«Ազգային թիվ մեկ գերխնդիր պետք է դիտվի ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված համահայկական ջանքերի գործադրումը», – երեկ հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ելույթ ունենալով Երեւանում բացված Հայաստան – Սփյուռք երրորդ համաժողովում, Ռ. Քոչարյանն ասել է. «Մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ ԼՂՀ գոյությունն անվիճելի փաստ է»: Նախագահի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փաստացիորեն իրագործեց եւ պաշտպանեց ինքնորոշման իր իրավունքը եւ այսօր արդյունավետ պետական շինարարության գործընթացում է: «Արցախում ձեռք բերված այս նվաճումներից հրաժարվելու մտադրություն ոչ ոք չունի», – ասել է ՀՀ նախագահը: Անդրադառնալով Բաքվում հնչող ռազմատենչ հայտարարություններին` նա ասել է. «Պատերազմի դեպքում հաղթանակը նվաճվում է ժողովրդի ոգով եւ մարտունակ բանակով, այլ ոչ թե հայտարարություններով»: Իսկ բանակցային գործընթացի մասին Ռ. Քոչարյանն ասել է. «Մենք ունեցել ենք բանակցային գործընթացի բազմաթիվ ելեւէջներ: Մի քանի անգամ մոտ էինք պայմանագիր կնքելուն, որը կամրագրեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը: Ափսոսանքով եմ ասում, որ դա չհաջողվեց»: