ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ Առեւտրի ու տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկ իրենց բացասական վերաբերմունքն են արտահայտել որոշ սակագներ բարձրացնելու նպատակով «ԱրմենՏել» ընկերության ներկայացրած հայտի վերաբերյալ: Ա. Մարգարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ կառավարությունը, մասնավորապես, կխոչընդոտի ինտերնետի հեռախոսային րոպեավճարը հնգակի թանկացնելու կոնկրետ առաջարկների ընդունմանը: «Հենց կառավարության խնդիրներից մեկն այն է, որ ամեն մի առաջարկ չի ընդունվում, եւ կառավարությունը փորձում է խելամիտ շրջանակներում այդ հարցը լուծել… Բացառվում է, որ 5 անգամ թանկանա: Փորձում ենք, որ ընդհանրապես չթանկանա, եւ «ԱրմենՏել»-ի այդ մենաշնորհից պրծնենք»,- ասել է վարչապետը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչեւ հոկտեմբերի 15-ն ուսումնասիրելու է «ԱրմենՏել»-ի հայտը: