Վրաստանի «Ջորջիան Թայմս» թերթի հաղորդմամբ` Վրացական նոր օդանավակայանը, որը կառուցում է թուրքական «Թավ Ուրբան Ջորջիա» ընկերությունը, արդեն փլվում է: Մի քանի օր առաջ կառուցվող շենքի երկաթյա շինվածքները փլվել են: Դրանց տակ են մնացել վեց թուրք բանվորներ: Տուժածներին անմիջապես օգնություն է ցույց տրվել թբիլիսյան հիվանդանոցներում: Բայց նրանցից մեկի վիճակը դեռեւս ծանր է եւ լուրջ անհանգստություն է առաջացնում: Թերթի աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ փլուզումը տեղի է ունեցել ինժեներական սխալ հաշվարկների եւ շինարարության նկատմամբ անփույթ վերաբերմունքի պատճառով: Թերթը գրում է, որ այսքանից հետո դժվար է ասել՝ որքանով անվտանգ կլինի նոր օդանավակայանն ուղեւորների համար, քանի որ մինչեւ շինարարության ավարտը դեռ շատ ժամանակ կա, իսկ այն արդեն փլվում է. «Այսպես, թե այնպես, վրացական օդանավակայանն արդեն խայտառակվել է: Իսկ չէ՞ որ դեռ չի դադարել դրա սեփականաշնորհման հետ կապված խայտառակությունը. մերժում ստացած ոմն ավստրիական ընկերություն սպառնում է դատավարությամբ, պնդելով, որ թուրքական ընկերությունը իրականացվող շինարարության կապալը ստացել է ապօրինաբար՝ մրցույթն ընթացել է խախտումներով: Իշխանություններին էլ, երեւում է, անհանգստացնում է միայն այն, որպեսզի օդանավակայանը բացվի «վարդերի հեղափոխության» երրորդ տարելիցին: Եվ դրանով նույնպես կարելի է բացատրել, որ թուրքական ընկերությունը կառուցում է արագացված տեմպերով, ինչը կարող է ուղեկցվել տեխնոլոգիական խախտումներով, ինչն էլ իր հերթին կարող էր առաջացնել շինվածքների փլուզում: Մնում է հուսալ, որ սա վերջին փլուզումն է եւ «կարմիր ժապավենը» կկտրվի ժամանակին»: Օդանավակայանի ղեկավարությունը գործի է դրել բոլոր ուժերը, որպեսզի կոծկի այս պատմությունը: Բայց իշխանություններին արդեն հայտնի են «Թավ Ուրբան Ջորջիայի» միջանկյալ գործունեության արդյունքները:
«Ջորջիան Թայմսի» հետ զրույցում ընկերության գլխավոր քարտուղար Գուլչու Բաթքիրն ընդգծել է, որ ընկերությունն իր կողմից միջադեպի մասին տեղեկացրել է բոլոր անհրաժեշտ ատյաններին, ինչպես նաեւ ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ տուժել են միայն Թուրքիայի քաղաքացիներ, այլ ոչ՝ Վրաստանի. «Հատկապես վերջին հանգամանքով է Գուլչու Բաթքիրը բացատրում այն, որ վրացական կողմից ոչ մի արձագանք չի հետեւել՝ իբր, եթե տուժած լինեին Վրաստանի քաղաքացիներ, ապա բավական մեծ աղմուկ կբարձրանար: Եվ, հավանաբար, նա ճիշտ է»:
www.mediadialogue.org