Ռոմանտիկ վեհաժողով

22/09/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Երեկ ավարտվեց սեպտեմբերի 18-ին մեկնարկած «Հայաստան-Սփյուռք» երրորդ խորհրդաժողովը, որին մասնակցելու նպատակով Երեւան էին ժամանել բազմաթիվ սփյուռքահայեր՝ աշխարհի բազմաթիվ երկրներից: Ինչպես նշում են խորհրդաժողովի կազմակերպիչները, այս համաժողովն աննախադեպ էր մասնակիցների քանակով եւ աշխարհագրությամբ:

Եռօրյա համաժողովի ընթացքում հնչեցին բազմաթիվ ելույթներ, եղան տարբեր կոչեր ու առաջարկություններ` սփյուռքի ներուժն օգտագործելու, սփյուռքում հայապահպանությանն ուղղված ՀՀ քայլերի եւ այլնի մասին: Սակայն խորհրդաժողովն ավելի շատ վերածվեց փոխադարձ ցանկություն-պահանջների առաջադրման առիթի. սփյուռքահայերից ոմանք Հայաստանից պահանջում էին վերադառնալ մեսրոպյան ուղղագրությանը, ՀՀ ԱԺ-ում սփյուռքի ներկայացուցիչներին գոնե մի 10 տեղ հատկացնել, ՀՀ-ում ստեղծել «սփյուռքի նախարարություն» եւ այլն: Իսկ հայաստանաբնակներն էլ շատ էին ցանկանում, որպեսզի օգտագործվի սփյուռքի ողջ ներուժը, ընդ որում, որպես կանոն, այս «ներուժ օգտագործել» բառակապակցության տակ տվյալ դեպքում հասկացվում է հնարավորինս շատ փող նվիրաբերել ՀՀ-ում կամ Արցախում այս կամ այն ծրագիրն իրականացնելուն: Քննարկվող թեմաներից էր նաեւ ՀՀ գյուղական աղքատության վերացման ծրագիրը, ցեղասպանության ճանաչման հարցը, երկքաղաքացիությունը եւ այլն, սակայն խորհրդաժողովի ընթացքում հնչած ելույթներն աչքի էին ընկնում կոնկրետ ասելիքի գրեթե կամ իսպառ բացակայությամբ: Տպավորությունն այնպիսին էր, թե խորհրդաժողովի բազմաթիվ մասնակիցներ Հայաստան են ժամանել ոչ թե ինչ-որ կոնկրետ գործ անելու, այլ պարզապես Հայաստանում լինելու եւ ՀՀ տեսարժան վայրերն այցելելու նպատակով: Այլ կերպ ասած` նրանցից շատերը պարզապես էքսկուրսիա էին եկել Հայաստան: Խորհրդաժողովի մասնակից մեր հայրենակիցներից մի քանիսից փորձեցինք պարզել, թե կոնկրետ իրենք ի՞նչ ակնկալիքներով են մասնակցում այս խորհրդաժողովին, ի՞նչ են անելու կոնկրետ խորհրդաժողովի ընթացքում հնչած բազմաթիվ վեհ նպատակներն իրականացնելու համար: Ամեն անգամ, սակայն, մեր զրուցակիցները նախ նշում էին, որ «Հայաստան-Սփյուռք» համաժողովները շատ լավ բան են, որ ընդհանրապես իրենց հայրենիքը, այսինքն` Հայաստանը, շատ լավ ու գեղեցիկ երկիր է, որ իրենք իրենց այստեղ շատ լավ են զգում, որ Մասիսը պարզապես հիասքանչ է, եւ նման այլ բաներ, ու ավելացնում, որ սփյուռքն ու Հայաստանը պետք է միավորեն իրենց ուժերն, ու այդ դեպքում հայերը շատ հզոր կլինեն աշխարհում: Իսկ միավորվելու եւ համատեղ ինչ-որ ծրագրերի մասին մտորելու համար, նրանց կարծիքով, Երեւանում անցկացվող նմանօրինակ խորհրդաժողովները շատ կարեւոր են, քանի որ թիկունքիդ զգում ես Մասիսը: Նրանցից ոմանք էլ ցանկություն հայտնեցին, որ հաջորդ անգամ, երբ իրենք հայրենիք ժամանեն ու նայեն Մասիսին, առաջ տեսնեն մեծ Մասիսը, հետո նոր փոքրը: Եվ ընդհանրապես, զգացական մոտեցումներն ու ելույթները խորհրդաժողովի ընթացքում գերակշռող էին, սակայն եղան նաեւ սթափեցնող կոչեր եւ ելույթներ: Օրինակ` երեկ, խորհրդաժողովի փակման օրը ելույթ ունեցավ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը եւ կոչ արեց զերծ մնալ զգացմունքային մակարդակից եւ տեղափոխվել լուրջ, գիտական, համակարգային գործակցության մակարդակ: Գ. Հարությունյանի համոզմամբ` մենք այսօր չենք կարողանում մարդկությանը նետված մարտահրավերների ընդհանուր համատեքստում ճիշտ իմաստավորել մեր ներկա կացությունը եւ նաեւ դրան համապատասխան կառուցել ապագայի մոտեցումները: «Հարցադրումներ են կատարվում` «օգտագործենք սփյուռքի ներուժը»: Սփյուռքն օգտագործելու ապրանք չէ: Այստեղ խոսքը գնում է ոչ թե մեկը մյուսին օգտագործելու, այլ նրա մասին, որ այսօր մենք պատմական նույն ճակատագրի կրողներն ենք: Առաջին հերթին պետք է կարողանանք տարբերակել, թե որո՞նք են գերակայությունները, որո՞նք են առաջնահերթությունները: Լսեք մեր հարցադրումներն ու խոսակցությունները. մենք չենք տարբերում նպատակը, խնդիրը, միջոցը…: Չենք տարբերում շատ հասկացություններ եւ այդ խառնաշփոթի մեջ մենք երբեք չենք կարող ծրագրային լրջագույն խնդիրներ լուծել»,- նշեց Գ. Հարությունյանը: Ըստ նրա, եթե փորձենք հստակեցնել այդ առաջնահերթությունները, կտեսնենք, որ պետականության կայացումը գերխնդիր է, որովհետեւ առանց պետականության ազգի ապագան է վտանգվում: ՍԴ նախագահի խոսքերով` սփյուռքի հետ գործակցության այն մեխանիզմները, որոնք այսօր գոյություն ունեն, կամ այն առաջարկները, որոնք արվում են, լուծումներ չեն կամ կիսալուծումներ են: Իսկ Հայաստանում սփյուռքի նախարարության կամ ինչ-որ կոմիտեի ստեղծումն, ըստ Գ. Հարությունյանի, «երեկ է. դա վաղը չէ»: «Հայաստանից նախարարության կամ կոմիտեի միջոցով այդ հարաբերությունները կառավարելն անհնարին է եւ համահունչ չէ այն մարտահրավերներին, որոնք այսօր գոյություն ունեն»,- համոզված է ՍԴ նախագահը: Բավական ուշագրավ էր նաեւ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչ Պետրոս Թերզյանի ելույթը, որի ընթացքում նա նախ նշեց, որ սփյուռքի տարեկան եկամուտը հասնում է հարյուր միլիարդ դոլարի, որի միայն մի չնչին մասն է այս կամ այն տեսքով հասնում Հայաստան, ապա ավելացրեց, թե որպեսզի սփյուռքն իր բոլոր հնարավորություններով նպաստի Հայաստանի հզորացմանը, այն պետք է «հպարտ զգա Հայաստանով»: Նա նշեց նաեւ, որ ազգապահպանման գաղափարախոսությունն արդեն «շնչասպառ է, եւ պետք է հենվելու նոր կետ առաջ քաշվի»: Ըստ Պ. Թերզյանի, այդ հենվելու կետը Հայաստանն է, «բայց ոչ այս Հայաստանը»: «Մեզ պետք է մի երկիր, որը մեզ հպարտություն տա. ժողովրդավար եղեք, արդար եղեք, վերացրեք կոռուպցիան,- հայտարարեց Պ. Թերզյանը, ինչին հաջորդեցին ներկաների բուռն ծափահարությունները, որից հետո Պ. Թերզյանը շարունակեց,- Եթե չտաք մեզ այս ամենը, մենք չենք կարող ձեզ օգնել: Դուք կատարեք ձեր պարտականությունը, մենք էլ կկատարենք մեր պարտականությունը»: Իսկ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ խորհրդաժողովում երեկ ունեցած իր ելույթի ընթացքում նշեց, թե պատիվ ունի հայտարարելու, որ մինչեւ այս տարվա ավարտը ՀՀ ԱԺ-ն կընդունի երկքաղաքացիության մասին օրենքը: Այս հայտարարությանը եւս դահլիճը ծափահարություններով արձագանքեց: Հատկանշական է նաեւ, որ ՀՀ նախագահի ապագա թեկնածուի «շորեր հագած» Վ. Օսկանյանն իր ելույթն ավարտեց «21-րդ դարը մերն է լինելու» արտահայտությամբ: