ՀՀ պաշտպանության նախարար, նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը երեկ, մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանի օրակարգում ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության անդամ երկրների տարածքներում սառեցված հակամարտությունների մասին հարցի ընդգրկումը, ասել է. «Մենք միշտ պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած շրջադարձի, քանի որ հարցն անմիջականորեն կապված է մեր անվտանգությանն ու մեր ապագային»: «Համոզված եմ, որ համապատասխան մարմինները պատրաստ են այդ գործընթացին»,- հավելել է Սարգսյանը: «Regnum»-ը փոխանցում է նաեւ ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանի խոսքերը, թե սառեցված հակամարտությունների մասին հարցի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում ընդգրկելու` ՎՈՒԱՄ-ի նախաձեռնության եւ ԼՂ-ն հակամարտության կարգավորման բանակցություններում ներգրավելու միջեւ որեւէ կապ չկա: «Տվյալ դեպքում Ադրբեջանը եւ ՎՈՒԱՄ-ի անդամ մյուս երկրները հետապնդում են քարոզչական նպատակներ»,- ավելացրել է Ա. Ղուկասյանը: Նրա խոսքերով` խնդիրն այստեղ այլ է` առանց ԼՂ-ի մասնակցության հնարավոր չէ լուծել հիմնախնդիրը: «Վաղ թե ուշ բոլորը գալու են այդ համոզման»,- ասել է ԼՂՀ նախագահը: