Մասիս սարը 20 տոկոսով բարձրացնում է բնակարանների գինը

22/09/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Այս տարի անշարժ գույքի շուկայում հետաքրքիր տենդենց է նկատվում՝ նորակառույց էլիտար շենքերի բնակարանների գները գնալով նվազում են, լավագույն դեպքում` չեն աճում: Դրան հակառակ աճում են հին՝ խորհրդային տարիների շենքերի բնակարանների գները: Թանկանում են հատկապես ստալինյան շրջանում կառուցված բնակարանները, որովհետեւ դրանք համարվում են ավելի ամուր: Մասնագետները բացատրում են, որ յուրաքանչյուր տարի 20-30 տոկոսով ավելանում է նորակառույցների բնակարանային առաջարկը: Եվ հենց դա է պատճառը, որ այդ գները կամ իջնում են, կամ էլ՝ գոնե չեն բարձրանում: Համենայնդեպս, այս կարծիքին է VVP անշարժ գործակալության նախագահ Վրույր Փենեսյանը:

Անցած տարիներին, երբ Երեւանի կենտրոնում մեծ թափով սկսվեց էլիտար բնակարանաշինությունը, արդեն մտահոգություն կար, որ առաջիկա տարիներին այդ շուկայում լճացում կառաջանա: Պատճառն այն չէր, որ մեր քաղաքացիները բնակարանի պահանջ չունեին, այսինքն՝ առաջարկը գերազանցելու էր պահանջարկին: Հակառակը, Երեւանի բնակարանային ֆոնդը խորհրդային տարիներից հետո գրեթե չէր թարմացվել, ու բնակարանի կարիք ունեցողների քանակը գնալով աճում էր: Էլիտար կոչվող կամ նորակառույց բնակարանների շուկայում նկատվող լճացման պատճառն առաջին հերթին դրանց՝ ի սկզբանե սահմանված աստղաբաշխական գներն են: Հյուսիսային կամ Գլխավոր պողոտաներում բնակարանի 1 քառակուսի մետրի գինը տատանվում է 1500-2000 դոլարի սահմաններում: Իսկ մի փոքր ավելի հեռու, բայց կրկին կենտրոնում այդ գինն իջնում է մոտ 1000-1500 դոլարի: Բացի այդ, այս շենքերում բնակարանների մակերեսը խորհրդային բնակարանների մակերեսից բավականին մեծ է, ու նաեւ այդ պատճառով արդեն արժեքը շատ բարձր է գալիս: Ասենք, 3 սենյականոց բնակարանի արժեքը կարող է տատանվել 100.000 դոլարից մինչեւ 200.000 դոլարի սահմաններում: Այս գներով Երեւանում շատ քչերը կկարողանան տուն առնել: Կառուցողների հույսը հիմնականում սփյուռքահայերի վրա է, որոնք գնի հարցում շատ չեն սակարկում, այլ ուզում են իրենց ցանկացած շենքում իրենց ցանկացած բնակարանը: Բացի այդ, կան «տեղական» որոշ գնորդներ, որոնք մի քանի ու, նույնիսկ, տասնյակի հասնող բնակարաններ են ձեռք բերում: Այդպիսով նրանք իրենց կապիտալն անշարժ գույքի են վերածում, ապահովագրում են արժեզրկումից: Կան նաեւ վարձով բնակարանների բիզնեսով զբաղվող գործարարներ, որոնք նորակառույց շենքերում էլ մի քանի տներ են գնել: Մի խոսքով, նորակառույցները գնորդներ ունեն, սակայն բնակարանային խնդիր գրեթե չեն ապահովում: Ու հենց այդ պատճառով էլ դրանց գները նախորդ մի քանի տարիների նման արագ չեն աճում:

Վ. Փենեսյանի ասելով` հիմա գնորդներն ավելի շատ են ուշադրություն դարձնում, թե ի՞նչ որակով է արված բնակարանի ներքին հարդարումը: Բացի այդ, մեծ նշանակություն ունի, թե արդյոք պատշգամբից երեւո՞ւմ է Մասիս սարը: Դա բոլոր սփյուռքահայերի` ցավոտ, իսկ մեր կառուցապատողների` ամենաեկամտաբեր կետն է: Նույնիսկ կարծիք կա, որ Մասիս սարն է պատճառը, որ շատ սփյուռքահայեր ցանկանում են Երեւանում տուն գնել: Ու նույն Մասիս սարի հեռավոր տեսքը բնակարանների գները բարձրացնում է ավելի քան 20 տոկոսով: Սակայն Մասիս սարի սիրահար մեր հայրենակիցները, հատկապես` սփյուռքահայերը, բոլորովին չեն գիտակցում, որ եկող տարի իրենց շենքի դիմաց՝ քիպ կպած նոր շենք են կառուցելու, որը փակելու է տեսադաշտը: Դրանով նաեւ արժեզրկելու է իրենց բնակարանը: Այսինքն՝ այդ բնակարանի տերը, եթե ցանկանա իր անշարժ գույքը վաճառել, չի կարողանա այն գումարը պահանջել, որով գնել է: Մասիս սարն այլեւս չի երեւում, ու հենց այդ պատճառով էլ բնակարանն ամենաքիչը 20 տոկոսով կարժեզրկվի: Այնպես որ, այդ խայծն օգտակար է լինելու միայն կառուցապատողների ու անշարժ գույքի գործակալների համար:

Նորակառույց շենքերի ու ընդհանրապես բնակարանների գներն առաջիկա 1-2 տարիներին շատ չեն բարձրանա: «Պատճառն այն է, որ տարին նախընտրական է,- ասում է Վ. Փենեսյանը: -Բոլոր նախընտրական տարիներին էլ բնակարանների գների աճը կանգ է առնում: Նույնիսկ սկսում է իջնել: Իսկ եթե ընտրությունների ընթացքում քաղաքական որեւէ ցնցում տեղի ունենա, ապա տների գները կընկնեն միանգամից: Սակայն ընտրություններից հետո, երբ վիճակը կայունանա, անշարժ գույքի շուկայում նորից ու շատ կտրուկ գնաճ կգրանցվի»:

Եթե անշարժ գույքի գների իջեցման համար շատ քիչ գործոններ կան, ապա բարձրացման համար դրանց պակասը չի զգացվում: Եվ բոլորովին էլ պարտադիր չէ, որ այդ գործոնը Հայաստանում լինի: Ընդհակառակը: Ոլորտի մասնագետների ասելով՝ եթե ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն Իրանի հասցեին մի երկու թթու խոսք է ասում, ապա մեզ մոտ բնակարաններն անմիջապես սկսում են թեթեւակի թանկանալ: Իրանահայերը սկսում են այստեղ տներ գնել: Նույն վիճակն է ստեղծվում, երբ Պուտինը որոշում է Ռուսաստանում խստացնել հայերի պայմանները: Եվ այդպես շարունակ: Ցավալին այն է, որ երբ Բուշն ու Պուտինը դադարեցնում են իրենց սպառնալիքները, մեզ մոտ բնակարանների գները չեն իջնում, մնում են նույնը: Հետո դրան գումարվում են «տեղական նշանակության մանր-մունր» պատճառները, ու ստացվում է, որ շուկան անընդհատ գնաճ է գրանցում: Իսկ պատճառները ոչ միայն շատ են, այլեւ երբեմն կարող են արհեստական լինել՝ բրոքերների եւ կադաստրի կողմից հորինված: Բրոքերներն արհեստականորեն գինը բարձրացնում են, որպեսզի իրենց միջնորդավճարը դուրս գա: Իսկ դա քիչ չէ՝ բնակարանի արժեքի 1,5-2 տոկոսը: Կադաստրի մասին էլ կարծիք կա, որ կառուցապատող օլիգարխների պատվերով անշարժ գույքի շուկայում արհեստականորեն աճ է գրանցում, որ նրանց բնակարանները թանկ վաճառվեն:

Մեր անշարժ գույքի շուկայի վրա կարող է ազդել անգամ միաժամանակ 15-20 տան պահանջարկը, կամ այն լուրը, թե Դավթաշենը գազիֆիկացնում են, այն հեռանկարը, թե Կոզեռնի թաղամասը իրացնելու են, եւ բնակիչներին բնակարան ձեռք բերելու համար գումարներ են հատկացնում: Միանգամից բնակարանային պահանջարկի մեծացման ուրվագծեր են երեւում: Շուկան շատ փոքր է, եւ նման ազդակները միանգամից իրենց նշանակությունն ունենում են:

Բացի այս գործոններից, մասնագետների ասելով, անշարժ գույքի գների վրա ազդում է նաեւ հայկական մենթալիտետը, որը Մասիս սարի հետ ընդհանրապես կապ չունի: Եթե մի շենքում երկու ազդեցիկ ու հայտնի մարդիկ են ապրում, ապա այդտեղ բնակարանների գները փոքր-ինչ բարձր են մյուսներից: Իսկ եթե նույն շենքում 5-6 հայտնի մարդիկ են ապրում, ապա այդ շենքն էլիտարի համբավ է ձեռք բերում ու, անկախ նրանից, թե ինչ որակ ունի, բնակարանները վաճառվում են ամենաբարձր գներով: Այդ հանգամանքն ազդում է նաեւ հարակից շենքերի բնակարանների գների վրա: