Ի՞նչ իրավունքներ կունենա երկքաղաքացին

22/09/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

«Հայաստան-Սփյուռք» երրորդ խորհրդաժողովի ընթացքում նախօրեին ելույթ է ունեցել նաեւ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա իր ելույթում անդրադարձել է երկքաղաքացիության խնդրին: Նախարարը նշել է, թե երկքաղաքացիության մասին օրենքը մշակելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ սփյուռքը գերազանցում է Հայաստանի բնակչությանը շուրջ երկու անգամ: Ըստ Դ. Հարությունյանի՝ մենք պարտադրված ենք հաշվի առնել Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը: Դ. Հարությունյանը թվարկել է երկքաղաքացիությանն ընդդիմացողների կողմից օգտագործվող փաստարկները, ինչպես նաեւ նշել է երկքաղաքացիության ընդունման անհրաժեշտությունը հիմնավորող փաստարկները: Երկքաղաքացիների զինապարտության հետ կապված հարցերով, ըստ նախարարի, կառավարությունն առաջարկում է հետեւյալ մոտեցումը. ՀՀ այն քաղաքացիները, ովքեր դեռեւս ՀՀ քաղաքացի են եւ ովքեր կստանան նաեւ այլ երկրի քաղաքացիություն, կդիտվեն զուտ որպես ՀՀ քաղաքացի, եւ նրանք պարտավոր են կրել զինվորական պարտադիր ծառայությունը ՀՀ-ում: Իսկ այլ երկրի քաղաքացիները, ովքեր կստանան նաեւ ՀՀ քաղաքացիություն, պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կլինեն, եթե նրանք այլ երկրում արդեն անցել են պարտադիր զինվորական ծառայություն: Իսկ երկքաղաքացիների ընտրական իրավունքի հետ կապված էլ նախարարը նշել է, թե համաձայն ՀՀ Սահմանադրության, օտարերկրացիները, անգամ եթե բնակվում են Հայաստանում, պետական մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք չունեն: «Կառավարության կարծիքով, այդպիսի իրավունք պետք է ընձեռվի երկքաղաքացիներին, պայմանով, որ նրանք այդ պահին գտնվում են Հայաստանի տարածքում: Ի դեպ, բացակայող քվեարկություն, այսինքն` քվեարկություն այլ երկրից, մեր կարծիքով, պետք է բացառվի նաեւ ՀՀ քաղաքացիների համար: Բացառություն կարող է արվել միմիայն դիվանագիտական ծառայողների համար, ովքեր գտնվում են այլ երկրում ի պաշտոնե»,- ասել է Դ. Հարությունյանը: Վերջինիս խոսքերով` տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվելու իրավունքը անհրաժեշտ է չսահմանափակել. երկքաղաքացիները նման հնարավորություն պետք է ունենան, եթե ապահովված է համապատասխան բնակության ցենզ համայնքում: «Սակայն, ի տարբերություն սրա, պետք է սահմանափակումներ մտցվեն Հանրապետության նախագահի եւ ԱԺ-ի պատգամավոր ընտրվելու հարցերում»,- ասել է նախարարը: Շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ քաղաքացի երկքաղաքացի պետք է դառնան միայն ազգությամբ հայերը, սակայն այստեղ էլ բնական հարց է ծագում, թե ինչպե՞ս են տարբերելու ասենք ուզբեկին պորտուգալացուց: Դ. Հարությունյանն անդրադարձել է նաեւ այս հարցին: Ըստ նրա, Սահմանադրական դրույթը, որ ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիություն ձեռք են բերում պարզեցված կարգով, անշուշտ, պահանջում է իր մեկնաբանությունը, եւ աշխարհի երկրների փորձն էլ վկայում է, որ այստեղ հնարավոր են տարբեր մեկնաբանություններ: «Սակայն մեր կարծիքով, պետք է սահմանափակվենք հետեւյալ ձեւակերպմամբ. եթե անձն ունի հայ նախնիներ, եւ կարող է դա ապացուցել: Եվ դա բավարար է, որպեսզի մենք համարենք ազգությամբ հայ լինելը»,- նշել է Դ. Հարությունյանը: