ՍԻՄ-ում ի՞նչ է ծնում իրավունք

22/09/2006 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ 10 տարի եմ լինելու քաղաքականության մեջ, իսկ այդ 10 տարին` սկսած 1988թ., համընկավ 1998թ. նոր հույսերի հետ: Այդ պատճառով ես մնացի: Հենց այնպես չես կարող հեռանալ, եթե ինչ-որ բան ես ստեղծել, պետք է անպայման փոխարինող պատրաստես, եւ այդ պոտենցիալ փոխարինողը Հայկ Բաբուխանյանն էր: Ես պետք է վստահ լինեի, որ հուսալի ձեռքում եմ թողնում կուսակցությունը: Ցավոք սրտի, այդպես չստացվեց»,- երեկ հայտարարել է Հրանտ Խաչատրյանը` ավելացնելով, որ թեեւ իր հրաժարականը ՍԻՄ-ը փրկելու համար է, բայց միեւնույն է` ՍԻՄ-ն այլեւս որպես կուսակցություն գոյություն չունի, հետեւաբար այդ կուսակցությանը նախագահ պետք չէ` լինի լա՞վ, թե՞ վատ նախագահ: Ի դեպ, Հ. Խաչատրյանը երեկ նաեւ հայտարարել է, որ ՍԻՄ-ի տարածքը` 140 քմ, որտեղ նաեւ «Իրավունքի» խմբագրությունն է, ՍԻՄ-ի սեփականությունն է, քանի որ բանակցությունների շնորհիվ իրեն հաջողվել է տարածքը գնել ուղղակի վաճառքի միջոցով:

Իսկ Հայկ Բաբուխանյանն, ով առաջիկայում «կհռչակվի» ՍԻՄ նախագահ, առաջիկայում կփորձի նաեւ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալելու փորձեր անել: Այլ հարց է` կստացվի՞, թե՞ ոչ: Բայց որ կանի` հաստատ:

Կոռեկտ չէ

Հայկ Բաբուխանյանից, ում համարում են Հրանտ Խաչատրյանին ՍԻՄ նախագահի պաշտոնից «քցողը», հետաքրքրվեցինք.

– Ինչպե՞ս եք ձեզ զգում Հրանտ Խաչատրյանի հրաժարականից հետո:

– Զգում եմ աշխատանքային, որովհետեւ Հրանտ Խաչատրյանը նախապես ասել էր, որ իր հրաժարականը տալու է, ու ես համապատասխան եմ ինձ զգում:

– Ի՞նչ եք կարծում` ձեր քա՞յլն էր բարոյական, թե՞ Հրանտ Խաչատրյանինը, ով, լինելով ՍԻՄ-ի հիմնադիր, ՍԻՄ-ը փրկելու համար հրաժարական տվեց:

– Ուրեմն` ինչքան Հրանտ Խաչատրյանն է հիմնադիր, այնքան էլ ես եմ հիմնադիր. այնքան էլ հիմնադիր են մոտավորապես 120 հոգի մարդ, ովքեր մեր կուսակցության անդամներն են: Եվ ձեր հարցը որեւէ առնչություն չունի բարոյականության հետ, այլ կապ ունի կուսակցության կանոնադրության հետ, որը եւ իրագործվում է:

– Ասում են, որ դուք ՍԻՄ-ի որոշ անդամների ձեր կողմնակիցը դարձնելու համար ՍԻՄ-ի եւ «Իրավունքի» բյուջեից ոմանց երեխաների ուսման վարձն եք մարել, ոմանց էլ` բենզին եք տվել ու տալիս եք: Ճի՞շտ է:

– Ով նման բան ասել է, հնարավորություն ուներ ոչ թե զբաղվելու բամբասանքներով, այլ դիմելու մեր կուսակցության վերստուգիչ հանձնաժողով եւ ներկայացնելու փաստարկներ: Մնացածն ինձ հետաքրքիր չի:

– Նաեւ հետաքրքիր չե՞ն այն մեղադրանքները, որ Կարեն Վարդանյանն ուղղեց ձեզ` ասելով, որ դուք «հուդաներ» եք, դավաճաններ, ովքեր նույնիսկ հասարակության համար են վտանգ ներկայացնում եւ, որ ձեզ պետք է մեկուսացնել հասարակությունից:

– Պարտվել չկարողանալը… Այո, պարտվել պետք է կարողանալ, պարտվել պետք է արժանապատվորեն, որը նույնպես տղամարդկություն է պահանջում: Այն, որ մարդիկ պարտվել չեն կարողանում, իմ կարծիքով, դա իրենց դժբախտությունն է:

– Կարող ե՞ք ինձ հուշել այն մեթոդները, որոնք դուք կիրառեցիք ձեր նախագահին` Հրանտ Խաչատրյանին հեռացնելու համար: Գուցե մեզ էլ մի օր պետք գա մեր խմբագրին` մեր «շեֆին» «քցելու» համար:

– Ինչի՞ համար եմ կիրառել… Ուրեմն` ձեր հարցում կա ոչ կոռեկտություն, որովհետեւ ես նախագահին չեմ հեռացրել: Հակառակը` չեմ դրել իմ թեկնածությունը նախագահի պաշտոնում ընտրվելու համար, եւ կոչ եմ արել իմ կուսակիցներին Հրանտ Խաչատրյանին վերընտրել նախագահ, ինչը եւ իմ կուսակիցներն արել են: Մնացյալը պարոն Խաչատրյանի իրավունքն էր` օգտվել այդ աշխատանքի պաշտոնից կամ հրաժարական տալ:

– Ձեր կուսակիցները ձեզ մեղադրում են ՍԻՄ-ում կրիմինալ գործունեություն ծավալելու մեջ: Այսինքն` ճիշտ նույն բանի, ինչում դուք եք փորձում մեղադրել իշխանություններին: Այս ամենից հետո, ո՞նց եք հայտարարում, թե միանալու եք բոլոր այն ուժերին, ովքեր պայքարելու են կրիմինալի դեմ: Ինչո՞ւ էիք դիմադրում ձեր գործընկերներին, ովքեր փորձում էին ապացուցել, որ դուք կրիմինալ եք:

– Իմ կուսակիցները, ովքեր ինձ մեղադրում են դրանում, մեկ-երկու հոգի են: Կուսակցության 95 տոկոսը, դա 280 ձայն է, քվեարկել է իմ օգտին, ինձ աջակցելու եւ վստահելու համար: Ինչ վերաբերում է առանձին մարդկանց զրպարտանքներին, ապա արդեն իսկ իմ պահանջով համագումարը վերստուգիչ հանձնաժողովին հանձնարարեց ստուգել բերված բողոքները: Եվ եթե դրանց տակ կգտնվի գոնե մեկ փաստաթուղթ, եւ կես տոկոսով այդ մեղադրանքները բխած կլինեն իրականությունից եւ ոչ թե, ասենք, պատվեր կատարելու մղումից, այդ դեպքում ես հրաժարական կտամ: Եթե ոչ, ապա, ըստ կանոնադրության, պատասխան կտան այն զրպարտիչները, ովքեր փորձել են ցեխ քսել մեր կուսակցության իմիջին:

– Հրանտ Խաչատրյանին հանդիպե՞լ եք հրաժարականից հետո:

– Ոչ:

– Ցանկություն չունե՞ք, թե՞…

– Ես Հրանտ Խաչատրյանին համարում եմ իմ ընկերը, եւ իր հետ միշտ հանդիպելու ցանկություն ունեմ:

– Իսկ ձեր կարծիքով` ինքը ձեզ այսօր համարո՞ւմ է իր ընկերը:

– Իմ կարծիքով` այո:

Այ գրպանահատներ

Հրանտ Խաչատրյանի հրաժարականից հետո, սակայն, ՍԻՄ-ից դուրս չեն եկել նրա թիմակիցները, որոնց շարքում է նաեւ Կարեն Վարդանյանը: «ՍԻՄ-ում, փառք աստծո, նորմալ տղերք շատ կան, ու ոչ ոք չի համաձայնվում, որ այս ապօրինիները (Հայկ Բաբուխանյանն ու մյուսները:- Լ.Ս.) այսպես մնան ՍԻՄ-ում: Իրենք դա չեն մարսելու»,- վստահեցնում է Կ. Վարդանյանը` ավելացնելով, որ իրենք օրենքի, ՀՀ Սահմանադրության «ուժով հեղաշրջում կատարողներին պատժելու» ու վերականգնելու են իրավիճակը` բացահայտելով ՍԻՄ-ն «ապօրինի» բռնազավթածների իրականացրած բոլոր խախտումները: «Շատերս Հ. Խաչատրյանի նման շոկի մեջ չենք ընկել: Խաչատրյանը շոկի մեջ էր այն բանի համար, որ իր ամենամոտ մարդը` Բաբուխանյան Հայկը, կարող է իրեն այդ աստիճանի դավաճանել: Եվ իր քայլը որոշակիորեն պայմանավորված էր նաեւ դրանով: Իհարկե, պայմանավորված էր նաեւ նրանով, որ ինքը չէր կարող չկատարել իր խոստումը: Բայց շատ մեծ էր նաեւ առաջին պատճառը. եթե քաղաքականության մեջ քո ամենամտերիմը քեզ հետ այդպես է վարվում, էլ ի՞նչ իմաստ ունի հետագայում քաղաքականությամբ զբաղվել,- Հ. Խաչատրյանի հրաժարականն այսպես է մեկնաբանում Կ. Վարդանյանը:

Ի պատասխան Հայկ Բաբուխանյանի վերոհիշյալ հայտարարությանը, թե իր հասցեին հնչող մեղադրանքները զրպարտություններ են, Կ. Վարդանյանը մեզ խորհուրդ տվեց շատ արխիվներ չփորփրել, եւ ՍԻՄ-ում հեղաշրջում իրականացնողների «հանցավորությունը» բացահայտելու համար կարդալ ՍԻՄ-ի վերջին` 10-րդ համաժողովի ղեկավար մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ թիվ 1 արձանագրությունը: Բանն այն է, որ այդ համաժողովին մասնակցել է 296 հոգի, որոնցից քվեաթերթիկ է ստացել 276 պատվիրակ: Իսկ ըստ ՍԻՄ կանոնադրության 3.3 կետի «է» ենթակետի, բոլոր որոշումները, հատկապես` անձի վերաբերյալ քվեարկությունները, համարվում են կայացած, եթե քվեարկության արդյունքում արժանանում են ներկաների կեսից ավելիի ձայներին: Սակայն ՍԻՄ նախագահության անդամներից ոչ ոք, որոնք այսօր իրենց հայտարարել են ՍԻՄ-ի տերերը, չի կարողացել հավաքել ներկաների ձայների կեսից ավելին: Ամենաշատ ձայնը հավաքել է Գեղամ Գրիգորյանը` 127 ձայն, սակայն, ՍԻՄ կանոնադրության վերոնշյալ կետի համաձայն, նա եւս չի կարող համարվել նախագահության ընտրված անդամ: «Բոլորը քիչ են հավաքել: Այսինքն` այդ ցուցակը, որը հրապարակվել է` ինքնակոչների ցուցակ է, ոնց որ` մեկը փողոցից գա ու հայտարարի, որ ինքը Հայկ Բաբուխանյանն է: Այդ մարդիկ ոչ միայն ապօրինի են, այլեւ իրենք համաձայնել են ապօրինի գործունեություն ծավալել: Եվ` իրենց հայտարարելով նախագահության անդամներ, միեւնույն ժամանակ իրենց դնում են օրենքից դուրս,- ասում է Կ. Վարդանյանը` նկատելով,- Իրենք ամեն օր «Իրավունքում» գրում են` իշխանություններն ընտրախախտումներ են անում, ընտրակաշառք են բաժանում, եւ այլն, բայց իրենք էլ են նույնն անում: Փաստն արձանագրությունն է: Սա նույն է, ինչ ընտրախախտումներով խորհրդարան մտած պատգամավորը: Հիմա էլ ՍԻՄ նախագահության անդամներն են: Տվյալ դեպքում` Գալաջյան Հովհաննեսի բարոյական ցուցանիշները չեն տարբերվում բացարձակ խախտումներով պատգամավոր դարձածի բարոյական չափանիշներից: Ինքն իրեն դրեց օրենքից դուրս: Ինքն, այսպես ասած, իր «մաստը» փոխեց: Ինքը հանդես էր գալիս ազգի, երկրի զարգացման դիրքերից եւ այլն, բայց հիմա ինքն էլ հավասարվեց բոլոր նրանց, ում մասին գրում էր: Ինքն այլեւս իրավունք չունի նման բաներ ասելու, գրելու: Այլեւս հանրապետությունում ցանկացած մարդ Բաբուխանյան Հայկին, Հովհաննես Գալաջյանին, Սարգսյան Քերոբին, Թաթոյան Ռուսլանին, Գրիգորյան Գեղամին կարող են ասել` «Արա, դուք ո՞վ եք, այ գրպանահատներ»: Սա է իրականությունը»: Կ. Վարդանյանը նաեւ հիշեցրեց այն պատմությունը, երբ Հրանտ Խաչատրյանը պահանջել էր բոլոր ընտրությունների հետ կապված փաստաթղթերը, որոնք ամբողջությամբ բացահայտում են այդ խախտումները, սակայն նորընտիր խորհուրդը` Հ. Բաբուխանյանի գլխավորությամբ, որոշում էր ընդունել` չտրամադրել դրանք: «Դա սաբոտաժ էր եւ կեղծ փաստաթղթերը թաքցնելու կոնկրետ փաստ»,- ասում է Կ. Վարդանյանը:

Ի դեպ, Կ. Վարդանյանը մեկ ուշագրավ փաստ էլ արձանագրեց. «Միակ թերթը, որը չանդրադարձավ Հրանտ Խաչատրյանի վերջին ասուլիսին` «Իրավունքն» էր: Ու այս թերթն իրեն համարում է անկախ: Փոխարենը` համագումարի մասին այնպիսի լենինյան կոմսոմոլի ոգով նյութ կար, որի միայն վերնագիրը կարդալով` կհիշես քո կոմսոմոլ անցյալը: Ոնց որ «Պրավդայի» վերնագիր լիներ»,- ասաց Կ. Վարդանյանը:

Հ.Գ. Մեր տեղեկություններով, Հայկ Բաբուխանյանը փորձում է այսպիսով ապահովել նաեւ 2007թ. ԱԺ ընտրություններին իր պատգամավոր դառնալու հարցը: Ասում են` Հ. Բաբուխանյանը պայմանավորվածություն ունի Արթուր Բաղդասարյանի հետ` «Օրինաց երկրի» ցուցակ մտնելու վերաբերյալ: Փոխարենը Բաբուխանյանը «Իրավունքով» պետք է ՕԵԿ գովքն անի ու սեւ PR նրանց նկատմամբ, ովքեր ՕԵԿ-ին թթու խոսք կասեն: