ՀՀ Գլխավոր դատախազությունը շաբաթ օրը մեղադրանք է առաջադրել ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության «7-րդ» բաժնի պետ Արմեն Վիրաբյանի եւ նրա եղբոր` Գուրգեն Վիրաբյանի դեմ: Վերջիններս մեղադրվում են սեպտեմբերի 6-ին ՀՊԾ Օպերատիվ-հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանությունը կազմակերպելու եւ կատարելու մեջ: Ըստ դատախազության հաղորդագրության` նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Վիրաբյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (սպանություն` կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Վիրաբյանների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Վիրաբյանների փաստաբան Հովիկ Արսենյանը, անդրադառնալով պաշտպանյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքին, ասաց. «Ձերբակալման առաջին իսկ օրից առ այսօր որեւէ փաստական տվյալ չկա, որ նրանք առնչություն կամ մասնակցություն ունեն տեղի ունեցած հանցագործության հետ»: