«Քոլիկները» գնել չի հաջողվել

22/09/2006

Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը մի քանի տարի առաջ գնել էր Երեւանի Աբովյան փողոցի վրա գտնվող Մանկական աշխարհ (ՑՈՒՄ) հանրախանութը, որի վերակառուցումը մինչ օրս չի ավարտել: Արա Աբրահամյանը ժամանակին այդ շենքի ետեւի մասում բավական մեծ նորակառույց է ավելացրել, որը պետք է շարունակվելով՝ միանա հանրախանութին ու դառնա մի ընդհանուր կառույց:

Շինարարների ասելով` մեծացրած հանրախանութի մի հատվածն ապագայում պետք է դառնա բիզնես կենտրոն եւ գրասենյակային տարածքներ առաջարկի գործարարներին: Իսկ մյուս հատվածը նախատեսված է առեւտրային տաղավարների համար: Արդեն մի քանի տարի է, ինչ սեփականատերը՝ Ա. Աբրահամյանը, չի կարողանում ավարտին հասցնել հանրախանութի «կցակառույցը»: «Այնտեղ կան քոլիկներ, մի 150 մետր, որ մեզ թույլ չեն տալիս մեր 2 շենքերը միացնել իրար, որ կարողանանք աշխատել,- օրեր առաջ լրագրողներին ասել էր Ա. Աբրահամյանը: -Եվ 3 տարի, այդ քոլիկների պատճառով, երկու հազար մարդ չի աշխատում»:

Պարզվում է, որ «քոլիկ» կոչվածը հայտնի «Մարկո Պոլո» սրճարանային համալիրն է: Բացի այդ սրճարանից, հանրախանութի առաջին հարկում կան նաեւ խանութներ: Սակայն շինարարությանը խանգարում է միայն «Մարկո Պոլոն», որովհետեւ սա էլ իր հերթին շենքի ետեւի կողմից ունի իր կցակառույցը՝ Ա. Աբրահամյանի ասած մոտ 150 մետր տարածքը: Այդ «քոլիկը» խանգարում է, որ հանրախանութի հին ու նոր շենքերը միանան իրար: Այս պահին շենքերի միջնամասում հիմք գցելու համար փոս է փորվում, ու սրճարանի կցակառույցը հայտնվել է փոսի եզրին: Շինարարների ասելով՝ իրենք չպետք է ձեռք տան այդ հատվածին, հանրախանութի հին շենքին միանալու են վերին հարկերում: Իսկ «Մարկո Պոլոյի» կցակառույցը մնալու է մեջտեղում: Սրճարանի տնօրենը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք «պրոբլեմ» չունեն ու Արա Աբրահամյանի հետ համաձայնության են եկել: Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել, որ կառուցողները` քանդելով իրենց կցակառույցը, հետագայում նորակառույց շենքում նույն մակերեսի չափով տարածք հատկացնեն սրճարանի սեփականատերերին: Տնօրենի ասելով՝ այդ հարցում իրենք Ա. Աբրահամյանի հետ երբեք տարաձայնություն չեն ունեցել: Սակայն Ա. Աբրահամյանի վերը նշված խոսքերից ու շինարարության դանդաղ տեմպերից երեւում է, որ տարաձայնություն, այնուամենայնիվ, եղել է: Մեր տեղեկություններով` ՌՀՄ նախագահը ցանկություն է ունեցել գնել այդ հատվածը, բայց սրճարանի սեփականատերերը ոչ մի գնով չեն ցանկացել վաճառել: Պատճառն այն է, որ հանրախանութը եւ «Մարկո Պոլոն» գտնվում են քաղաքի կենտրոնում, ավելին, Հանրապետության հրապարակին շատ մոտ, եւ սրճարանն ունի արտասահմանցի շատ հաճախորդներ: «Հայաստան եկող եւ Երեւանի կենտրոնի հյուրանոցներում իջեւանող զբոսաշրջիկների մեծ մասն այցելում է այդ սրճարան,- ասում է շրջակայքի գործարար միջավայրին ծանոթ մեր զրուցակիցը, որը նաեւ «Մարկո Պոլոյի» հաճախորդն է: -Ինչո՞ւ պիտի դրա տերն իր եկամտաբեր բիզնեսը վաճառի: Արա Աբրահամյանն ինչքան էլ բարձր գին առաջարկի, միեւնույն է, այդ տարածքը չարժե վաճառել»:

Այն, որ այդ սրճարանը շատ բարձր եկամուտ է ապահովում, կարելի է հասկանալ նաեւ այն հանգամանքից, որ սեփականատերերը վերջին տարիներին նաեւ նկուղային հարկ են ավելացրել՝ մեծացնելով նաեւ իրենց սպասարկման տարածքը: Եվ պարոն Աբրահամյանը, փաստորեն, չկարողանալով գնել սրճարանի տարածքը, համաձայնության է եկել սեփականատերերի հետ՝ քանդել նրանց կցակառույցը, փոխարենն իր շենքից նույն չափի տարածք հատկացնելու պայմանով:

Բացի այդ, ՌՀՄ նախագահը Հայաստանում զբաղվում է նաեւ բնակարանաշինությամբ՝ հանրախանութի շարունակությամբ, Աբովյան փողոցի վրա կառուցում է մեկ այլ շենք: Այս տարածքի հետ կապված էլ Ա. Աբրահամյանը որոշակի խնդիրներ ունի: Բանն այն է, որ այդտեղի նախկին սեփականատեր Գեւորգ Չղլյանն իրացված գոտիների նախկին սեփականատերերի նման համաձայն չէ իր տարածքի համար առաջարկված փոխատուցմանը: Նա իր շահերը փորձել է պաշտպանել հայրենի դատական ատյաններում, սակայն պարտվել է: «Հիմա նրա գործը գտնվում է Եվրոդատարանում»,- տեղեկացրեց նրա շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը:

Ա. Ա.