-Albania?
-No, Armenia…
-Romania?
-Armenia. Turkey, Russia,
Armenia…
Ամերիկայում արդեն «ավանդական» դարձած աշխարհագրական տեղանունների շփոթումից եւ ճշգրտումից հետո սկսվեց զրույցը Հարվարդի համալսարանի դասախոս, քաղաքագիտության դոկտոր-պրոֆեսոր Ստեֆեն Ուոլտի հետ, որն այս օրերին հանդես է գալիս հատուկ զեկույցով` «Ո՞րն է ԱՄՆ արտաքին քաղաքական սխալը, եւ ինչպե՞ս այն ուղղել»՝ վերնագրով: Ստեֆեն Ուոլտը Միացյալ Նահանգների, թերեւս, սկանդալային հեղինակություն ունեցող ամենահայտնի գիտնականներից է: Նրա «Իսրայելական լոբբի. արդյոք այն չափից ավելի ազդեցություն չունի՞ ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա» հոդվածն, ըստ մասնագետների, թերեւս, Ֆուկույամայի «Քաղաքակրթությունների կործանումը» աշխատությունից հետո ամենաշատն է քննարկվել: Ուոլտն այն եզակիներից էր, որ բարձրացրեց Իսրայելին ամեն տարի օգնելու եւ իսրայելական համայնքի գերհզոր ազդեցությունը նվազեցնելու մասին թեզով, ինչը բուռն արձագանք առաջացրեց: Ի դեպ, այդ հոդվածը նույնիսկ հրաժարվել են տպագրել մի քանի խոշոր հրատարակություններ:
Ուոլտի այս զեկույցն ընդգրկում էր ԱՄՆ արտաքին քաղաքականության վերջին հինգ տարիների ուղին: Սա, ըստ էության, հետսեպտեմբերտասնմեկյան դոկտրինի հնգամյա վերլուծությունն էր:
Ամենաակնառու համաշխարհային միտումը Ուոլտն անվանում է «բռնության ժողովրդավարացում»: Ըստ նրա, 100 տարի առաջ 100 մարդու կարող էր սպանել միայն պետությունը: Այսօր դա կարող է անել միջին կազմակերպվածության ցանկացած ծայրահեղական խումբ:
Ուոլտը հրաժարվում է ԱՄՆ-ը անվանել կայսրություն. նրա կարծիքով` սա մի քանի երկրների ռեսուրսների եւ տարածքի վրա ստեղծված կայսրություն չէ: Ըստ Ուոլտի՝ ԱՄՆ-ը «ընդամենը» գերհզոր տերություն է, որի հիմնական սխալն Իրաքն է: «Պետք է հնարավորինս շուտ հեռանալ Իրաքից, սահմանել վերջնաժամկետ եւ չշեղվել ժամանակացույցից: Ի դեպ, խնդիրն այն չէ, թե ունե՞ր արդյոք Սադամ Հուսեյնը միջուկային զենք, թե՞ ոչ: Կարող էր ունենալ: Եվ կունենար: Աֆղանստանում արագ հաղթանակից հետո մենք կարծում էինք, թե նույնը կլինի Իրաքում՝ արագ եւ ոչ թանկ պատերազմ: Դա տեղի չունեցավ: Մենք արդեն ծախսել ենք 100 մլրդ դոլար, չհաշված՝ մարդկային կորուստը: Աբու-Գրեյբի բանտարկյալների աղմուկը, պարտիզանական դիմադրությունը, Սպիտակ տան անհեռատես քաղաքականությունը կարող են ստվարացնել մեր թշնամիների բանակը եւ զրկել մեզ բարեկամներից: Իրաքից հետո մենք պետք է վերականգնենք մեր վարկը: Պետք է բանակցենք Իրանի հետ: Ըստ էության ԱՄՆ-ը ամեն ինչ արել է Ահմադինեջադի համար. ուռճացրել է միջուկային վառելիքի հարցը, նոր ալիք է հաղորդել ազգայնականությանը: Ընդամենը պետք էր Իրանին ասել՝ եթե մենք քեզ թույլ տանք միջուկային զենք ունենալ, չէ՞ որ քո հարեւաններն էլ կցանկանան ունենալ: Նշանակում է զինել բոլորի՞ն»:
Ստեֆեն Ուոլտը, որ համարվում է լիբերալ միջազգայնագետ, կարծում է, որ ժամանակն է, որ ԱՄՆ-ը բարելավի հարաբերություններն Արաբական աշխարհի հետ, իսկ Իսրայելի հետ վարի ավելի զուսպ քաղաքականություն: Արդեն այսօր ամերիկյան մեգամեդիաները վաղուց կորցրել են իրենց մենաշնորհային դիրքը: Այդ պատճառով «Ամերիկային պետք են ստրատեգներ, գիտնականներ, որոնք կարող են խոսել արաբերեն, հայտնվել «Ալ-Ջազիրայի» եթերում, բացատրել մեր նպատակները»,- ասում է Ստեֆեն Ուոլտը:
Աշխարհի հետ հարաբերություն կառուցելու նոր մեթոդը Ուոլտն անվանում է «սելեկտորային» կամ անհատական` տարածաշրջանայինից դեպի միջպետական, անգամ ներպետական: Գիտնականի խոսքով, կան երկրներ, որտեղ կառավարություններն ի վիճակի չեն անգամ ամերիկյան օգնությունն արդարացի բաշխել. «Եվրոպան դեռ մեզ հետ է, Ասիան մեզ սիրում է, Չինաստանի մրցակցությունից չպետք է վախենալ եւ պետք է զգույշ լինել Պուտինի հետ»:
Հարցազրույց Ս. Ուոլտի հետ
– Իսկ որքանո՞վ է Հարավային Կովկասը գտնվում ԱՄՆ ռազմաքաղաքական ուշադրության կենտրոնում:
– Գլոբալ շահերի եւ հետաքրքրությունների մեջ Հարավային Կովկասը չկա եւ չի հիշատակվում:
– Բայց չէ՞ որ միայն այս տարի Կովկասյան երկու երկրների նախագահներն այցելել են Վաշինգտոն: Չի բացառվում, որ Հայաստանի նախագահն էլ կայցելի: Եթե Կովկասն օրակարգում չլիներ, արդյոք այդքան ակտիվ կլինեի՞ն փոխայցերը:
– Ես երկու անգամ եղել եմ Վրաստանում: Առաջին անգամ՝ 1980-ականների կեսերին, երբ դեռ այն ժամանակ ոչ ոք չէր հավատում գորբաչովյան «պերեստրոյկային» ու «գլասնոստին», եւ երկրորդ անգամ՝ 1990-ականների վերջին, երբ դժգոհություններն արդեն թափ էին հավաքում: Կովկասին միայն վերջերս են սկսել ուշադրություն դարձնել ու միայն այն պատճառով, որ նավթատար է կառուցվել: Մինչեւ այդ ինտենսիվ գործակցություն չի եղել, հիմնականում մարդասիրական օգնություն էր: Ի դեպ, մեկ շնչին ընկնող ամերիկյան օգնությունը Հայաստանին՝ 30 դոլար է, մինչդեռ Վրաստանինն ու Ադրբեջանինն ընդամենը 1,5 դոլար է: Ինչո՞ւ է այդպես, որովհետեւ Հայաստանն ավելի ժողովրդավար է, քան հարեւաննե՞րը, ավելի շատ են հարգում մարդու իրավունքնե՞րը: Իհարկե ոչ: Ես շատ լավ տեղյակ եմ հայկական լոբբիի գործունեությանը, եւ այդ օգնության բաշխումը հենց նրանց շնորհիվ է: Կփոխի՞ արդյոք նավթատարը Կովկասի նկատմամբ վերաբերմունքը: Կարծում եմ, որ այս հարցը կարելի է ավելի շուտ տալ եվրոպացիներին, քան ամերիկացիներին: Նավթն այնտեղ է հոսելու: Այնպես որ, Կովկասն ԱՄՆ գլոբալ շահերի եւ հետաքրքրությունների մեջ չկա:
Հ.Գ. Միգուցե Հարավային Կովկասը, կամ կովկասյան երկրներն առանձին վերցրած չեն մտնում ամերիկյան գլոբալ քաղաքականության տրամաբանության մեջ, բայց չպետք է մոռանալ, թե նույն Սպիտակ տունը որքան մեծ ուշադրություն է դարձնում նավթային պաշարներին: Հենց այս հանգամանքով է ամերիկյան մամուլը բացատրում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի սպասվող այցը ԱՄՆ: 1990-ականներին ամերիկյան դատարանը Նազարբաեւին մեղադրանք էր առաջադրել ամերիկացի գործարարից 78 մլն դոլար կաշառք վերցնելու համար: Ջորջ Բուշը, որը միջազգային կլեպտոկրասիայի դեմ (օտարերկրացի բարձրաստիճան պաշտոնյաների կաշառարարություն, որ ստանում է միջազգային մակարդակ) պայքար էր հայտարարել, այժմ պատրաստվում է ընդունել դրա ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկին: Իսկ թե ինչո՞ւ, այդ հարցին պատասխանում է «Վաշինգտոն պոստը», գրելով. «15 մլն բնակչությամբ Ղազախստանը չափազանց կարեւոր դերակատարում ունի համաշխարհային էներգաշուկայում: Ունենալով ամենամեծ պաշարները Կասպյան ծովում, Ղազախստանն արտահանում է 1,2 մլն բարել օրական, որից 1 մլն-ն արտահանում է: Մինչեւ 2015 թ. Ղազախստանը մտադիր է ցուցանիշը հասցնել օրական մինչեւ 3,5 մլն բարելի` անցնելով Իրանին: Այժմ այդ նավթն արդյունահանելու համար մրցում են ռուսական եւ ամերիկյան ընկերությունները»: