Հայաստանն այսօր նշում է իր անկախության 15-ամյակը։ Թեեւ մի քիչ դժվար է հստակ սահմանել, թե վերը նշված նախադասության մեջ «Հայաստան» ասելով ում պետք է նկատի ունենալ՝ Հայաստանի բնակչությա՞նը, իշխանությունների՞ն (իհարկե, որոշ իմաստով նրանց նույնպես կարելի է ընդգրկել ՀՀ բնակչության մեջ), թե՞ Սփյուռքին։
Սփյուռքի մասին խոսելիս փոքր-ինչ անդրադառնանք Հայաստան-Սփյուռք 3-րդ համաժողովին։ Այն նախկին, ոչ այնքան արդյունավետ (մեղմ ասած) համաժողովներից տարբերվում է նրանով, որ այս անգամ շատերն անհրաժեշտ էին համարում նշել, որ այս մեկը պետք է նախորդներից տարբերվի։ Միայն այսքանը՝ մնացածը գրեթե նույնն էր՝ երկար հայրենասիրական ճառեր եւ քնած կամ քնելու դեմ պայքարող դեմքեր։ Քիչ էր մնում մոռանայինք. այս անգամ մերոնք Սփյուռքի իրենց հայրենակիցներից շատ ավելի կոնկրետ բան էին ուզում՝ փող՝ գյուղերը զարգացնելու նպատակով։ Այսինքն, սփյուռքահայ ամեն մի գործարար կամ գործարարների մի խումբ իր «թեւի տակ է առնում» որեւէ կոնկրետ գյուղ եւ այն զարգացնում։ Կամ էլ, եթե «զահլա» կամ ժամանակ չունենան, կարող են պարզապես փողը տալ մերոնց, մերոնք էլ կզարգացնեն (ինչպես զարգացրել են Երեւանի կենտրոնը)։ Համենայնդեպս, համաժողովի թամադայի պարտականություններն իր վրա վերցրած Վարդան Օսկանյանի եւ այլոց ելույթներից կարծիք կազմվեց, որ աշխարհի տարբեր ծայրերից մարդկանց հավաքելու հիմնական նպատակը սա է։
Ի դեպ, մեր տեղեկություններով` դրսից ժամանած մեր հայրենակիցները բավական սրտնեղած էին եւ միմյանց հետ այսպիսի կարծիքներ են փոխանակել՝ եթե ամբողջ իմաստը փող ուզելն էր, էլ ինչո՞ւ էինք գալիս, թող ասեին՝ ճանապարհածախսի, հյուրանոցի եւ մնացած բաների վրա ծախսած փողը կուղարկեինք։ Իրոք, եթե հաշվենք, որ սփյուռքահայերից յուրաքանչյուրը Հայաստանում մի քանի օր գտնվելու համար ծախսել է 2500-3000 դոլար (նվազագույնը), ապա 1000 (այս համաժողովը նախորդներից ավելի մեծ է) մարդու հաշվով դա կազմում է մոտ 3 միլիոն դոլար։ Իսկ թե 3 միլիոն դոլարը ո՞ր գյուղերի վրա եւ ինչպե՞ս կարելի էր ծախսել, թերեւս ավելի լավ կպատասխանի Վարդան Օսկանյանը, որը, դիվանագիտությունից բացի, սկսել է հետաքրքրվել գյուղատնտեսական ֆինանսական խնդիրներով։
Որպեսզի այնպես չստացվի, որ ամեն ինչ քննադատում ենք, հենց սկզբից ասենք՝ գաղափարը լավն է։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ սփյուռքահայերն առաջվա միամիտները չեն, եւ եթե փող են տալիս, պետք է համոզվեն, որ դրանք այլ նպատակների չեն ծառայելու։ Կամ էլ պետք է որեւէ կերպ մասնակցեն կառավարմանը։ Ու հենց այս հարցերի շուրջ էլ պետք է փորձեն համաձայնության հասնել սփյուռքահայերն ու մեր իշխանությունները։
Իսկ այստեղ գտնվող մեր հայրենակիցներն այդ ընթացքում կարող են մասնակցել Անկախության 15-ամյակին նվիրված միջոցառումներին, տեսնել ռազմական շքերթը, լսել Շառլ Ազնավուրին…
Կհնչեն նաեւ շնորհավորանքներ տարբեր երկրների ղեկավար անձանցից։ Իհարկե, ուշադրության կենտրոնում կգտնվեն հատկապես Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների ուղերձները, որոնց տոնայնությունն ու շարադրանքը մանրամասն վերլուծության կենթարկվի քաղաքական ուժերի կողմից։
Հատկապես ռուսների կարծիքը միշտ կարեւոր է եղել մեզ համար։ Երկու օր առաջ «Ռեգնում» գործակալությունը հետաքրքիր տեղեկություն էր հրապարակել։ Ամերիկյան պետական հաստատություններից մեկի պատվերով լայնամասշտաբ հարցում է անցկացվել մեր ազգաբնակչության շրջանում, համաձայն որի՝ հարցվածների 79.6%-ի տրամադրվածությունը Ռուսաստանի նկատմամբ բարենպաստ է։ Սիրում ենք ռուսներին, հո զոռո՞վ չի։ Թեկուզ ռուսները «սիլի-բիլի» անեն ադրբեջանցիների հետ, թեկուզ վերցնեն գործարանները, էներգահամակարգը, թեկուզ օրումեջ հայ սպանեն, իսկ վերջերս՝ նաեւ էթնիկ զտումներ կատարեն՝ իշխանությունների հովանավորությամբ… Մեզ համար միեւնույն է։
Մեզանում արմատավորված է այն միտքը, որ մենք փոքր ենք, Ռուսաստանը՝ մեծ (բառի բոլոր իմաստներով)։ Եվ որպեսզի չկորչենք՝ պիտի «մեծի» հետ լավ լինենք, հարմարվենք, ցույց տանք, որ «տարիքը» հարգում ենք։ Իսկ այդ հարգանքն արտահայտվում է թեկուզ հենց նրանով, որ այսօր Հայաստան ժամանող ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան հանդիպելու է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ի՞նչ կա որ, վատ չէ։ Պարզապես մի փոքր դժվար է պատկերացնել, որ Վլադիմիր Պուտինը երբեւէ իր մոտ կընդունի աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Աղվան Հովսեփյանին։
Թեեւ «մեծերի» նկատմամբ մեր պատկերացումները գնալով փոխվում են։ Նույն ԱՄՆ-ին, որի նկատմամբ 20 տարի առաջ գրեթե թշնամաբար էինք տրամադրված, այսօր դրական է վերաբերվում բնակչության 49%-ը։ Իրենք՝ ամերիկացիներն էլ տարբեր միջոցներով մեզ փորձում են թեքել իրենց կողմը։ Օրինակ, ամերիկյան հեղինակավոր “Newsweek” պարբերականում 3 օր առաջ մի նյութ էր հրապարակվել, որի վերնագիրն արդեն իսկ ամեն ինչ ասում է՝ «Ինչո՞ւ է Ռուսաստանն իրականում թույլ»։ Իսկ հետո տրվում է այդ «ինչո՞ւ»-ի պատասխանը՝ տարբեր տեսանկյուններից։ Օրինակ, ռազմական ոլորտում նշվում է «Բուլավա» հրթիռի փորձարկման ձախողումը եւ այն փաստը, որ 2001թ. Հնդկաստանն ավելի շատ ռուսական տանկեր է գնել, քան ռուսական բանակը։ Տնտեսական ոլորտում 7% աճը հոդվածի հեղինակները բացատրում են նավթամթերքների գների աճով եւ բավական հոռետեսական հարցադրում առաջ քաշում՝ ի՞նչ է լինելու, երբ նավթի գներն իջնեն։ Մարդկային ռեսուրսների առումով նույնպես ռուսներին չեն խնայել. «բնակչությունն ամեն տարի նվազում է 750 հազարով»։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, այդ թվում` նախկին ԽՍՀՄ տարածքում, ապա ՌԴ վիճակն այստեղ էլ նախանձելի չէ։ «ՌԴ ամենամոտ դաշնակիցները՝ Ղրղըզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը, աղքատ են եւ գտնվում են անկայուն քաղաքական իրավիճակում։ Էներգետիկ ռեսուրսներով հարուստ Ղազախստանն ու Թուրքմենստանը դժգոհ են, որ ՌԴ-ն զավթում է իրենց արտահանումը։ Հայաստանը հավատարիմ է, բայց աղքատ եւ դեռեւս ներքաշված է ԼՂ հակամարտության մեջ բարգավաճող Ադրբեջանի հետ»,- ասվում է հոդվածում։
Իսկ այս ամենի իմաստը հետեւյալն է՝ Ռուսաստանից օգուտ չկա, եկեք մեզ մոտ։ Սակայն մյուս կողմից էլ հենց էնպես իրենց գիրկը չեն ընդունում։ Ամերիկացիներն իրենց գիրկն ընդունում են ժողովրդավարական, ոչ կոռումպացված երկրներին։
Օրինակ, երբ մամուլում հրապարակումներ եղան, որ Վարդան Այվազյանը կաշառք է պահանջել ամերիկացի գործարարներից, նրանք էլ ձայնագրությունը փոխանցել են արդեն նախկին դեսպան Ջոն Էվանսին, ԱՄՆ դեսպանատունը մի քանի օր ուշացումով պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ այդպիսի ձայնագրություն չկա։ Սակայն այդ հաղորդագրության 80%-ը նվիրված էր կոռուպցիայի խնդիրներին եւ ավարտվում էր հետեւյալ նախադասությամբ. «Հայաստանը չի կարող դառնալ լիարժեք հաջողված ժողովրդավարական ու տնտեսապես կուռ պետություն, եթե կառավարության բոլոր մակարդակներում անաչառությունը չի երաշխավորվում»։ Իսկ օրեր անց ԱՄՆ դեսպանատունը հաղորդեց, որ թեեւ ձայնագրություն չկա, սակայն իրենք կառավարությանն են փոխանցել կոռուպցիայի հիշատակված դեպքի մասին վկայող նյութեր։ Հայկական կողմի պատասխանն օրիգինալ էր՝ դատի տվեք։ Իսկ ամերիկացիներին պետք չէ դատի տալ, նրանք կարող են միանգամից դատավճիռ հրապարակել՝ փողից զրկելով Հայաստանին։ Օրինակ, «Հազարամյակի մարտահրավերներով» Հայաստանին տրվելիք ավելի քան 200 մլն դոլարը կարող է սառեցվել, այդ մասին հայտարարել էր Մեթյու Բրայզան։
Կարծիք կա, որ ԱՄՆ-ին եւ մյուս գերտերություններին ձեռնտու է գործ ունենալ կոռումպացված իշխանությունների հետ, քանի որ դրանք ավելի խոցելի են եւ կառավարելի։ Սակայն չպետք է մոռանալ, որ դեռեւս օգոստոսին Ջ. Բուշը հրապարակեց, այսպես կոչված, «Կոռուպցիայի մեջ ներգրավված օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների ֆինանսական միջոցների որոնման եւ բռնագրավման ազգային ռազմավարությունը»։ Ըստ Սպիտակ տան հաղորդագրության, «կոռուպցիայի մեջ ներգրավված եւ այդ գործընթացից օգուտ ստացած անձանց մուտքը ԱՄՆ արգելվելու է»։ Ընդ որում, այս ամենը վերաբերում է նաեւ ընտրական գործընթացնեին։
Այնպես որ, դատի տալու անհրաժեշտություն չկա։ Ամերիկացիները շատ լավ գիտեն՝ որքանով ենք կոռումպացված եւ որքանով ենք իրենցից կախված։ Պարզապես առայժմ մեզ խնայում են՝ բավարարվելով «հաթաթաներով» եւ մեծացնելով անկախ Հայաստանի կախվածությունն իրենցից։ Ու դա նրանց, ցավոք, հաջողվում է։
Վերջերս մի տեղ կարդացի, որ նորակառույց այն բնակարանները, որոնց պատուհանից երեւում է Արարատը, նույն շենքի այլ բնակարաններից թանկ են 20%-ով։ Մասիսի տեսարանն ու հայրենասիրական մտքերը վատ չեն, սակայն երեւի թե ավելի ճիշտ կլիներ առայժմ կենտրոնանալ ավելի արդիական խնդիրների վրա։ Սփյուռքի դերը Հայաստանի զարգացման գործում դժվար է գերագնահատել, սակայն Հայաստան-Սփյուռք համաժողովում ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ այլ խնդիրների մասին գրեթե ոչինչ չի խոսվում։ Փոխարենը խոսում են միասնական ուղղագրության անցնելու, սփյուռքահայության նախարարություն ստեղծելու եւ նման այլ վեհ բաներից։
Իսկ այս երեւույթների դեմ պայքարելը պետք է ոչ թե ամերիկացիներին դուր գալու, այլ մեր անկախությունն ամրապնդելու համար։ Եթե մի գեղեցիկ օր դառնանք ժողովրդավարական, իրավական երկիր (ինչպես գրված է մեր Սահմանադրության մեջ), հարկ չի լինի վազել ոչ մեկի գիրկը։ Այդ ժամանակ կվազեն մեր գիրկը, մենք էլ կորոշենք՝ ում ընդունենք, ում՝ ոչ։ Հուսանք, որ անկախության հաջորդ կլոր տարելիցին՝ 20-ամյակին, մենք լուծելիս կլինենք հենց այդ խնդիրը։