Այդ մասին հանրությանը հայտնի դարձավ նախորդ շաբաթվա վերջին, երբ ՍԻՄ նախագահության անդամների քվեարկությամբ նախագահության անդամությունից հեռացվեց
Հ. Բաբուխանյանը: Դրանից ընդամենը մի քանի օր առաջ էլ կուսակցությունից հեռացվել էր «Իրավունքի» տնօրեն Գեղամ Գրիգորյանը: ՍԻՄ-ի՝ սեպտեմբերի 16-ին հրավիրած համաժողովի ընթացքում կուսակցության նախագահի եւ նրա տեղակալի տարաձայնություններն ավելի ակնառու դարձան: Հ. Բաբուխանյանի կողմնակիցները հայտարարում են, թե իրենց մեկուսացնելը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի պատվերն է: Իսկ «Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանն էլ հիշեցրել է, թե երբ են Հ. Բաբուխանյանի դեմ սկսվել կուսակցական ճնշումները. այն ժամանակ, երբ «Իրավունքը» պրոբլեմ ունեցավ Ալեքսանդր Սարգսյանի (Սերժ Սարգսյանի եղբոր) հետ, եւ այժմ, երբ Հ. Բաբուխանյանն ի պաշտպանություն Հ. Գալաջյանի Ս. Սարգսյանին ուղղված բաց նամակով է հանդես եկել: Այլ կերպ ասած՝ ՍԻՄ-ի բաբուխանյանական թեւը խաչատրյանական թեւին մեղադրում է «Սերժի մարդը» լինելու մեջ, իսկ խաչատրյանական թեւն էլ Հ. Բաբուխանյանին մեղադրում է «միլիոնավոր դրամների հասնող» չարաշահումների համար: Եվ քանի որ ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են նյութական չարաշահումների դեպքեր, Հ. Խաչատրյանը համաժողովի ընթացքում առաջարկել է երեք ամսով սառեցնել Հ. Բաբուխանյանի գործունեությունը: Սակայն, զգալով ներկաների տրամադրությունները, Խաչատրյանը լքել է համաժողովը, եւ այն շարունակվել է առանց Հ. Խաչատրյանի: Իսկ ՍԻՄ-ում Հ. Բաբուխանյանի գործունեությունը երեք ամսով կասեցնելու Հ. Խաչատրյանի առաջարկը քվեարկության արդյունքում ստացել է ընդամենը 16 ձայն (ներկա են եղել 296 պատվիրակներ): Համաժողովի ընթացքում ընտրվել է ՍԻՄ-ի նոր նախագահություն, ՍԻՄ-ի փոխնախագահ է ընտրվել Հ. Բաբուխանյանը: Նա Հ. Խաչատրյանին հայտարարել է կուսակցության պատվավոր նախագահ, իսկ վերջինս իր բացակայությամբ առաջադրվել եւ ընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում: Հատկանշական է, որ այս խմորումների մասին խոսելիս Հ. Խաչատրյանն ու Հ. Բաբուխանյանը միմյանց հասցեին բավականին դրական են արտահայտվում: Ինչեւէ, երեկ էլ Հ. Խաչատրյանը հայտարարեց, թե ինքը չի ճանաչում վերոնշյալ ընտրությունների արդյունքները, քանզի նոր նախագահության բոլոր անդամներն, ըստ նրա, ընտրվել են կանոնադրական խախտումներով. նրանցից եւ ոչ մեկը չի ստացել ներկա պատվիրակների կեսից ավելիի ձայները, ինչը պահանջում է ՍԻՄ-ի կանոնադրությունը: Հ. Խաչատրյանի խոսքերով՝ կուսակցության մեջ վերջին ամիսների ընթացքում հեղաշրջում էր նախապատրաստվում, ինչը բացահայտվեց համաժողովի ընթացքում: «Իմ խնդիրն այն էր, որ ինձ համար կարողանամ գնահատել, արդյո՞ք ՍԻՄ-ն իր մեջ ամբողջությամբ ուժ է գտնում մնալ նույնքան անկախ, նույնքան դրսից անկառավարելի, որ եղել է այս տարիներին: Եվ դրա համար ես որոշեցի, որ դրա միակ միջոցը Բաբուխանյանի մեկուսացումն է կազմակերպչական աշխատանքների վերջին փուլից»,- երեկ նշեց Հ. Խաչատրյանը: Վերջինս չի ցանկանում լինել մի կուսակցության նախագահ, որը կանգնած է ինքնուրույնության կորստի առջեւ եւ հենց այդ կորուստն էլ կանխելու համար Հ. Խաչատրյանը պահանջում է, որ մինչեւ չորեքշաբթի օրը կուսակցության փոխնախագահի պաշտոնից երեք ամսով հրաժարական տա Հ. Բաբուխանյանը: Ըստ Հ. Խաչատրյանի, միայն այդ դեպքում հնարավոր կլինի առողջացնել ՍԻՄ ներքին մթնոլորտը: Նրա համոզմամբ՝ այն, որ համաժողովի ընթացքում Հ. Բաբուխանյանն առաջարկել է կուսակցության նախագահ ընտրել Հ. Խաչատրյանին, եղել է հեղաշրջման սցենարին համապատասխան: «Ինքն ինձ հետ փորձել է գործարքի գնալ այդ մասով: Ինքը եկել է ինձ մոտ, ասել է` իզուր ես կասկածում իմ վրա, ամեն ինչ լավ կլինի, դուրս է եկել, իր կողմնակիցներին ասել է` ո՞ւր պետք է գնա Հրանտը, ես եմ իրեն պահել, հիմա ստիպված պետք է համաձայնվի: Դա է եղել ճշմարտությունը»,- ասում է Հ. Խաչատրյանը: Նա Հ. Բաբուխանյանի վրա ազդելու հնարավորություն ունեցող անձանց կոչ է անում «կանգնեցնել նրան եւ հետ պահել սխալ ճանապարհից, քանի դեռ ուշ չէ»: Ըստ Հ. Խաչատրյանի, Հ. Բաբուխանյանը ֆինանսական հարցերով զբաղվել է իր հանձնարարությամբ, եւ ինքը որեւէ քրեական բան նրա գործունեության մեջ չի տեսնում: Հ. Խաչատրյանի վկայությամբ՝ վեճի առարկա է եղել մոտ 3 միլիոն դրամի չափով 2 փաստաթղթերի անհամապատասխանությունը` թերթ տարածող կազմակերպության եւ «Իրավունքի» միջեւ: Հ. Խաչատրյանի խոսքերով՝ էլի կան բավականին մեծ միլիոնների հասնող գրանցված պարտքեր, որոնք ըստ էության չվերադարձվող, անհուսալի պարտքեր են, եւ այստեղ, ըստ բանախոսի, կա հովանավորչության հետք: ՍԻՄ նախագահի խոսքերով՝ կուսակցության հոսքերը պայմանավորված են եղել նաեւ որոշ քաղաքական կոմպրոմիսներով, որոնք արտահայտվել են «Իրավունքի» էջերում: «Եղել են որոշ կոմպրոմիսներ քաղաքական գովազդի առումով, այն կոմպրոմիսները, որոնք վտանգավոր չեն եղել կուսակցության գործունեության համար»,- ասում է նա՝ առանց նշելու, թե հատկապես ի՞նչ քաղաքական ուղղության հետ է եղել կոմպրոմիսը: Ըստ Հ. Խաչատրյանի, ՀՀ-ում, որպեսզի մամուլը գովազդ ստանա, «պետք է որոշակի պայմանավորվածություններ լինեն այդ տանիքների հետ, որպեսզի նրանք տան»: «Ես կրկնում եմ, որ այդ հատվածում վտանգավոր, վնասակար եւ բարոյական սկզբունքներից ցածր որեւէ բան չի եղել»,- նշեց ՍԻՄ նախագահը՝ հավելելով, թե մինչ այս անվտանգ կոմպրոմիսներն այժմ ունեն վտանգավոր միտումներ: Նա նշում է, որ այդ դեպքում կուսակցությունն ուղղակի կդառնա այլ ուժերի խաղալիք, իսկ թե հատկապես ո՞ր ուժերի, երեկ նա այդպես էլ չասաց: Իսկ եթե մինչեւ չորեքշաբթի օրը Բաբուխանյանը չկատարի Խաչատրյանի պահանջն ու հրաժարական չտա, Հ. Խաչատրյանն ընդհանրապես կհեռանա քաղաքականությունից, եւ չի զբաղվելու նույնիսկ հասարակական աշխատանքով: Նա նույնիսկ, աշխատանք գտնելու հույսով, երեկ լրագրողների միջոցով դիմեց որակյալ ռադիոինժեների (դա Հ. Խաչատրյանի մասնագիտությունն է) կարիք ունեցող ընկերություններին: Իսկ քաղաքականությունից հեռանալու դեպքում Հ. Խաչատրյանը չի պատրաստվում վայր դնել պատգամավորական մանդատը: Նշելով, թե վաղուց է մանդատը վայր դնելու մտադրություն ունեցել, նա ասաց, թե իրեն այդ քայլից ետ է պահել այն, որ նախ` պաշտպանված լինելու համար կուսակցությունը պետք է խորհրդարանական լինի եւ երկրորդ` «Հ. Խաչատրյանը քանի դեռ ասպարեզում է, քանի դեռ դուրս չի եկել քաղաքականությունից ամբողջությամբ, իր երաշխիքները չի ունեցել, որ կկարողանա զբաղվել այլ աշխատանքով, պետք է ունենա հրապարակային վերջին խոսքի իրավունք, եւ դա ԱԺ վերջին ելույթն է պահակախմբի ներկայությամբ»,- իր մասին ասաց Հ. Խաչատրյանը: «Այդ մանդատի անձեռնմխելիությունն ինձ համար մեկ ելույթի, հրապարակային ելույթի հնարավորություն է, ես այդ հնարավորությունից ինձ չեմ զրկի, այդ հնարավորությունը ես կպահեմ այնքան ժամանակ, որքան որ ստացել եմ ժողովրդի վստահությամբ»,- նշեց նա: Իսկ Հայկ Բաբուխանյանը երեկ մեզ հետ զրույցում նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ իր գործողությունները կամայական չեն, եւ իրեն համագումարն ընտրել է կուսակցության գործունեությունը բնականոն համակարգելու համար: Իսկ Հ. Խաչատրյանի նշած ֆինանսական չարաշահումների առիթով էլ Բաբուխանյանն ասաց. «Ես ինքս եմ բացահայտել անկարգապահության որոշ պահեր, եւ այդ պահերը պահանջում են, որպեսզի կուսակցության նախագահը եւ գլխավոր հաշվապահը հաշվետվություն տան, թե ինչո՞ւ է այդ հարցերում որոշ անկազմակերպ վիճակ կատարվում»: Նրա խոսքերով՝ ինքն արդեն ութ ամիս շահագրգռված է, որպեսզի այդ հարցերը բացահայտվեն: Նա նաեւ վստահեցնում է, որ կուսակցության քաղաքական գիծը Հ. Խաչատրյանի հեռանալու դեպքում չի փոխվելու: Ավելին` նշում է, որ կուսակցությունն այլ ուժերի ձեռքին խաղալիք չի դառնալու եւ իր ուղուց չի շեղվելու: