այլն։ Միակ տարբերությունն այն է, որ Տոգոյում ժողովրդավարություն կա, իսկ Բենինում` ոչ։ Եվ Տոգոյում մարդիկ անհամեմատ ավելի լավ են ապրում։ Այս ամենով հանդերձ, Տ. Ջրբաշյանը գտնում է, որ ժողովրդավարությանն այլընտրանք կա. «Դեմոկրատիայի լինել կամ չլինելը բխում է տվյալ ազգի իրավիճակից: Այսինքն, ոչ ֆորմալ ինստիտուտներից՝ սովորույթներից, հավատից եւ այլն: Այն, ինչ այսօր իրականացվում է արեւելյան քաղաքակրթությունում՝ Չինաստանում, Թայվանում, Հարավային Կորեայում, անհնար է իրականացնել եվրոպական քաղաքակրթությունում, որին պատկանում է նաեւ Հայաստանը: Դեմոկրատիան ատրիբուտ է, որը պետք է կապել նաեւ տվյալ երկրի պայմանների հետ: Մենք ոչ թե այս հարցը պետք է աբստրակտ դարձնենք՝ դեմոկրատիան լավ է, թե ոչ, այլ տեղայնացնենք Հայաստանի համար»:
Իսկ ԱԺ պատգամավոր, ՄԱԿ կուսակցության անդամ Արթուր Պետրոսյանի համար ժողովրդավարության անհրաժեշտության հարցը միանշանակ լուծված է. «Եթե պետության տեսանկյունից նայենք, ապա մեր պետությունը որոշել է, որ գնում է Եվրամիություն: Ես չեմ կարծում, որ Եվրամիություն կարելի է գնալ առանց դեմոկրատիայի: Այսքանով հարցը սպառված է»։
ՀՀՇ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն այնքան էլ կողմնակից չէր Սինգապուրի հետ համեմատվելուն, քանի որ, ըստ նրա` «Ժողովրդավարությունն անհրաժեշտ է ոչ միայն հարուստ տնտեսություն ունենալու, այլեւ արժանապատիվ ապրելու համար»: ՀՀՇ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը ոչ թե ժողովրդավարության առկայությունն է համարում զարգացման նախապայման, այլ հակառակը՝ տնտեսության զարգացումն է ժողովրդավարության պայմաններից մեկը։ Պրն Քոքոբելյանն այդպիսի պայման է համարում նաեւ իշխող քաղաքական ուժի կամքը: ՀՀՇ փոխնախագահի կարծիքով, այդ երկուսը միասին կարող են ժողովրդավարություն ապահովել:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի խորհրդական Աշոտ Օսիպյանը, խոսելով ժողովրդավարության մասին, մեջբերեց Ռուզվելտի խոսքերը՝ ժողովրդավարությունը մեծամասնության որոշումն է, մեծամասնությունը չի սխալվում։
Ըստ պրն Օսիպյանի, բոլոր երկրներն էլ հռչակում են դեմոկրատիա, բայց այն միջանցք է, որով պետք է անցնել: «ԽՍՀՄ-ն էլ էր հռչակել դեմոկրատիա՝ կենտրոնացված: Այդ միջանցքի տակ մենք ունեինք անարխիա: Պետք է զգույշ լինել, որովհետեւ մենք շատ աֆրիկյան երկրների օրինակ ունենք, երբ դեմոկրատիան դարձել է անարխիա: Եվ հակառակը, երբ դեմոկրատիան դառնում է տոտալիտար համակարգ»:
Գործարար, իրավաբան Սարգիս Աղաբեկյանի կարծիքով, պետության նպատակը որոշակի տարածքում մի մեխանիզմի ձեւավորումն է, որպեսզի հասարակության շահերն առավել արդյունավետ ձեւով պաշտպանվեն: Իսկ դրա էֆեկտիվ ձեւերից մեկը, ըստ պրն Աղաբեկյանի, ժողովրդավարությունն է, երբ հասարակությունը հնարավորություն ունի հաղորդակցվել պետության հետ: «Պետությունը հնարավորություն ունի ծանոթանալ հասարակության խնդիրների հետ: Պետությունը պետական մեխանիզմներով, նույնիսկ պարտադրանքի ուժով ձեւավորում է զարգացման համակարգը»:
Իսկ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը կարեւորում է հետեւյալ հարցը՝ ժողովրդավարությունը արժե՞ք է, թե՞ ժամանակավոր հետաքրքրություն՝ կապված 21-րդ դարի արդի իրավիճակի հետ: «Եթե դա արժեք է, ապա պետք է մեզանում որոշակի ավանդական, մշակութային, քաղաքակրթական հիմք ունենա: Ըստ բովանդակության, ժողովրդավարությունը մեզ մոտ ավանդական արժեքային համակարգից դուրս է: Իսկ ըստ ձեւի, մենք պարտավոր ենք ընդունել 21-րդ դարի՝ մեզ նետված մարտահրավերները»:
Վերջինիս կարծիքով, եթե ժողովրդավարությունը լոկ ընտրություններն են, ապա դա պրիմիտիվ է, իսկ եթե փոքրամասնությունների շահերի պաշտպանության ինստիտուտն է, ապա մենք հեռու ենք, չենք համապատասխանում: Ա. Աշոտյանը ժողովրդավարությունը համարում է զարգացող ինստիտուտ: Եվ ըստ նրա, պետք է տեսնենք, թե ո՞ւր է տանելու համաշխարհային ժողովրդավարությունը, ի՞նչ նոր ինստիտուտներ են պարտադրվելու: Այդ իսկ պատճառով պրն Աշոտյանը դեռ որոշ կասկածներ ունի. «Մենք մտնում ենք ինֆորմացիոն հասարակություն, արդյոք ժողովրդավարությունը այդ հասարակարգի կառավարման մրցունակ մոդել կլինի՞: Մարդը դառնում է ապոլիտիկ, ժողովրդավար ընտրություն կատարելու համար մինիմալ ինֆորմացիան թեեւ կա, բայց իրեն չի հետաքրքրում: Պետությունն ու մարդը դառնում են զուգահեռ հարթություններ, որոնք շատ քիչ են խաչվում»:
Այս հարցադրմանը չհամաձայնեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ասելով, որ ժողովրդավարությունը մեր ժողովրդի արժեքներից մեկն է: Պրն Մարգարյանի կարծիքով, ժողովրդավարությունն ազգի ներկայացուցիչների միջեւ վստահության դաշտն է, որ փոխանցվում է պետությանը: «Այդ վստահության շնորհիվ կարողացել ենք դիմակայել արտաքին ուժերին կամ ներքին պառակտումներին: Բոլոր դեպքերում մենք ունեցել ենք ժողովրդավարություն, այժմ փորձում ենք այն զարգացնել», – կարծում է Ա. Մարգարյանը։
Վարչապետի կարծիքով, այնպես չէ, որ ամերիկացիները կամ եվրոպացիները պետք է իրենց խաղի կանոնները թելադրեն, իսկ մենք աչքներս փակ ընդունենք դրանք: «Ինչպես ցանկացած տնտեսական ռեֆորմ, որ հարմարեցնում ենք մեր տնտեսության վիճակին, ժողովրդավարության բաղադրիչներն էլ պետք է հարմարեցնենք նրան, ինչ ունենք»,- ասաց Ա. Մարգարյանը։
Ըստ պրն Մարգարյանի, անհրաժեշտ է հստակ որոշել՝ որտե՞ղ է բաց, որ համաշխարհային խաղի կանոնները մտնեն, եւ որտե՞ղ է տաբու դրված, ընդունելի չէ։ Այս առումով նա ընդգծեց հատկապես ընտանեկան հարաբերությունների ոլորտը. «Երբեք մեզ մոտ երեխան ոստիկանություն չի զանգի ու չի ասի, որ ծնողներն իրեն ջղայնացնում են»: Այս ամենով հանդերձ, Ա. Մարգարյանը գտնում է, որ պետք չէ հակադրենք ժողովրդավարությունը մեզ՝ որպես օտարածին գաղափարախոսություն, պարզապես «մեր ազգային հիմքն ունենալով՝ պետք է կարողանանք զարգացնել այն»:
Ժողովրդավարությունն ազգային պրիզմայով անցկացնելու տեսակետը պաշտպանում էր նաեւ Տիգրան Ջրբաշյանը: Վերջինիս կարծիքով, ժողովրդավարությունը ճիշտ որոշումներ կայացնելու ամենալավ տարբերակն է, որովհետեւ հասարակության մեջ, քաղաքական դաշտում, տնտեսության մեջ միշտ կան համապատասխան բալանսներ, որոնք տալիս են այդ հնարավորությունը։
Թեեւ մյուս կողմից, ըստ տնտեսագետի, դեմոկրատական ինստիտուտները թույլ չեն տալիս արագ որոշումներ կայացնել։ «Դեմոկրատական ինստիտուտները շատ ծախսատար են, եւ դրա համար էլ դեմոկրատական հասարակությունները ուղղակիորեն կախված են 1 շնչին ընկնող ՀՆԱ-ից: Աղքատները չեն կարող լինել դեմոկրատներ: Եվ այն հասարակությունները, որտեղ հարուստները տնօրինում են հիմնական եկամուտները, դրանք էլ դեմոկրատական չեն»,- նշեց պրն Ջրբաշյանը, որի կարծիքով` ժողովրդավարությունը միջին խավի ինստիտուտ է։
Այստեղ կարծիք հնչեց, որ ոչ միայն աղքատները, այլեւ հարուստներն էլ դեմոկրատներ լինել չեն կարող:
Անդրանիկ Մարգարյանը համաձայն չէ, որ ոչ ժողովրդավարական պայմաններում որոշում կայացնելն ավելի քիչ ծախսատար է։ Որպես փաստարկ` նա բերեց ԽՍՀՄ-ի օրինակը, որը հեշտ որոշում էր կայացնում՝ միլիոնավոր մարդկանց Սիբիր ուղարկելու համար, սակայն այն շատ ծախսատար էր։
«Ամենաճիշտը ժողովրդավարական որոշում կայացնելն է՝ իհարկե, չափի մեջ հարմարեցնելով մեր պետության նպատակներին: Չի կարելի մոռանալ, որ Ղարաբաղի պատերազմ ունենք, Թուրքիայի նման հարեւան ունենք, ճանապարհ չունենք»։ Ա. Մարգարյանի կարծիքով, ժողովրդավարությունը պետք է օգտակար լինի պետությանը, տնտեսությանը. «Եթե ժողովրդավարությունը լիներ հավատ իշխանությունների նկատմամբ, մենք շատ ավելի մեծ արդյունք կունենայինք: Մենք համբերություն չունենք»: Պրն Մարգարյանը գտնում է, որ ժողովրդավարության մեջ պետք է կարեւոր տեղ հատկացնել պետության նկատմամբ վերաբերմունքին. «Պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել, որ դեմոկրատիան ճիշտ ճանապարհով գնա»:
Տ. Ջրբաշյանը ժողովրդավարության ցանկալի աստիճանին հասնելու համար կարեւորեց ՀՆԱ-ի աճն ու միջին խավի ձեւավորումը։
Իսկ քաղաքագետ Տիգրան Հակոբյանի կարծիքով` ՀՆԱ-ի աճն ամենակարեւոր բանը չէ։ «Պետք է խոսել ոչ միայն ժողովրդավարության, այլեւ ազատական գաղափարների եւ իրավական պետության մասին, պետք է համախմբել այդ 2 գաղափարները։ Պետք է խոսել ոչ թե քաղաքացիական ինստիտուտների եւ ՀՆԱ աճի, այլ, oրինակ, պետության, իշխանությունների քաղաքական կամքի»:
Տ. Հակոբյանի կարծիքով` անհրաժեշտ է զատել ժողովրդավարությունը եւ ազատությունը, իսկ ժողովրդավարություն ասելով՝ պետք չէ հասկանալ միայն ընտրական համակարգը. «Մեր ընդդիմությունն այսօր ժողովրդավարության մասին խոսելով, ավելի շատ նշում է էլեկտորալ դեմոկրատիայի մասին: Նրանք ուզում են ազատ ընտրություններ, որոնց միջոցով իրենք կգան իշխանության: Նրանք, ինչպես շատ երկրներում, ամեն ինչ կանեն, որ ժողովրդավարական ձեւով գան իշխանության, վերարտադրվեն, իսկ հետո հնարավոր է եւ այդ դեմոկրատիան մոռանան»:
Տ. Հակոբյանը կարեւորեց նաեւ իրավական ասպեկտը՝ նշելով, որ երկիրը կարող է չունենալ ժողովրդավարություն, չլինել ազատական, բայց պահպանելով այդ երկրի համար սահմանված յուրահատուկ օրենքի տառը, ինչպես ԽՍՀՄ-ում էր, ապահովել քաղաքացիների վստահությունն իշխանությունների հանդեպ: «Գործնական օրինակ՝ Վրաստանը, որ ազատականության աստիճանով մեզանից առաջ չէ։ Իրավական համակարգում մի քանի քայլեր արեց եւ բարձրացրեց ժողովրդի վստահությունն իշխանությունների նկատմամբ: Դա իրավական համակարգում կոռուպցիայի նվազեցումն էր: Մարդիկ իրենց պաշտպանված զգացին: Դրա համար ՀՆԱ-ի աճ պետք չէր, այլ քաղաքական կամք, որոշ սրիկաների գործից հանելու ցանկություն է պետք, որը շատ հեշտ է անել»: Ապա Տ. Հակոբյանը հեգնեց մեր երկրի երկնիշ տնտեսական աճը, որով պարծենում են ՀՀ իշխանությունները. «Եթե տնտեսությունը կարողանում է ոչ ժողովրդավարության պայմաններում ապահովել երկնիշ տնտեսական աճ, լուծել Ղարաբաղի խնդիրը, ուրեմն ինչո՞ւ է մեզ պետք դեմոկրատիա»:
Այս հարցին Արթուր Պետրոսյանը պատասխանեց՝ ժողովրդավարությունը խաղի կանոններն են, որովհետեւ մենք ուզում ենք մտնել եվրոպական ընտանիք։
Տիգրան Հակոբյանը հակադարձեց, որ Արեւմուտքը եւ հատկապես ԱՄՆ-ը այսօր ավելի շատ օգտագործում են «ազատություն» բառը, քան «ժողովրդավարությունը»:
Իսկ «Երեւան» ամսագրի գլխավոր խմբագիր Իդա Մարտիրոսյանի համար գլխավորը ոչ թե ժողովրդավարության լինել-չլինելն է, այլ օրենքի գերակայությունը. «Պետությունն ուժեղ կամ կայացած է այն դեպքում, երբ օրենքը գործում է։
Հին հռոմեացիների հիմնական սկզբունքներից մեկը՝ օրենքը թեկուզ վատն է, բայց օրենք է: Թեկուզ կլինի բռնապետություն կամ ժողովրդավարություն»:
Քննարկման ընթացքում բավական հաճախ էր հնչում «պետական շահ» հասկացությունը։ «Ովքե՞ր են ճշտելու, թե որն է դա»,- հետաքրքրվեց Ա. Բաղդասարյանը, ում կարծիքով` դա առանց ժողովրդավարության հնարավոր չէ: Մեկն ասում է` սա է, մյուսը համաձայն չէ: Ինչպե՞ս ենք որոշելու, եթե չկա ժողովրդավարություն:
Այս հարցին հստակ պատասխան չհնչեց, թեեւ դա բնական էր։ Փոխարենը նշվեց, որ «պետական շահ» կոչվածը շատ անգամ հակասության մեջ է մտնում ժողովրդավարական արժեքների հետ։ Արմեն Աշոտյանը, որպես օրինակ, բերեց այն փաստը, որ իշխանությունները ոչ պաշտոնապես չեն խրախուսում պետական պաշտոնյաների այցը Թուրքիա հանգստանալու համար։ «Դա մարդու ազատությունների ոտնահարում է, որովհետեւ որեւէ տեղ այն գրված չէ: Բացարձակ ազատությունը բարձր է նույնիսկ պետության շահից»,- նշեց Ա. Աշոտյանը։
Իսկ Սարգիս Աղաբեկյանի կարծիքով, այսօրվա շահը հակադրվում է ոչ թե ժողովրդավարությանը, այլ թվացյալ ժողովրդավարական պատկերացումներին, եւ այսօրվա շահն է թելադրում, թե մենք ինչ եւ ինչպես անենք: Նա անհրաժեշտ է համարում, որ ԶԼՄ-ներով հասարակությանը պատշաճ ձեւով մատուցվի ժողովրդավարության այբուբենը՝ այն այբուբենը, որ տարբեր երկրներում հաջողություն է ունեցել: Իսկ թվացյալ ժողովրդավարական պատկերացումները, ըստ Ս. Աղաբեկյանի, կարող են արժեքային համակարգ ներմուծել այնպիսի տեսանկյունից, որ քայքայում է մեր պետականությունը։
Այս պնդման հետ համաձայն չէր «168 Ժամ»-ի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը. «Թող օրինակ բերվի: Այդպիսի պետություն չկա, որ քայքայվել է ժողովրդավարությունից»:
Հրապարակախոս, մշակութաբան Ռուբեն Անգալադյանը գլխավոր խնդիրներից մեկը համարում է այն, որ մենք չենք տեսնում մեր ազգը, հետեւաբար օրենքները գրվում են օտարազգի, անհասկանալի, դեֆորմացված: «Այսօրվա հասարակությունը տարբերվում է մեր ազգից: Այսօրվա հասարակությունը բզկտված է, դրա համար միլիոնից ավելի դրսում են բնակվում: Սա մեծ դժբախտություն է: Տրանսֆերտներ: Մարդիկ օգնում են»,- նշեց Ռ. Անգալադյանը:
Իսկ Անդրանիկ Մարգարյանը գտնում է, որ մեզ մոտ ՀՀ քաղաքացու հոգեբանությունը խեղաթյուրված է, այն դեռ պարունակում է «ցեխավիկի» հոգեբանության տարրեր, որն արտահայտվում է սեփական պետությանը խաբելու ցանկությամբ։
Կյանքի մեծ մասն ԱՄՆ-ում անցկացրած Էդիթ Խաչատրյանի (ILC Միջազգային իրավական խորհրդատվություն ՍՊԸ, իրավաբան) կարծիքով, ժողովրդավարություն նույնիսկ ԱՄՆ-ում չկա, որովհետեւ նրանք ինստիտուտներ ունեն, որոնք ժողովրդին զբաղված են պահում, եւ այնտեղ ժողովուրդն այդքան էլ չի զբաղվում քաղաքականությամբ: «Հայաստանում ժողովրդավարություն այժմ հնարավոր չէ: Փոքր երկիր լինելով՝ Հայաստանն ավելի շատ կարող է կառավարվել է մեծ երկրների կողմից: Այդ իմաստով ժողովրդավարությունը մի քիչ վտանգավոր է Հայաստանի համար: Հիշենք, երբ 60-ականներին ԱՄՆ-ի կողմից տեղի ունեցավ Պարսկաստանի հեղափոխությունը, ամենաշատը 5 մլն դոլարով նրանք կարողացան մի ողջ երկրի քաղաքականությունը փոխել: Այսօր կարելի է շատ հեշտությամբ արտաքին ուժերի միջոցով դեմոկրատիայի անվան տակ այնպիսի ձեւերով ազդել Հայաստանի վրա, որոնք մեր ազգային կամ պետական շահերից չեն բխում»,- գտնում Է. Խաչատրյանը: Թեեւ, մյուս կողմից, ըստ Է. Խաչատրյանի, կարելի է մանեւրել, ինչպես անում է Վրաստանը։ «Կարծում եմ` մենք էլ պետք է Վրաստանի նման երկկողմանի խաղ խաղանք: Իրենք սիրուն ու ճիշտ բաներ են ասում, լսեցնում, ինչպես, օրինակ՝ երբ մեքենա ես վարում ու ոստիկան չկա, դա վստահություն է առաջացնում իշխանությունների նկատմամբ»,- նշում է Է. Խաչատրյանը՝ նկատի ունենալով Վրաստանի ՆԳ համակարգում կատարված որոշ բարեփոխումները, եւ առաջարկում. «Եկեք ուրեմն մենք էլ մակերեսային փոփոխություններ անենք: Ես համաձայն չեմ այն ժողովրդավարության հետ, որ ԱՄՆ-ը կամ Եվրոպան են ուզում ստեղծել Հայաստանի համար»:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանն էլ առաջարկեց ավելի կոնկրետ խոսել՝ ելնելով Հայաստանի գեոստրատեգիկ իրավիճակից: Նրա կարծիքով, չպետք է շփոթել ժողովրդավարությունն ու ազատությունը: «Մեր ժողովուրդն այսօր ժողովրդավարություն չի ուզում, ուզում է ազատություն, արդարություն (որոշակի ազգային սահմանափակումներով), որը ձեռք է բերվում օրենքի գերակայությամբ: Դա լինի ազատ ընտրություններ, որը կրկին վերադառնում է իշխող քաղաքական էլիտայի քաղաքական կամքին, իշխող էլիտան պետք է ժողովրդին պարտադրի օրենքի տառը»,- գտնում է Գ. Ասատրյանը։
Իրանագետի կարծիքով, օրենքի գերակայությունը շատ կարեւոր է նաեւ ազգային անվտանգության ինստիտուտների նկատմամբ վերաբերմունքի տեսանկյունից. «Բերեմ Իսրայելի օրինակը: Թեեւ այնտեղ քաղաքներում ու գյուղերում պատերազմ է, բայց Իսրայելի քաղաքացին չի կարող ասել, որ ինքն ազատ չէ. օրենքը հրեշային կերպով գործում է բոլորի համար»:
Անդրադառնալով ժողովրդավարության եւ օրենքի գերակայության տարանջատման խնդրին, քննարկումը վարող Արմեն Բաղդասարյանը նշեց, որ օրենքների մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ դրանք ընդունում են մարդիկ, որոնք միայն ժողովրդավարության պայմաններում կարող են ընտրվել: «Եթե ընտրական դեմոկրատիա չկա, խորհրդարանում հայտնվելու են այնպիսի մարդիկ, որոնք հեռու են օրենքներից»,- գտնում է Ա. Բաղդասարյանը: Այսինքն, ժողովրդավարությունն անհրաժեշտ պայման է լավ օրենքներ ունենալու համար։
Թեկուզեւ ըստ քննարկման մասնակիցների` Հայաստանը դժվար է անվանել ժողովրդավարական երկիր, սակայն Ա. Մարգարյանի կարծիքով, այս 15 տարիների ընթացքում հակաժողովրդական օրենքներ չեն ընդունվել:
Կարծիքներ հնչեցին, որ ժողովրդավարության թվացյալ պատկերացումները եւ մեր ազգային դիմանկարին հակասող արժեքների ներմուծումն արդյունք են այն բանի, որ մենք պարզապես դրսից ներմուծում ենք ժողովրդավարական ինստիտուտները՝ երբեմն նաեւ պարտադրված կերպով։ Սակայն Տիգրան Ջրբաշյանը կասկածում է, թե մենք կարող ենք ժողովրդավարական ինստիտուտների ներմուծմանն այլընտրանք առաջարկել, մշակել մեր սեփական ինստիտուտներն՝ առանց նայելու ոչ մեկին, եւ նախապատվությունը տալիս է դրանց ներմուծմանը. «Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս այդ մոտեցման արդյունավետությունը։ Պետք է ներմուծենք եւ տեսնենք, թե որքանով են դրանք իրագործելի ՀՀ-ում»,- համոզված է տնտեսագետը:
Պրն Ջրբաշյանի կարծիքով, մենք կարող ենք գնալ էլեկտորալ դեմոկրատիայի ճանապարհով, սակայն անգամ ՀՀ-ում արդար ընտրությունների անցկացման պարագայում հնարավոր է` արդյունքում համակարգը փչանա եւ փչանա: Որպես փաստարկ, նա բերեց Պարագվայի, Վենեսուելայի, Կոլումբիայի օրինակները, որտեղ արդար ընտրությունների արդյունքում են գալիս իշխանության, սակայն վերջին տարիներին ցույց են տվել -2% տնտեսական աճ։ «Հետեւաբար, Ժողովրդավարությունն ընտրությունները չեն։ Դրանք պայման են ժողովրդավարության աշխատելու համար, բայց միակ պայմանը չեն»:
Իսկ ԵրՊՏԻ ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հովսեփ Աղաջանյանը խնդիրն անվանեց ընտրության ֆենոմեն։ «Այսինքն, ժողովրդավարության հիմքն ընտրությունն է, իսկ վերջինիս հիմքում ընկած է արժեքային համակարգը: Այս տեսակետից, ճապոնական, չինական եւ այլ մոդելներն ընդամենը արտաքին դրսեւորումներ են: Յուրաքանչյուրը յուրովի զարգացման իր մոտիվները, ռեսուրսաապահովվածությունն ունի»,- ասում է Հ. Աղաջանյանը՝ հարցնելով, թե մենք արդյոք ճշտե՞լ ենք, թե քաղաքակրթական որ մակարդակում ենք գտնվում: Ըստ տնտեսագետի, կյանքը ցույց է տվել, որ քաղաքակրթությունների պայքար է ընթանում, իսկ տնտեսական պայքարն արտաքին բնույթ է կրում. «Ճիշտ են ասում` ազգային, ազգային, բայց ո՞րն է այդ ազգայինը, եւ ի՞նչ մեխանիզմներով պետք է գնանք դրան։ Եթե մենք ցույց տանք` ինչ ենք ուզում, ուր ենք գնում, ով ենք մենք, չեմ կարծում, որ մեզ որոշ օրենքներ կկարողանան պարտադրել»։
Ինչ վերաբերում է ժողովրդավարության անհրաժեշտությանը, ապա, ըստ պրն Աղաջանյանի, այն այլընտրանք չունի։ «Ժողովրդավարությունը եւ ազատությունը չպետք է հակադրել: Ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները չպետք է հակադրել: Ժողովրդավարությունը եւ ազգային անվտանգությունը չպետք է հակադրել: Ժողովրդավարությունը եւ օրենքի գերիշխանությունը չպետք է հակադրել: Դրանք միասնական են»,- գտնում է Հ. Աղաջանյանը:
Քննարկման ընթացքում շոշափվեց նաեւ ազգային մտածելակերպի (մենթալիտետի) հարցը եւ դրա ազդեցությունն ընթացիկ գործընթացների վրա։ Օրինակ, ըստ Ռուբեն Անգալադյանի, ժողովրդավարության հիմքում ազգի մտածողությունն է ընկած: “P-Art” ընկերության տնօրեն Կարեն Քոչարյանիը նկատեց, որ ազգային մտածելակերպը կարող է փոխվել, եւ այսօրվա անընկալելի օրենքները 10 տարի հետո կարող են դառնալ ընդունելի:
Իսկ Գառնիկ Ասատրյանն անընդունելի է համարում «հայկական մենթալիտետ» կոչվածի նկատմամբ բացասական տեսակետը։ «Մեր ժողովրդի մեջ գոյություն ունի վերջին տարիներին տարածված մոլորություն, իբր թե մեր ժողովրդի մենթալիտետն արեւելյան, կարգուկանոն չճանաչող մտածողություն է` հիմնված սովետական իրավունքի վրա: Որպես արեւելագետ` ասեմ, որ մեր ժողովուրդը բարձր մենթալիտետով ժողովուրդ է, կարգապահ, մտածող»,- ասաց Գ. Ասատրյանը՝ հիշեցնելով, որ, օրինակ, Իրանում խորհրդարան չեն կարող մտնել բուհ չավարտածները, քրեական հետապնդման երբեւէ ենթարկվածները, արվամոլները եւ այլն: «Եթե նման օրենքներ մենք էլ ունենայինք, այսօրվա ԱԺ-ն միանգամայն այլ դեմք կունենար, անկախ նրանից` դա դեմոկրատական կլիներ, թե ոչ: Փաստորեն, մենք կստեղծեինք դեմոկրատական մոդել` հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները»:
Լիովին համաձայնելով Գ. Ասատրյանի հետ՝ «168 Ժամի» գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն անդրադարձավ այն փաստին, որ օրենքները տարբեր ձեւերով են ազդում առանձին սուբյեկտների վրա: «Ոչ մի օրենք թույլ չի տալիս կարմիր լույսի տակով անցնել կամ մաքսատուրքերից խուսափել, բայց օրենքը նույն կերպով չի գործում տարբեր անձանց համար»,- ասում է Ս. Սեյրանյանը: Անդրանիկ Մարգարյանն այս փաստը բացատրում է «ՀՀ քաղաքացու» հոգեբանության բացակայությամբ: «Ես չեմ մեղադրում մեր ժողովրդին: Մեղադրում եմ ճակատագրին, որ չենք ունեցել պետականություն, որ պետության նկատմամբ պարտավորությունները հստակ չենք գիտակցում: Նոր գործարարները, նոր սերունդը շատ ավելի լավ են անում, քան մենք: Մենք անում ենք այն, ինչ սովորել ենք, ինչպես դաստիարակվել ենք: Ինչպե՞ս կարող ենք մի գիշերվա կամ 15 տարվա մեջ մեր հոգեբանությունը փոխել»,- ասում է Ա. Մարգարյանը:
Ամփոփելով՝ հիշենք հայտնի առակներից մեկը: Հինգ կույր իմաստուններ ցանկանում են իմանալ, թե ինչ է փիղը: Մի անգամ իրենց քաղաք է գալիս թափառող կրկեսը` իր հետ բերելով մի փիղ: Ելույթից հետո իմաստունները որոշում են ուսումնասիրել այդ խորհրդավոր կենդանուն: Նրանք փղին շոշափում են տարբեր կողմերից եւ փոխանակում իրենց տպավորությունները: Իմաստուններից մեկը, շոշափելով փղի ականջը, հայտարարում է, որ կենդանին լայն է ու թավշյա, ինչպես գորգը: Մյուսը, որ բարձրացել էր փղի մեջքին, ասում է, որ այն բարձր է ու ամուր` լեռան նման: Երրորդը շոշափում է կնճիթը եւ գտնում, որ փիղը նման է խողովակի: Չորրորդը` փղի ոտքին փարված իմաստունը, հավատացնում է, որ այդ կենդանին սյուն է: Իսկ հինգերորդը, որին բաժին է ընկնում կենդանու պոչը, որոշում է, որ փիղը վրձնի նման ինչ-որ բան է…
Ժողովրդավարությանը նվիրված քննարկման մասնակիցները, որքան էլ տարբեր տեսանկյուններից փորձեցին դիտել կառավարման այս համակարգն, այնուամենայնիվ, ընդհանուր հայտարարի չեկան (ինչը բնական է), թե Հայաստանին պե՞տք է արդյոք ժողովրդավարություն, թե՞ ոչ: Դժվար էր ճշգրիտ բնորոշել «փղին». ժողովրդավարության հստակ սահմանում այդպես էլ չտրվեց: Նույնիսկ կարծիքներ հնչեցին, որ «փիղ» ընդհանրապես գոյություն չունի, այն պատրանք է: Քննարկման սկզբում մասնակիցները, կարծես թե, չէին կասկածում ժողովրդավարության անհրաժեշտության մասին: Բայց երբ սկսեցին դիտարկել դրա առանձին բաղադրիչները (էլեկտորալ դեմոկրատիա, օրենքի գերակայություն, տնտեսության ազատականացում, քաղաքացիական ինստիտուտների ձեւավորում) եւ դրանք փորձել անցկացնել «ազգային խողովակով», մասնակիցներից ոմանք կարծիք հայտնեցին, որ Հայաստանի համար ժողովրդավարությունը վտանգավոր է, բայց, միեւնույն ժամանակ, կառավարման այս ձեւին ոչ ոք չկարողացավ հստակ այլընտրանք առաջարկել:
«Պրեսսինգ» փակ ակումբն այսուհետ պարբերաբար քննարկումներ է կազմակերպելու հասարակությանը հուզող տարբեր հարցերի շուրջ՝ մասնագետների, պաշտոնյաների, քաղաքական գործիչների, լրագրողների, իրավաբանների եւ գործարարների մասնակցությամբ։ Քննարկումների ընթացքում հնչած մտքերին եւ եզրահանգումներին կարող եք ծանոթանալ «168 Ժամի» էջերում եւ հայտնել ձեր տեսակետը։
Հաջորդ քննարկումը նվիրված է լինելու դրամի արժեւորման հետեւանքներին։