ՀՀՇ-ն պատրաստվում է առաջիկա քաղաքական գործընթացներին լուրջ մասնակցություն ունենալ: 2007թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀՇ-ն մասնակցելու է ոչ թե մի քանի պատգամավորական տեղ ձեռք բերելու, այլ իշխանության հասնելու համար: Երեկ «Փակագիծ» ակումբում ասուլիսի ժամանակ իրենց ծրագրերի մասին հայտարարեց ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը:
«Առավելագույն ծրագիրն է` խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանություն վերցնել, կամ էլ ԱԺ-ում այնքան տեղ վերցնել, որ կարողանաս լուրջ դերակատարում ունենալ խորհրդարանում: Այսօրվա ԱԺ-ում եթե ինձ ձրի պատգամավորական 5 տեղ էլ տան, ես չեմ գնա, որովհետեւ եթե դաշտն ամբողջովին կեղծ է, կրիմինալ է, մաֆիոզ է, ապա գնամ այնտեղ` ինֆարկտ կստանամ»,- ասաց պարոն Մանուկյանը: Իսկ մեր հարցին, թե այսօրվա իշխանությունների օրոք որքանո՞վ է իրականանալի ՀՀՇ-ի ցանկությունը, այն է` ազատ-արդար ընտրությունների միջոցով հասնել իշխանության, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Մի կողմից` ճիշտ եք, այս իշխանություններն ամեն կերպ պետք է փորձեն կեղծել: Մյուս կողմից էլ` այսպես չեն կարող շարունակել, քանի որ ժողովրդի համբերության բաժակը կլցվի: Եվ, ի վերջո, հո սովետական ԿԳԲ-ից էլ ուժեղ չե՞ն սրանք»: Նշենք, որ ՀՀՇ-ն, չնայած իր առջեւ դրված խնդիրներին, դեռեւս չի որոշել, թե ինչ ձեւաչափով է մասնակցելու ընտրություններին: Ըստ Արամ Մանուկյանի` ՀՀՇ-ն այնքան ուժեղ չէ, որ միայնակ կկարողանա «ամբողջ իշխանությունը վերցնել», ուստի հիմա փնտրում են գաղափարակից կուսակցություններ, որոնց հետ հնարավոր լինի գնալ ընտրությունների: «Հակված ենք, որ ՀՀՇ-ն գնա այլ ուժերի հետ համատեղ, բայց ոչ ուրիշին կցվելով: Չի լինելու այդպիսի բան: Սակայն այսօր վախենում ենք գնալ այնպիսի ուժերի հետ, որոնք կարող են ճանապարհի կեսից կամ վճռական պահերին մեզ «քցել»: Դրա համար էլ շատ քաղաքական ուժերի կասկածանքով ենք նայում»,- ասում է Արամ Մանուկյանը` հիշեցնելով, թե ինչպես ՀՀՇ-ին հավատարիմ պաշտոնյաները 1998թ. մեկ գիշերվա ընթացքում փոխեցին ճամբարը: Հենց դա աչքի առաջ ունենալով` այսօր իրենք վախենում են հերթական անգամ «քցվելուց»: Մյուս կողմից, ըստ Ա. Մանուկյանի, այսօր չկա այն հզոր քաղաքական, ընդդիմադիր ուժը, ում «գաղափարախոսության հիմքում ՀՀ անկախությունն է»: ՀՀՇ վարչության անդամի կարծիքով` ՀՀ քաղաքական ուժերի, հատկապես ընդդիմության մեծ մասը «ռուսական օրիենտացիա ունեցողներ են»: Իսկ այդ ուժերի հետ ՀՀՇ-ն ճանապարհ չունի գնալու, քանի որ Ա. Մանուկյանի բնութագրմամբ, այդ ուժերն ուզում են իշխանության գալ սեփական երկրի անկախությունը նվազեցնելու հաշվին: «Ի սեր Աստծո, մեզ իշխանություն պետք չէ, եթե պետք է իշխանության գանք ՀՀ անկախությունը մսխելու կամ կրճատելու ճանապարհով»,- ասաց նա:
Ա. Մանուկյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՀՇ-ն ժողովրդի մոտ այսօր ունի՞ այն վստահությունը, որ կարողանա ընտրությունների ժամանակ բավարար քվե ստանալ: Արամ Մանուկյանի կարծիքով` ժողովրդի մոտ ՀՀՇ-ի հանդեպ վստահությունը վերականգնելու համար իրենց հարկավոր է ընդամենը 40 հեռուստատեսային օր: «Էլեկտորատը հիմնվում է ասածի վրա: Իսկ որպես մեր էլեկտորատ, դիտում ենք այն մարդկանց, ովքեր ուզում են, որ ՀՀ-ն դուրս չմնա տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերից: Մեր ընտրազանգվածը երիտասարդությունն է, որը բաց հասարակության, միջազգային ինտեգրացիայի կողմնակից է, սեփականատիրական բլոկն է, այն մտավորականներն են, որ ուզում են ազատ ստեղծագործել եւ ոչ թե վազել «բրոշկաների» հետեւից»,- վստահ է Արամ Մանուկյանը:
Երկու օրից կլրանա ՀՀ Անկախության 15-րդ տարելիցը: Արամ Մանուկյանը, ում 15 տարի առաջ բախտ վիճակվեց Գերագույն խորհրդի ամբիոնից կարդալ Անկախության հռչակագիրը, այսօր ասում է, որ ժողովրդի մոտ չկա 1991 թվականի ոգեւորությունը: Եվ եթե այսօր անկախության եւս մեկ հանրաքվե անցկացնենք, ապա հաստատ 95 տոկոս «այո» ձայն չենք ստանա: «Դրա պատճառն այսօրվա իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունն է: Իշխանություններն իրենց աթոռները պահում են Ռուսաստանի աջակցությամբ՝ դրա փոխարեն տալով մեր ժողովրդի անկախությունն ու անվտանգությունը: Միջազգային պայմանագրով մեր հողերի մի մասը, որի վրա տեղակայված են ռուսական բազաները՝ անժամկետ եւ անվարձահատույց տրամադրված է ՌԴ-ին: Դա խիստ թուլացնում եւ մսխում է մեր անկախությունը,- ասում է Ա. Մանուկյանը` ավելացնելով,- Այսօր աշխարհում ավելի մեծ թիվ են կազմում անկախություն չունեցող երկրները, եւ պատժվում են այն ազգերը, որոնք կորցնում են իրենց անկախությունը կամ այն ձեռք բերելու հնարավորությունը: Հիմա այդ պատիժը կախված է նաեւ մեր երկրի գլխին, եթե անկախությունը որպես պետություն կառուցելու միջոց չկարողանանք պահել»: Ըստ Ա. Մանուկյանի` այսօրվա իշխանությունները չեն սիրում անկախությունը: «Այսօրվա իշխանություններն անկախություն չեն սիրում, իրենց իշխանությունը պահում են ՀՀ անկախության, անկախությունը պակասելու հաշվին` պարազիտի նման, ծառին աճած փայտասնկի պես»: Ի դեպ, Ա.Մանուկյանը նաեւ նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը եւս իր ներդրումն է ունեցել անկախության ձեռք բերման, ԼՂՀ ազատագրման հարցում: Սակայն ՀՀՇ վարչության անդամը վստահ է, որ այսօրվա Ռոբերտ Քոչարյանը նախկին Ռոբերտ Քոչարյանը չէ: «Ռոբերտ Քոչարյանի հետ ես շփվել եմ, աշխատել եմ, տարիներ շարունակ իրար կողքի ենք նստել, նա չի եղել այն, ինչ-որ այսօր կա: Եղել է նորմալ, համեստ, լեգենդար մարդ Հայաստանի եւ Ղարաբաղի համար: Նրան ինչ-որ մեկը փչացրել է, բայց ով` չգիտեմ: Ես չեմ ճանաչում այսօրվա Ռոբերտ Քոչարյանին` փոխվել է ահավոր: Ռ. Քոչարյանը ՀՀ-ում ուներ իմ նման տասնյակ ընկերներ, մենք մի գործի էինք ծառայում` ԼՂՀ ազատագրման գործին: Այսօր Ռոբերտ Քոչարյանի շրջապատում այն տարիների տղաներից ոչ մեկը չկա: Ավելին. նրա խորհրդականների մեջ չկա մեկը, որ գոնե երեք անգամ կուսակցություն չի փոխել, կուսակցություններին չի «քցել»: Եվ ընդհանրապես, այսօր ՀՀ իշխանությունը կազմված է «քցող» մարդկանցից,- ասում է նա ու ավելացնում,- Մենք հավատում էինք այդ մարդկանց, որոնք հետո` մարագ մտած կատվի նման հարձակվեցին անկախության վրա, սկսեցին ուտել»: Ի դեպ, Ա. Մանուկյանը հենց այդպիսի մարդկանց իշխանության բերելը համարում է ՀՀՇ-ի մեծագույն սխալը: «Մենք մեզ շրջապատել էինք «քցող», պատեհապաշտ, կոնյունկտուրային նվիրված, պաշտոնին նվիրված մարդկանցով»: Մանուկյանի խոսքերով, ՀՀՇ-ն իր իշխանության տարիներին արել է սխալներ, սակայն մեր պետականությանը վնասող քայլեր երբեք չի արել: