Հայաստանի Հանրապետությունը, հավանաբար, աշխարհի ամենամիատարր երկիրն է: Բնակչության 97 տոկոսից ավելին հայեր են: Ազգային խտրականությունը որպես ներքաղաքական երեւույթ տրամաբանությամբ կարծես բացառված է: Եվ ահա «Արեւմուտքի տղայի» համբավ ունեցող Արթուր Բաղդասարյանը հայտարարում է. «Հայաստանի նախագահը պետք է լինի հայաստանցի»: Այն, որ մեր երկրի նախագահը պետք է լինի հայաստանցի՝ ամրագրված է օրենսդրությամբ: Մեզ՝ հայերիս ղափանցու, շիրակցու, գավառցու կամ երեւանցու տրոհելը եւս հնարավոր է` «եվրոպական» արմատներ ունի: Ժամանակակից Եվրոպայում այդ ռասսայական տրոհման գաղափարակիրը Լը Պենն է: Թերեւս միայն նրա տրամաբանությամբ կարելի է ղարաբաղցի-հայաստանցի հակասություն հորինել, որովհետեւ առողջ տրամաբանությամբ երկրին ոչ թե ծագումով Արթիկի Սպանդարյան գյուղից կամ ստեփանակերտցի պաշտոնյաներ են պետք, այլ պրոֆեսիոնալներ:
Հիշեցնենք, որ 2003թ. ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ Ա. Բաղդասարյանը պաշտպանելով ծնունդով ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը` հայտարարում էր, որ կապ չունի, թե Հայաստանի նախագահը ծնունդով որտեղացի է: Միգուցե այն ժամանակ Արթուր Բաղդասարյանը դա անում էր ամեն կերպ պառլամենտ մտնելո՞ւ համար: Այդ դեպքում, այսօր էլ ազգի հատվածներն իրար հակադրելով` նա այլ խաղ է սկսել: