«Օրինաց երկիր» կուսակցության պաշտոնաթերթն ամեն շաբաթ հայտարարություն է տարածում այն մասին, թե ՕԵԿ այն անդամները, ովքեր կցանկանան աշխատել ավտոփականագործի, ավտոմեխանիկի, շարժիչ նորոգողի, խառատի, կռունկավարի, բեռնատար եւ մարդատար մեքենաների վարորդների, պահակի, հեռախոսավարուհու եւ այլ մասնագիտություններով, կարող է անմիջապես զանգահարել իրենց, ու նրանց անպայման կտեղավորեն աշխատանքի: Սակայն միայն այն դեպքում, երբ վերոնշյալ գործազուրկ արհեստագործներն ՕԵԿ-ականներ են: Այս հայտարարությունը կարդալուց տպավորություն է ստեղծվում, թե ՕԵԿ-ը, հատկապես ավտոսպասարկման ոլորտում, լուրջ բիզնես կազմակերպություն է, որն իր օգտակար գործողության գործակիցն` ՕԳԳ-ն, ապահովելու համար աշխատողների պակասորդ ունի:
Իրականում, ՕԵԿ մեր աղբյուրների հավաստմամբ, այդ հայտարարությունը «բլեֆ» է, եւ այն հիմնականում նպատակ ունի` գործազուրկ մարդկանց, ովքեր աշխատանք փնտրելու ակնկալիքով դիմում են այս կամ այն աշխատանքի տեղավորման գործակալություն, իրենցով անել ու «բռնացնելուն» պես դարձնել ՕԵԿ-ական` միաժամանակ խոստանալով լուծել նաեւ նրանց զբաղվածության հարցը: Բանն այն է, որ ՕԵԿ-ը միայն այս հայտարարությամբ չի սահմանափակվում. ՕԵԿ-ի մասին վերջին շրջանում շա՜տ տարբեր լուրեր են շրջանառվում: Օրինակ, ասում են, որ Դավթաշենում, Մալաթիայում, Կենտրոնում, ինչպես նաեւ մարզերում ու գյուղերում ՕԵԿ-ականները գործում են աղանդների պես: Ընկնում են տնետուն, մարդկանց գլխին քարոզներ են կարդում իրենց պաշտելի «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի մասին, ժողովրդին փորձում են համոզել, որ Ա. Բաղդասարյանն այնքան մաքուր ու ազնիվ մարդ էր, որ այս իշխանություններին երեք տարի գովաբանելուց հետո վերջին մեկ տարին չկարողացավ աշխատել ու համարձակվեց նրանց ասել` ես գնում եմ` ձեզ ընդդիմություն դառնամ: Դռնեդուռ ընկած ժամանակ ՕԵԿ-ականները, որոնց ՕԵԿ-ում ասում են` գործ անողներ, ժողովրդին բաժանում են «Օրինաց երկրի» պաշտոնաթերթը, համոզում են կարդալ հատկապես վերջին էջը, որտեղ մի քանի ՕԵԿ-ականներ բացատրում են, թե ինչո՞ւ է պետք անդամագրվել հատկապես «Օրինաց երկրին»: Ու քանի որ վերջին ամիսներին ՕԵԿ-ից դուրս եկողների քանակն օր օրի ավելանում է, ՕԵԿ-ում ստիպված են դիմել տարբեր մեթոդների` ցույց տալու համար, որ ոչ ոք չի կարող «ժողովրդավարության դրոշակակիր» ՕԵԿ-ին քայքայել: Բայց քանի որ իրականում այն քայքայվում է` նրանք սկսել են տարածել նաեւ նմանատիպ հայտարարություններ ու արշավներ կազմակերպել մարդկանց տները: Ասում են, որ ՕԵԿ-ն իրականում փորձում է նաեւ որոշ մարդկանց աշխատանքի տեղավորման հարց լուծել: Բայց այդ որոշները պետք է ակտիվ լինեն ու կարողանան, ասենք, որեւէ տաքսի ծառայությունում վարորդ աշխատելով` հաճախորդ ուղեւորներին ու իր շրջապատին համոզել անդամագրվել ՕԵԿ-ին: Ասում են` այդ մարդկանց վրա ամեն ամիս «նալոգ» է դրված` 15-ից ոչ պակաս մարդ դարձնել ՕԵԿ-ական: Շատերը չեն դիմանում այս ծանրությանն ու դուրս են գալիս եւ տաքսի ծառայությունից, եւ ՕԵԿ-ից:
ՕԵԿ պաշտոնաթերթի համարներից մեկում, օրինակ, գրված էր. «Ոմանք փափագում էին «Օրինաց երկիր» կուսակցությունը փլուզված տեսնել, ոմանք իրենց այդ փափագը նույնիսկ իրականության տեղ էին հրամցնում՝ իբր ՕԵԿ շարքերում «դեմոնտաժ» է գնում: Սխալվեցին, իսկ շատերն էլ, ինչպես ժողովուրդն է ասում, խոր «մանդրաժ» ընկան, որովհետեւ սկսվել է խիստ հակառակ գործընթացը: ՕԵԿ բոլոր կազմակերպություններն ուղղակի հեղեղված են կուսակցության շարքերն ընդունվել ցանկացողների դիմումներով: Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում կուսակցության շարքերն է ընդունվել… 5171 մարդ: Այդքան կուսակցականներ մեր շատ կուսակցություններ միասին վերցրած չունեն: Այնպես որ, ՕԵԿ անդամների թիվն արդեն անցել է 65.000-ից, եւ աճի միտումներն ավելի ու ավելի են մեծանում»: Հասկանալով, որ դժվար թե այս տողերը կարդալուց հետո որեւէ մեկն ընկնի «խոր մանդրաժի» գիրկը, ՕԵԿ պաշտոնաթերթը նաեւ սպառնացել էր. «Հաջորդ համարում մենք նախատեսում ենք ներկայացնել 100-ից ավելի նորագիրների դիրքորոշումներն ու կարծիքներն իրենց կայացրած որոշման կապակցությամբ՝ ըստ տարբեր մարզերի ու բնակավայրերի»:
Ու մարդկանց «խոր մանդրաժի» մեջ տեսնելու համար ՕԵԿ-ն իր սպառնալիքն իրականացրեց` տպագրելով «նորագիր» ՕԵԿ-ականների կարծիքները: Իսկ թե ընթերցողն ինչպես է իմանալու, որ նրանք «թոփթազա» ՕԵԿ-ականներ են` պարզ չէ:
Բայց ամենաուշագրավն այն է, որ բոլոր «նորագիրները» չեն նշում, թե կոնկրետ ՕԵԿ ո՞ր լավ գործի համար են անդամագրվել այդ կուսակցությանը: Օրինակ, Լուսյա Խաչատրյանը գրում է, որ ինքը մանկուց սիրել եւ կատարել է տարբեր հասարակական աշխատանքներ, եղել է կոմերիտմիության քարտուղար, իսկ կոմունիստական հասարակարգի փլուզումից հետո որեւէ կուսակցության գաղափարախոսություն չի ընդունել, որովհետեւ այնտեղ չի տեսել մաքրություն, ազնվություն, արդարություն:
Բայց` «Ինձ բախտ վիճակվեց մոտիկից ճանաչել մի խումբ օեկականների, եւ որոշեցի անդամագրվել ՕԵԿ-ին, մասնակցել այն ծրագրերի իրագործմանը, որոնք այս քաղաքական ուժը դրել է իր առջեւ»,- գրում է Լ. Խաչատրյանը` չնշելով, թե ՕԵԿ ծրագրի ո՞ր մասն է ցանկանում ինքն իրականացնել: Փոխարենը` Լ. Խաչատրյանը նշում է, որ ՕԵԿ-ական դառնալուց հետո սկսել է ինքն իրեն «նախատել», թե ինչո՞ւ ավելի շուտ չի անդամագրվել այդ կուսակցությանը:
Իսկ թոշակառու Վալենտինա Հարությունյանը խոստովանում է, որ տարիների ընթացքում ուշի ուշով հետեւել է քաղաքական զարգացումներին, բայց երբեւէ ցանկություն չի ունեցել հարել այս կամ այն քաղաքական ուժին: «Իսկ ՕԵԿ եկա կոնկրետ իմ կողմից հարգված մի անձի համար, բայց շփվելով ՕԵԿ-ականների հետ, ուսումնասիրելով կուսակցության կանոնադրությունը, հասկացա, որ սա այն միակ քաղաքական ուժն է, որի համար պիտի իմ ուժերը ներդնեմ,- գրում է Վ. Հարությունյանը` որոշակիացնելով, թե իր կողմից հարգված մի անձն ով է, որի համար անդամագրվել է ՕԵԿ-ին,- Ես շատ բարձր եմ գնահատում ՕԵԿ առաջնորդին, ով դուրս է եկել ժողովրդի միջից, դարձել նրա դարդ ու ցավին դարման անողը: Նա ավելի շատ մտածում է ոչ թե իր պաշտոնի, կարիերայի մասին, այլ երկրի ու ժողովրդի մասին, ու ես համոզված եմ, որ գալիք ընտրություններում հաղթողի պատվանդանին նա է կանգնելու»:
Ի դեպ, ՕԵԿ «նորագիրները» հաճախ են խոստովանում, որ իրենք ՕԵԿ ծրագրերից, գաղափարախոսությունից անտեղյակ մարդիկ են, ինչից տպավորություն է ստեղծվում, թե հենց նրանք են ՕԵԿ պաշտոնաթերթի վերոնշյալ հայտարարության հետքերով «Օրինաց երկրի» ձեռքն ընկածները: Օրինակ, տեխնիկ-տեխնոլոգ Արմինե Մաթանյանը գրում է, որ երբ ինքն «ընդունվեց» ՕԵԿ, այնքան էլ լավ ծանոթ չէր քաղաքական ուժի ծրագրերին, կանոնադրությանը: «Ճանաչում էի միայն Արթուր Բաղդասարյան քաղաքական գործչին, ով նպատակաուղղված առաջ էր ընթանում, եւ իմ մի քանի ընկերուհիներին, ովքեր ՕԵԿ անդամ էին… Մարդիկ ինձ հաճախ են հարցնում, թե ինչ է տալիս ինձ այս կուսակցությունը: Ես պատասխանում եմ, որ այստեղ կա արդարություն, ազնվություն, լավ ընկերություն…»,- խոստովանում է տեխնիկ-տեխնոլոգը:
Ուսանողուհի Մարի Սաղաթելյանն էլ, ով կարծել է, թե ինքը քաղաքականությամբ առանձնապես չի հետաքրքրվել, «մի պահ» հասկացել է, որ ոչ թե երբեմն-երբեմն է հետեւում ՕԵԿ գործունեությանը, այլ` միշտ, այն էլ`շատ աչալրջորեն: «Որպես երիտասարդ՝ ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչպիսին է ՕԵԿ-ի վերաբերմունքը երիտասարդության նկատմամբ, ինչ քայլեր է անում երիտասարդության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ եւ այլն,- գրում է երիտասարդ Մարին,- Արդյունքում ես հասկացա, որ ՕԵԿ-ը ուշադրության կենտրոնում է պահում հասարակության բոլոր հատվածներին, հատկապես երիտասարդներին՝ նրանց համարելով ապագայի տերեր»:
Խնայելով ընթերցողների համբերությունն ու նյարդերը, չենք շարունակում ՕԵԿ «նորագիրների» մտքի գոհարները հրապարակել: Կարծում ենք` այսքանն էլ բավարար է հասկանալու համար, որ ՕԵԿ հայտարարությունները, թե իրենց կուսակցությունը միայն վերջին մեկ ամսում համալրվել է եւս 5171 մարդով, ընդամենը «խոր մանդրաժի» հետեւանք է: Դրա փայլուն ապացույցներից մեկն էլ այն է, որ ՕԵԿ-ին այսօր շատերը համեմատում ու շփոթում են Հայաստանում վխտող աղանդավորների հետ, ովքեր ամեն օր անկոչ ու աներես հյուրի պես անծանոթ մարդկանց դռներն ընկած քարոզում են հավատալ Արթուր Բաղդասարյանի «մաքրությանն ու ազնվությանը»: Միայն ափսոս, որ մարդիկ չեն հավատում ոչ Արթուր Բաղդասարյանի մաքրությանն ու ազնվությանը, ոչ էլ աղանդավորներին: