ՀՀ կառավարությունը շուտով ԱԺ քննարկման կուղարկի երկքաղաքացիության մասին օրենքի նախագիծը: «Հայաստան-Սփյուռք» երրորդ համաժողովի ընթացքում ամենաքննարկվող թեման երկքաղաքացիության խնդիրն էր: ՀՀ կառավարության դիրքորոշումն այդ հարցի կապակցությամբ նախօրեին ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա համաժողովին մասնակից սփյուռքահայերին ներկայացրեց երկքաղաքացիության լավ ու վատ կողմերը: Ասում են, որ այդ ելույթից հետո շատ սփյուռքահայեր են սկսել մտածել, որ երկքաղաքացի լինելն իրենց համար ձեռնտու չէ:
Նախ, այլ երկրները, ՀՀ-ում բնակվող իրենց քաղաքացիների շահերի պաշտպանության պատրվակով, կաշխատեն ամեն կերպ միջամտել Հայաստանի ներքին գործերին: Գրեթե նույն վիճակը, ինչ տեղի է ունենում Աբխազիայի եւ Ռուսաստանի հարաբերություններում: Բացի այդ, այլ պետություններ կկարողանան իրենց քաղաքացիների միջոցով միջամտել ՀՀ ներքին քաղաքականությանը, եթե երկքաղաքացիներին վերապահվի ընտրելու եւ ընտրվելու իրավունք:
Դ. Հարությունյանի նշած հաջորդ փաստարկն այն է, որ Հայաստանի ռազմական պատրաստվածությունը կնվազի, քանի որ զինակոչիկների մի մասը կգերադասի ստանալ այլ երկրի քաղաքացիություն եւս եւ զինվորական ծառայություն անցնել այն երկրներում, որտեղ զինված պայքարի վտանգը նվազագույնն է:
Ըստ Դ. Հարությունյանի` երկքաղաքացիությունը, տնտեսական գործոնների պատճառով, կնպաստի արտագաղթի գործընթացներին: «Երկքաղաքացիությունը կնպաստի ՀՀ-ում երկու տիպի քաղաքացիների առաջացմանը: Այսինքն` անձանց, ովքեր միայն Հայաստանի քաղաքացի են, եւ` երկքաղաքացիների: Ու նման իրավունքների եւ պարտականությունների տարանջատումը կառաջացնի հակասահմանադրական իրավիճակ»,- ասել է նախարարը: Նրա բերած մեկ այլ փաստարկի համաձայն, Սփյուռքը եւս կբաժանվի 2 մասի, քանզի որոշ երկրներ ուղղակիորեն արգելում են երկքաղաքացիությունը:
Երկքաղաքացիությունը հնարավորություն կընձեռի ոչ միայն հայերին, այլեւ այլ անձանց` ստանալու երկքաղաքացիություն, գնելու Հայաստանում հող, ինչը, հողի գների ցածր լինելու պարագայում, կարող է դառնալ պոտենցիալ շատ մեծ վտանգ: Այստեղ իսկապես վտանգ կա, քանզի այդ դեպքում հողերի նկատմամբ պահանջարկը կտրուկ կաճի, գները կբարձրանան: Իսկ այն երկքաղաքացիները, ովքեր բնակվում եւ աշխատում են արտասահմանում, կլինեն ավելի գնողունակ, քան հայաստանաբնակները:
«Քանի որ երկքաղաքացիությունը չի կարող սահմանվել միմիայն հայերի համար, ապա ավելի անապահով երկրներից կարող է սկսվել մեծ հոսք դեպի Հայաստան, ինչը կփոխի երկրի ժողովրդագրական վիճակը»,- այսպիսի կարծիք էլ է առաջ քաշում Դ. Հարությունյանը: Նրա խոսքերով, երկքաղաքացիությունը նաեւ առաջացնում է իրավական բազմաթիվ խնդիրներ, որոնցից գրեթե անհնար է խուսափել:
Իսկ ի՞նչ է կորցնում օտարերկրյա քաղաքացին` դառնալով նաեւ ՀՀ քաղաքացի: «Առաջին հարցը` Հայաստանի տարածքում մյուս երկրի դիվանագիտական պաշտպանությունից օգտվելու իրավունքն է: Անձը` լինելով երկքաղաքացի Հայաստանում, իրավունք չունի հայցելու այլ քաղաքացիության երկրի պաշտպանությունը: Երկրորդը, ՀՀ տարածքում դատապարտվելու դեպքում անձն իրավունք չունի հավակնելու էքստրադիցիայի` իր մյուս քաղաքացիության երկիր. նա դիտվելու է ՀՀ-ի կողմից որպես միմիայն իր քաղաքացի: Երրորդ, որը բխում է նախորդներից. կալանավորման եւ ձերբակալման դեպքում, այլ քաղաքացիության երկրի դիվանագիտական մարմիններին տեղեկացնելու իրավունքը եւս վերանում է: Եվ չորրորդ, բայց առավել կարեւոր հարցը. օտարերկրյա ներդրող լինելու եւ դրա հետ կապված իրավունքները եւս վերանում են, որովհետեւ այդ պարագայում անձը համարվում է ՀՀ քաղաքացի-ներդրող: Թերեւս այս հարցն ամենամտահոգիչ հարցերից մեկը կարող է լինել օտարերկրացիների համար, հաշվի առնելով, որ նրանց ներդրումները հաճախակի պաշտպանված են լինում միջազգային երկկողմ պայմանագրերով: Իսկ դառնալով երկքաղաքացիներ, նրանք զրկվում են այդ պաշտպանության իրավունքից»,- իր ելույթում նշել է նախարարը: Նա նաեւ ասել է, որ կառավարությունը սթափ է գնահատում իրավիճակը եւ չի ակնկալում «հանկարծակի շատ մեծ հոսք, եւ բոլորի մոտ երկքաղաքացի դառնալու բուռն ցանկություն»: