Միայն CNN-ով Լարրի Կինգը մեկ օրվա ընթացքում եթեր մտավ չորս անգամ, գրեթե բոլոր համապետական հեռուստաընկերությունների թոփ-թեման Ջոնբենետ Ռամսիի սպանության գործի նոր մանրամասներն էին: Ուղիղ հեռարձակումները Բանկոկից էին, որտեղ Թաիլանդի ոստիկանությունը ձերբակալել էր 41-ամյա ամերիկացի Ջոն Քարրին:
Բանկոկում ձերբակալված, մասնագիտությամբ ուսուցիչ Ջոն Քարրը հենց առաջին հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը ճիշտ չէ` սա ոչ թե առաջին աստիճանի սպանություն է, այլ երկրորդ: Որովհետեւ տասը տարի առաջ նա անփութության պատճառով է սպանել 6-ամյա Ջոնբենետին` մինչ այդ սրսկելով թմրանյութերով եւ բռնաբարելով երեխային: Իր լկտությամբ եւ սառնասրտությամբ այս մարդը դարձել է Ամերիկայի գլխավոր հակահերոսը: Արդյոք հենց նա՞ է մեղավոր 10-ամյա վաղեմության սպանության գործի մեջ, այդ դեպքում ինչո՞ւ նա չի եղել գլխավոր կասկածյալների ցուցակում: 6-ամյա երեխայի սպանության գործը նույնքան խորհրդավոր է, որքան հենց գլխավոր ամբաստանյալը:
Մինչեւ 10 տարեկանների համար անցկացվող գեղեցկության մրցույթում հաղթած 1996 թվականի «Միսս-Ամերիկան»` Ջոնբենետ Ռամսին, որ ապրում էր Կոլորադոյի նահանգի Բոլդեր քաղաքում, անհետացավ իր ննջասենյակից նույն տարվա դեկտեմբերին: Ոստիկանությունը գրեթե վարկած չուներ փոքրիկ աղջկա անհետացման պատճառների վերաբերյալ:
Մի քանի օր անց հայտնաբերվում է երկտող, որտեղ Ջոնբենետի առեւանգումն իր վրա էր վերցնում ինչ-որ մի «միջազգային անանուն ավազակախումբ»: Հանցագործները դրա դիմաց պահանջում էին 118 հազար դոլար փրկագին: Երկտողի բովանդակությունը երեխայի ծնողներն անմիջապես փոխանցեցին ոստիկանությանը: Հաջորդ իսկ օրը Ռամսի ամուսիններն իրենց նկուղում հայտնաբերում են երեխայի դիակը: Գեղեցիկ շորերով ու պճնված փոքրիկ գեղեցկուհու նկարները տեսնում է ամբողջ Ամերիկան:
Նախաքննությունն ընթանում է մեկ տարուց ավելի: Այդ ընթացքում ստուգվում էին գրեթե բոլոր վարկածները: Կասկածում էին անգամ ծնողներին: Այս վարկածի հիման վրա գործում ներգրավված քննիչներից մեկը գիրք է գրում, որտեղ նա երեխայի սպանության մեջ մեղադրում է Ռամսի ամուսիններին: Այս գրքի ու վարկածի համար Ջոնբենետի ծնողները դիմում են դատարան, որտեղ փորձում են ապացուցել իրենց անմեղությունը:
Այս ընթացքում հետաքննությունը նորից վերսկսվում է: Առաջ է գալիս նոր վարկած: Գործի քննությունն արդեն մոտենում էր ավարտին, երբ քաղցկեղից մահանում է Ջոնբենետի մայրը` Պատրիցիան: Արդեն օգոստոսին Կոլորադոյի դատարանը ոստիկանությանը թույլատրում է ձերբակալել Ջոն Քարրին:
41-ամյա Ջոն Քարրը մասնագիտությամբ ուսուցիչ է, ամուսնալուծված, ունի երեք որդի: Բանկոկում, իր ասելով, աշխատանք փնտրելիս է եղել: Քարրի կենսագրականը քննիչները գտել են ուսուցիչների աշխատանքի տեղավորման երկու գործակալություններում: Այնտեղ նա գրել է, թե աշխատել է ԱՄՆ-ի, Թաիլանդի դպրոցներում, անգամ Եվրոպայում, որտեղ գերմանական մի ընտանիքի երեխաներին «ուսուցանել է անգլերեն, խնամել, լողացրել ու հեքիաթ է կարդացել քնելուց առաջ»:
Հենց առաջին իսկ հարցաքննության ժամանակ Քարրն ասել է, որ չափազանց շատ է սիրել Ջոնբենետին եւ չի պատրաստվել նրան սպանել: Նա ասել է, որ փորձել է կապվել երեխայի ծնողների հետ, սակայն վախեցել է, որ չի կարողանա անանուն մնալ: Ի՞նչ է եղել այդ տարօրինակ գիշերը, երբ նա առեւանգել է երեխային, եւ ինչպե՞ս է հետո նա կարողացել ոստիկանության 24-ժամյա հսկողության ներքո երեխայի դիակը տեղափոխել Ռամսիների տան նկուղ. Ջոն Քարրն այս մասին լռում է: Նա ասել է, թե դա շատ մութ ու բարդ պատմություն է, եւ այն ներկայացնելու համար երկար ժամանակ կպահանջվի, իսկ ինքը չի ցանկանում վերհիշել դա:
Շուտով Ջոն Քարրը կկանգնի Կոլորադոյի դատարանի առջեւ: Նրան մեղադրանք է առաջադրված Ջոնբենետ Ռամսիին առեւանգելու, բռնաբարելու եւ սպանելու համար: Այս հոդվածը ենթադրում է մահապատիժ, որ Կոլորադայում չի վերացվել:
Թվում է, թե ամեն ինչ պարզ է: Բայց Ջոն Քարրի ձերբակալությունից հետո շատերը կասկածի տակ են առնում նրա վարկածը: Առայժմ անհայտ է, թե ինչպես պատահեց, որ նախաքննության ուշադրության կենտրոնում Ջոնը հայտնվեց տասը տարի անց: Քննիչներից մեկն, ի դեպ, ասել է, որ կան դեպքեր, երբ հոգեկան անհավասարակշիռ մարդիկ խոսոտովանում են սպանություններ, որոնք իրենք չեն արել: Ու հենց այս օրերին հայտնի է դարձել, որ Քարրն իրականում Թաիլանդ է այցելել ոչ թե աշխատանք փնտրելու, այլ բժշկական օպերացիայի համար: Նա այցելել է Բանկոկի հատուկ հիվանդանոց, որը մասնագիտանում է մարդկանց սեռը փոխելու մեջ: Այստեղ բժիշկները քննիչներին ասել են, որ Քարրը երեք անգամ այցելել է, հերթագրվել է, սակայն հոգեբանի հետ զրուցելուց հետո մերժում է ստացել:
Ինչո՞վ է իրականում զբաղվել այս մարդը, ոչ ոք գլուխ չի հանում: Լոս-Անջելեսի օդակայան ժամանելիս, ոստիկաններից նա փողկապ է խնդրել՝ «հավուր պատշաճի» ներկայանալու համար: Իսկ մինչ այդ Ամերիկան ցնցվում է նորություններից: Ամեն օր լրագրողներն ինչ-որ նոր բան են հայտնաբերում: Ամեն օր երկու լուսանկար է շրջում Ամերիկայում` սպանվածի ու սպանողի լուսանկարները: Ջոն Քարրն արդեն դարձել է պատմություն: Նրան այսօր նույնչափ չեն սիրում, ու նույն կրքով ատում են, որքան Սադամ Հուսեյնին ու Ֆիդել Կաստրոյին: Սա արդեն սոցհարցման տվյալ է: