Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեմ է արտահայտվել հետխորհրդային տարածքի սառեցված հակամարտությունների քննարկմանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: «Չեմ տեսնում, թե ինչպես կարող է դա օգնել հակամարտությունների կարգավորմանը: Դա զուտ քարոզչական բանավեճ է լինելու, որը միմյանցից ավելի կվանի կողմերին, մանավանդ, որ ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները հնարավորություն չեն ունենալու հնչեցնել իրենց դիրքորոշումը»,- Նյու Յորքում ասել է ՌԴ արտգործնախարարը: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովն էլ երեկ ասել է, թե հարցի ընդգրկումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի օրակարգում նշանակում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի մի մասի օկուպացման հետ կապված բոլոր հարցերի քննարկում: «Այսպիսով, Գլխավոր ասամբլեան եւս մեկ անգամ կքննարկի այն հարցերը, որոնք կապված են երկարատեւ օկուպացիայի եւ գրավյալ տարածքներում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերի չկատարման հետ»,- նշել է Մամեդովը: