ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանում իր ունեցած ելույթում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն անդրադարձել է իսլամին: «Մենք հարգում ենք իսլամը: Բայց մենք պաշտպանելու ենք մեր ժողովրդին այն մարդկանցից, ովքեր իսլամը դարձնում են ավեր եւ մահ բերող միջոց: Մեր նպատակն ավելի հանդուրժողական համակարգ ստեղծելն է, որը հարգում է բոլոր դավանանքները եւ պաշտպանում է խաղաղությունը», – ասել է Բուշը: Դիմելով մերձավորարեւելյան տարածաշրջանի բնակիչներին, նա ասել է. «Իմ երկիրը խաղաղություն է ուզում: Ձեզանում գտնվող ծայրահեղականները քարոզներ են տարածում` պնդելով, թե Արեւմուտքը, իբր, ներքաշվել է իսլամի դեմ պատերազմի մեջ: Դա սուտ է, որի նպատակը ձեզ շփոթության մեջ գցելն ու ահաբեկչական գործողություններն արդարացնելն է»: Բուշը դիմել է նաեւ Իրանի ժողովրդին` հայտարարելով, որ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի վարչակազմը հովանավորում է ահաբեկիչներին եւ փորձում է միջուկային զենք ստեղծել: «Իրանը պարտավոր է հրաժարվել այդ ամբիցիաներից: Սակայն մենք դեմ չենք, որ Իրանն իրագործի իսկապես խաղաղ միջուկային ծրագիր: Մենք փորձում ենք հարցի դիվանագիտական լուծում գտնել: Մենք հուսով ենք, որ կգա այն օրը, երբ դուք կապրեք ազատության մեջ: Ամերիկան եւ Իրանը կարող են լինել լավ բարեկամներ, որոնք սերտորեն կհամագործակցեն խաղաղության հաստատման գործում»: