Միլլերը մերժե՞ց Չուբայսին

22/09/2006

Սեպտեմբերի 19-ին «Գազպրոմ» ԲԲԸ նախագահ Ալեքսեյ Միլլերը եւ «ՌԱՕ ԵԷՍ» ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսն աշխատանքային հանդիպում են ունեցել «Գազպրոմի» կենտրոնական գրասենյակում: «Չուբայսի խնդիրներին ավելացել է եւս մեկը,- գրում է ռուսական «Վեդոմոստին»: -Ցուրտ ձմռանը եւ էներգիայի սպառման աճին գումարվել է էլեկտրակայանների համար գազի անբավարարությունը: Գազ ձեռք բերելու համար «ՌԱՕ ԵԷՍ»-ի ղեկավարը գնացել է Նամետկինի փողոց՝ «Գազպրոմի» շտաբ-գրասենյակ»: Սակայն, ըստ «Վեդոմոստիի», Չուբայսը ձեռնունայն է վերադարձել: Միլլերն այդքան հավելյալ գազ չունի: Հիշեցնենք, որ ռուսական այս 2 հսկա ընկերություններն էլ Հայաստանում իրենց մեծ ներդրումներն ունեն, ուստի Միլլերի եւ Չուբայսի՝ նույնիսկ անձնական հարաբերությունները կարող են ուղղակիորեն անդրադառնալ ՀՀ տնտեսության վրա: