Օրերս Ղարաբաղում էին գտնվում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` անհայտ կորածների հիմնախնդիրներով զեկուցող, հոլանդացի սենատոր Լեո Պլատվոետն ու միգրացիայի, փախստականների եւ բնակչության հարցերով ԵԽ ԽՎ կոմիտեի քարտուղար Մարկ Նեւիլը, որոնք հանդիպումներ ունեցան ԼՂՀ Արտգործնախարարությունում եւ Ազգային ժողովում:
Լեո Պլատվոետի խոսքերով, նա Լեռնային Ղարաբաղ է ժամանել անհայտ կորածներին առնչվող իրավիճակի մասին զեկույց նախապատրաստելու եւ այն ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանին ներկայացնելու նպատակով: «Զեկույցը կազմելու ժամանակ մենք մեր ուշադրությունը կկենտրոնացնենք միայն հիմնախնդրի մարդասիրական կողմի վրա»,- նշել է ԵԽ ԽՎ զեկուցողը:
Ինչպես ասվում է ԼՂՀ Արտգործնախարարության տեղեկատվության մեջ, Մասիս Մայիլյանը նշել է, որ անհայտ կորածների հիմնախնդիրը զուտ մարդասիրական է եւ նրա քաղաքականացումն՝ անթույլատրելի է:
«Մենք այն կարծիքին ենք, որ որոշ հարցեր, այդ թվում եւ` անհայտ կորածների հիմնախնդիրը, կարելի է լուծել մինչեւ խաղաղ պայմանագրի ստորագրումը: Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը առավելագույնս քաղաքականացնում է տվյալ ոլորտը»,- ասել է Մ. Մայիլյանը: Նա նաեւ հիշեցրել է, որ զինված դիմակայության տարիներին հազվադեպ չէին Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի պետական հանձնաժողովների արդյունավետ համագործակցության դեպքերը եւ, որ այժմ էլ պատրաստ են առանց նախապայմանների շփումներ հաստատել Ադրբեջանի պետական հանձնաժողովի հետ:
Նույն օրը հյուրերին ընդունեց նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, որը հանդիպման ժամանակ ափսոսանք հայտնեց, որ ադրբեջանական կողմը համառորեն խուսափում է ցանկացած, այդ թվում՝ մարդասիրական բնույթի հարցերի շուրջ ԼՂՀ-ի հետ ուղղակի շփումներից, ինչը բացասաբար է անդրադառնում նաեւ անհայտ կորած անձանց ճակատագրի պարզմանն ուղղված ջանքերի արդյունավետության վրա։
Լ. Պլատվոետը հանդիպել է նաեւ լրագրողների հետ: Այն հարցին, թե արդյոք բոլո՞ր կողմերն են հարցի շուրջ համագործակցելու պատրաստակամություն հայտնել, նա պատասխանեց, որ «բոլոր այն մարդիկ, որոնց ես հանդիպել եմ Երեւանում, Բաքվում, Ստեփանակերտում, խոսում են այն մասին, որ հարցը չպիտի քաղաքականացվի: Նրանք պատրաստակամություն են հայտնում համագործակցելու, ինչը կարող է օգտակար լինել ԿԽՄԿ հատուկ մեխանիզմի իրականացման համար: Այդ մեխանիզմը հենց նման հարցերի համար է մշակված` անհայտ կորածների որոնում, նրանց թաղման վայրերի հայտնաբերում եւ այլն: Այս մեխանիզմի գործունեության համար անհրաժեշտ է կողմերի համագործակցություն եւ մարդասիրական հարցերի քաղաքականացումից հրաժարում»:
ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի կարծիքով, Ադրբեջանի եւ Ղարաբաղի պետական հանձնաժողովների համագործակցությանը խոչընդոտում է մարդասիրական հարցերի քաղաքականացումը:
Հայտնի է, որ վերջին տարիներին Ադրբեջանը հրաժարվում է Ղարաբաղի հետ ցանկացած համագործակցությունից` պետական եւ ոչ կառավարական մակարդակով: Նույնիսկ դրա մասին հրապարակայնորեն հայտարարում են: Միգուցե հենց այդ ամենի հանդեպ միջազգային հանրության կողմից համարժեք գնահատականի ու քայլերի բացակայությո՞ւնն է պատճառը, որ ադրբեջանական կողմն այդպիսի համարձակությամբ մշտապես ռազմատենչ հայտարարություններ է անում ու հրաժարվում ցանկացած շփումից ու համագործակցությունից: Միշտ էլ միջազգային հանրությունը կարծես թե աչք է փակում այդ հայտարարությունների վրա, ինչն ինչ-որ տեղ զարմանալի է ու անտրամաբանական, մանավանդ, որ նրանք միշտ հայտարարում են, որ ձգտում են հակամարտող կողմերի միջեւ համագործակցության եզրեր գտնել: Հատկանշական է, որ այդ ջանքերն անարդյունք են՝ Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ անմիջական շփում կամ համագործակցություն ստեղծելու առումով: Այնինչ, Ղարաբաղի հետ կապված ցանկացած հարցի շուրջ, ըստ տրամաբանության, պետք է հենց Ղարաբաղի հետ բանակցել: