Երբ Երկիր մոլորակը դեռ նոր էր թեւակոխում 21-րդ դար, մարդիկ փորձում էին ինչ-որ անուններ տալ գալիք ժամանակաշրջանին` այդկերպ, կարծես, կանխորոշելով իրենց ապագան: 21-րդ դարը` տեղեկատվական պատերազմների դար, սեռական փոքրամասնությունների դար, մասսայական ոչնչացման զենքի դար, ինչու չէ, նաեւ մուտանտների դար: Երանելի եւ չարաբաստիկ քաղաքակրթությունը 21-րդ դարում շարունակում է ծաղկունք ապրել, եւ այդ ծաղիկների պտուղները, ուղիղ եւ փոխաբերական իմաստով, արդեն ճաշակում ենք: Գենետիկորեն փոփոխված կամ այսպես կոչված, տրանսգեն օրգանիզմների մասին աղմուկը Հայաստանում բարձրացավ մի քանի տարի առաջ, երբ սոյայից պատրաստված մանկական սննդից թունավորումների դեպքեր եղան: Դրանից հետո կրքերը հանդարտվեցին, սակայն տրանսգեն սերմերն ու սննդամթերքը չդադարեց երկիր ներմուծվել, իսկ ողջ աշխարհը մինչեւ օրս աղաղակում է այս մասին` առաջ քաշելով միմյանց հակասող փաստարկներ: «Առաջընթացի» կողմնակիցները պնդում են, որ գենետիկորեն փոփոխված սննդամթերքն ավելի բարձր կալորիականություն ունի, իսկ այսպիսի սերմերը ավելի շատ բերք են տալիս: Օրինակ, տրանսգեն ցորենը, որը չորային եղանակին դիմանում է շնորհիվ իր մեջ տեղադրված ուղտափուշի գենի, կարող է աճել եւ բերք տալ նույնիսկ Սահարայի անապատում` փրկելով Աֆրիկյան երկրները սովից: Հակառակ կարծիք կա, որ բիոտեխնոլոգների նպատակն այլ է` ապրանքի գրավիչ տեսքի երկարատեւ պահպանումը եւ տարբեր գրգռիչների` պեստիցիդների ու հերբիցիդների նկատմամբ բույսերի դիմացկունության բարձրացումը: Բացի այդ, գենետիկական միջամտությունների արդյունքում որոշ բույսեր ձեռք են բերում միջատասպան հատկություններ եւ ոչնչացնում նաեւ օգտակար միջատներն ու բույսերը: Տրանսգեն օրգանիզմները բավականաչափ ուսումնասիրված չեն, որպեսզի նրանց վտանգավոր լինելու կամ չլինելու մասին արվեն կոնկրետ եզրակացություններ: Սակայն արդեն այսօր գենետիկներն ասում են, որ այս սննդամթերքի օգտագործումը կարող է փոխել մարդու նյութափոխանակությունը, քանի որ նոր գենետիկական կազմով սնունդը յուրացնելու համար «անփորձ» օրգանիզմին հարկավոր կլինեն նոր ֆերմենտներ, որոնք ի ծնե օրգանիզմում չկան եւ երբեւէ չեն արտադրվել: Տրանսգեն սննդամթերքը հաճախ պարունակում է մեծ քանակությամբ քաղցկեղածին, տոքսիկ եւ ալերգիկ նյութեր: Այն կարող է իջեցնել հակաբիոտիկների նկատմամբ որոշ մանրէների զգայունությունը, ինչը երկարացնում ու բարդացնում է բուժման ընթացքը: Բայց որոշ գիտնականներ էլ պարծանքով հայտնում են, որ արդեն գոյություն ունի հեպատիտ C-ի նկատմամբ իմունիտետով կարտոֆիլի տեսակ: Կա նաեւ տրանսգեն կարտոֆիլի այնպիսի տեսակ, որին հայտնի վնասատու կոլորադյան բզեզը նույնիսկ չի մոտենում: Տրանսգեն սննդամթերքի լինել-չլինելու հարցը շատ երկրներում հստակ որոշված է: Եվրոպան օրինականացրել է տրանսգեն օրգանիզմների երեքամյա մորատորիումի որոշումը, իսկ Ռուսաստանում ընդունվել է օրենք տրանսգեն օրգանիզմների մասին, որոնց համար հատկացվում են հատուկ փորձարկման տարածքներ եւ բազմամյա փորձարկումներից հետո միայն հարց կբարձրացվի այսպիսի ծագումով սննդամթերքի շուկա մտնելու մասին: Այսուամենայնիվ, ռուս գիտնականները նամակ են հղել նախագահ Վ.Պուտինին, որում ասվում է, թե Ռուսաստանը գնալով ավելի է նմանվում արտասահմանյան բիոտեխնոլոգիաների համար փորձադաշտի:
Սննդամթերքը` ժամանակակից Ֆրանկենսթայնների թիրախ
Աշխարհի մասշտաբով տրանսգեն սննդամթերք արտադրող ամենամեծ երկրներն են ԱՄՆ-ը, Արգենտինան եւ Կանադան: Փորձարկումների, գովազդի եւ մարքեթինգի վրա ահռելի գումարներ ծախսելով հանդերձ, այս երկրների խոշոր ընկերությունները, ինչպիսիք են տրանսգեն սոյա, ցորեն, եգիպտացորեն, կարտոֆիլ արտադրող Monsanto, Dupont եւ Dow Chemicals կորպորացիաները, այսօր կարող են մեծ վնասներ կրել: Բացի Եվրոպայից եւ Ռուսաստանից, նաեւ Ճապոնիան է արգելել գենետիկորեն փոփոխված սննդամթերքի ներմուծումը:
Պաշտոնապես ներկայումս Հայաստանի շուկայում նույնպես տրանսգեն սերմեր չկան: Դրանք ներկրվել էին 2-3 տարի առաջ, երբ որպես օգնություն անվճար բաժանվում էին գյուղացիներին: Այս առաքելությունն իրականացնում էին ATG, USAID, USDA կազմակերպությունները: Հետաքրքրվեցինք, թե արդյոք USDA` ԱՄՆ Գյուղդեպարտամենտի` մարքեթինգի աջակցությունը ունի՞ նման ծրագիր: Պարզվեց, որ ժամանակին եղել է, բայց այժմ ծրագիրը փակվել է: Գուցե հենց այն պատճառով, որ մեկ տարի առաջ սկսվեցին սերմերի մասին օրենքի նախագծի մշակման աշխատանքները: Հայտնի է, որ տրանսգեն սննդամթերք արտադրողները խուսափում են պիտակավորել իրենց արտադրանքը, քանի որ նույնիսկ Միացյալ Նահանգներում, ուր այդքան տարածված եւ ընդունված է ԳՄ սնունդը, սոցիալական հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիների 80-90%-ը կողմ է պարտադիր պիտակավորմանը, իսկ 60%-ը, պիտակի առկայության դեպքում, կհրաժարվեր այդ սննդամթերքը գնելուց: Ներկայիս օրենքի նախագիծը սահմանում է սերմերի ներմուծման հավաստագրման կարգ, ինչը նշանակում է, որ այսուհետ ներկրվող սերմերը պետք է անցնեն սերտիֆիկացիա, որում նշվում է սերմի ծագումը, տեսակը, պիտանելիությունը եւ այլ հատկանիշներ: Ինչպես տեղեկացանք Գյուղատնտեսության նախարարությունից, ցորենը, եգիպտացորենը, սոյան եւ դրանց սերմերն այժմ բերվում են Ռուսաստանից: Կարտոֆիլի սերմացուն գնվում է հայ-հոլանդական «Agrico» ընկերությունից: Ինչ վերաբերում է ներմուծվող տրանսգեն սննդամթերքին` հիմնականում կենդանական ծագմանը, ապա բացի այն, որ պիտակավորում նորից չկա, չկան նաեւ սննդի ծագումը հայտնաբերող լաբորատորիաներ: Շատերս սովորել ենք գուշակել սննդի «ազգությունը» նրա տեսքից կամ համից:
Տրանսգեն սննդամթերք արտադրող երկրների վարած բիզնես քաղաքականությունը, իրենց օգնություն տրամադրելու կեցվածքով, իրականում ուղղված է իրենց իսկ բարօրությանը: Մեխանիզմն ավելի քան պարզ է` օգնության անվան տակ սպառել այն, ինչից սեփական երկրի մարդիկ հրաժարվում են: Իսկ սելեկցիոնիստները նաեւ կախվածության մեջ են պահում «հաճախորդ» երկրներին` վաճառելով նրանց հիբրիդային առաջին սերնդի սերմեր, որոնք երկրորդ սերնդում անպտուղ են` այդ կերպ ստիպելով ամեն տարի գնել սերմերի նոր խմբաքանակ:
Հայ գիտնականները կարեւորում են կենսաբազմազանության անվտանգությունը: Տրանսգեն օրգանիզմները կարող են վնասել ոչ միայն մարդուն եւ կենդանիներին, այլեւ վերափոխել բնությունը: Հայաստանն ունի հացահատիկի վայրի տեսակների հարուստ գենոֆոնդ, որոնք կորցնելու վտանգ է առաջանում՝ տրանսգեն օրգանիզմների հետ հանկարծակի խաչասերվելու դեպքում: