Վտարում են օդանավը փրկողին

22/09/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ահաբեկիչը փորձել էր օդանավն անցկացնել Թուրքիա: «Ես մենակ դուրս եկա զինված հանցագործի դեմ` փրկելով եւ ինքնաթիռը, եւ 100-ից ավելի ուղեւորների կյանքը: Հանկարծ նկատեցի, որ ուղեկցորդուհին եւ երկրորդ օդաչուն վիրավորված են: Հանցագործը (որը Բաքվում բնակվող հայ է եղել) զինված էր նռնակով եւ սպառնում էր Թուրքիա չքշելու դեպքում պայթեցնել ինքնաթիռը: Առաջին եւ երկրորդ շարքերում նստած զինվորական համազգեստով սպաներն անգամ վախից չէին շարժվում, իսկ ես քաջություն ցուցաբերեցի, (թեպետ երբեք վախ չեմ ունեցել), ստանալով գերբնական ուժ` հարձակվեցի տեռորիստի վրա, բռնեցի մազերից, հետո ատամներով բռնեցի այն ձեռքը, որով բռնել էր նռնակը: Դժվար է հավատալ, բայց այնպես ուժեղ էի սեղմել նրա թեւը, որ միսը մնացել էր ատամներիս տակ: Հետագայում, երբ նրա թեւն ուռել էր, հարցնում էր, թե ինչով եմ կծել իրեն: Երբ տեռորիստի ձեռքը թուլացավ, նռնակը վայր գցեց: Այդ բոլորը կատարվում էր օդում: Երբ բարեհաջող հասանք Երեւան, մեզ դիմավորեց պաշտոնյաների մի մեծ շքախումբ` լուսահոգի Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ: Օդանավի հրամանատարը, ներկայացնելով ինձ, ասաց` ահա մեր փրկիչը»,- հիշելով իր հերոսական արարքը` ոգեւորությամբ ու դեմքի ջղագրգիռ արտահայտությամբ պատմում է Կ. Աղաքարյանը։ Այդ դեպքի համար նա պարգեւատրվել է շքանշանով եւ պատվոգրով: Ինքնաթիռում տեղի ունեցած դեպքից հետո Կարինեի մոտ նկատվել է ընդհանուր առողջական վիճակի վատթարացում` հինգ հիվանդությունների հայտնաբերում, այդ թվում` ողնուղեղային նյարդերի ախտահարում: Ներկայումս տիկին Կարինեն առաջին կարգի հաշմանդամ է ու գամված է անկողնուն: Նա ունի 17 տարեկան դուստր, որը սովորում է «Տարոն» գեղագիտական կենտրոնում եւ 13 տարեկանից խնամում է մորը: «Չհետեւեցի ինձ, չբուժվեցի, որովհետեւ երեխաս փոքր էր, միայն աշխատում էի: 2000 թվին, երբ երրորդ անգամ ընկա կրճատման տակ, ընդհարվեցի օդանավակայանի ղեկավարության հետ, ու այդ ժամանակվանից ընկա անկողին»,- ասում է նա:

«Խաբեբայության զոհ եմ դարձել»

Այն պատմությունը, որով հիմա խիստ մտահոգված է Կարինե Աղաքարյանը, ուղղակիորեն առնչություն չունի իր անցած ուղու հետ: Նրա խնդիրը իր` Հարավ-արեւմտյան թաղամասի Ծովակալ Իսակովի 44 հասցեում գտնվող բնակարանի հետ է կապված, որն արդեն տեւական ժամանակ է, ինչ դարձել է դատական քաշքշուկների առարկա: Կարինեի բարեկամուհին, որն ինչ-որ ժամանակ խնամել է նրան, մեկ տարի ժամկետով, ստացականով 800 դոլար է վերցրել ինչ-որ անհատից, որի դիմաց գրավ է դրել Կարինեի բնակարանը: Այս մասին Կարինեն տեղեկացել է միայն գործարքի ավարտից հետո: Պարտապանը սահմանված ժամանակահատվածում չստանալով իր գումարը, դիմել է Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարան` Կ. Աղաքարյանին ներգրավելով դատական քաշքշուկների մեջ: Իհարկե, հաշմանդամության պատճառով նա չի կարողացել ներկայանալ դատարան` փոխարենը ներկայացրել է իր կարգավիճակը հաստատող բժշկական փաստաթղթեր: Նա դատարանին նաեւ գրավոր տեղեկացրել է, որ գումարն ինքը չի վերցրել եւ ոչ մի ստացական էլ չի ստորագրել: Առանց Կ. Աղաքարյանի մասնակցության դատարանը նրա բնակարանը բռնագրավելու վճիռ է կայացրել: Հետագայում Աղաքարյանի բարեկամուհին դատարանում խոստովանել է, որ ինքն է վերցրել գումարը եւ ողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա` հանձն առնելով գումարը մաս-մաս մարել: 2001թ. սկսած Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության տեսուչները Կ. Աղաքարյանին իր բնակարանից բազմիցս փորձել են վտարել: Վտարման օրերին (նման փորձ վերջին անգամ կատարվել է այս տարվա սեպտեմբերի 8-ին) Կարինեն նույնիսկ մի անգամ իր վրա բենզին լցնելով` ինքնահրկիզման փորձ է կատարել: «Եթե փողոցում պետք է մնամ, ավելի լավ է իմ տանը մեռնեմ: Չէ՞ որ խաբեբայության զոհ եմ դարձել»,- ասում է նա: Նա պատմում է նաեւ, որ Հարկադիր կատարման վարույթի տեսուչ Միքայել Հովսեփյանը մի օր զանգել է իրեն եւ պահանջել 500 դոլար: «Ես մի կերպ ճարելով 200 դոլարը, ուղարկեցի նրան, սակայն Միքայելը զանգեց ու ասաց, որ դա շատ քիչ է: Ես վիճեցի նրա հետ` պահանջելով մեր վճարած 600 դոլարի կտրոնները: Դրանից հետո նա 10 օր անհետացավ: Մնացել էր վճարելու ընդամենը 700 դոլար: Մ. Հովսեփյանը կեղծել էր բնակարանի վրա կալանք դնելու եւ այն գնահատելու փաստաթղթերը: Եվ առանց ինձ տեղյակ պահելու` բնակարանը գաղտնի աճուրդի էր հանել եւ վաճառել: Ես սկսեցի բողոքել հանրապետության բոլոր դատարաններում` նամակներ գրելով բոլոր իշխանավորներին: Հետագայում Ռազմական դատախազությունը քրեական գործ հարուցեց տեսուչ Մ. Հովսեփյանի դեմ, որի արդյունքում նրան հեռացրեցին աշխատանքից` պաշտոնը չարաշահելու, այսինքն` 600 դոլարը յուրացնելու համար: Սակայն նրան կալանքի չվերցրեցին, որովհետեւ Աջափնյակ, Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում գործով քննող դատավորին արյան քաղցկեղով հիվանդի թուղթ էր ներկայացրել, որը պատիժից խուսափելու պատրվակ էր: Հետագայում նա դատարանում խոստովանեց իր մեղքը եւ ներողություն խնդրեց: Սրանով ամեն ինչ չվերջացավ, մինչեւ հիմա սարսափում եմ, որովհետեւ գնորդ կոչեցյալը 2002 թ. նոյեմբերին 1850 դոլարով գնել է իմ բնակարանը, երբ շուկայական գներով այն արժեր 7000 դոլար: Վտարման օրերին զանգում ենք հեռուստաընկերություններին, որպեսզի գան, նկարահանեն, տեսնեն, թե ինչպես են 12 «բույվըլները» հարձակվում անկողնում ընկած կնոջ վրա: Գիտե՞ք ինչն է սարսափելի, որ բարեխիղճ կոչվող գնորդն ինձ խորհուրդ է տալիս դուրս գալ բնակարանից, քանի որ դատավորներին կաշառելով` ինքը դատը պետք է շահի»,- ասում է նա: Կ. Աղաքարյանը բազմաթիվ նամակներով դիմել է եւ հանրապետության նախագահին, եւ վարչապետին, բազմաթիվ պաշտոնյաների: «Միակ մարդը, որ լսելով իմ պատմությունը` ոտքի կանգնեց, դա Խոսրով Հարությունյանն է: Նա նույնիսկ իր գրպանից գումար է տվել, փաստաբան վարձել: Մի՞թե մենք կառավարություն, նախագահ չունենք: Հինգ տարի է, ամբողջ հանրապետությունը գիտի այս պատմությունը, չեն կարողանում այս մի փոքրիկ հարցը լուծել»,- անընդհատ լաց լինելով պատմում է Կ. Աղաքարյանը: Այժմ Կ. Աղաքարյանը դիմել է Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան` աճուրդի որոշումն անվավեր ճանաչելու համար: Հայաստանի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը, որը բավականին ծանոթ է Կ. Աղաքարյանի գործին, նշում է, որ կշարունակի աջակցել հաշմանդամ տիկնոջը: «Հաշմանդամների խնդիրներով մտահոգված «Հայաստանի սպինալ եւ այլ հաշմանդամների լույսի շող» բարեգործական հիմնադրամի նախագահ Իշխանուհի Հարությունյանի միջամտությամբ ես ծանոթ եմ Աղաքարյանի դատական գործին: Կարծում եմ, որ դատական գործով թերացումներ են եղել, թեպետ իրավաբանական տեսանկյունից ամեն ինչ ճիշտ է ընթացել: Ես փորձել եմ բոլոր դատական ատյաների միջնորդությամբ լուծել հարցը, սակայն իրավիճակային հակասություններ կան, որովհետեւ իրավաբանական տեսանկյունից վտարման հարցը վիճարկելու հնարավորություններ չունի: Մեկ շաբաթ առաջ զրուցել եմ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ, որի հետ կփորձենք օրենքի շրջանակներում արտադատարանական լուծումներ գտնել: Դատական որոշումներին ես ծանոթ եմ, եւ կարող եմ ասել, որ Կարինե Աղաքարյանը դարձել է պարագաների զոհ: Երբ գործի էությանը ծանոթանում ես, տեսնում ես, որ նա դատավճռով 600 դոլարի վճարումներ է կատարել, որը չի մտել պետական գանձարան, այլ գրպանվել է հարկադիր կատարողի կողմից: Ընդհանրապես, հարկադիր բռնարարքներին դեմ եմ, ինչպե՞ս կարելի է անկողնում պառկած կնոջը ծեծել: Ամեն դեպքում մի բան պարզ է, Կ. Աղաքարյանը չի կարող հայտնվել փողոցում, նման որեւէ արդարադատություն չի կարող գործել»,- ասում է Խ. Հարությունյանը:

Ի դեպ, Հայկական կարմիր խաչի Վերականգնողական կենտրոնից Կ. Աղաքարյանին առաջարկում են բուժօգնություն, քանի որ գնալով նրա վիճակը վատանում է, սակայն նա պարբերաբար հրաժարվում է հիվանդանոց տեղափոխվել: Նա վախենում է դուրս գալ իր բնակարանից, հակառակ դեպքում կարող է այն առհավետ կորցնել: Իսկ վերջում Կ. Աղաքարյանը ցանկացավ, որ անպայման նշենք իր ընդվզումն ընդդեմ իշխանավորների. «Երեւան-Սոչի» ինքնաթիռի կործանման պատճառով զոհվածների համար քանի օր ազգովի սգացինք, հուշարձան կառուցեցինք: Բայց չէ՞ որ 1980 թվին էլ նույն ավարտը կարող էր ունենալ, եթե չլիներ իմ միջամտությունը: Նմանատիպ դեպք Մոսկվայում էլ է պատահել, այդ աղջկա անունով փողոց են անվանակոչել, բնակարան հատկացրել, իսկ ինձ էս քոսոտ տնից էլ են դեն շպրտում: Եթե որեւէ երկիր մեզ կընդունի, մենք պատրաստ ենք հեռանալ այս երկրից»: