Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան որոշել է առաջադրել իր թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի կառավարությունները սեպտեմբերի 16-ին առաջարկել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել Վիկե-Ֆրեյբերգայի թեկնածությունը: «Հայտարարում եմ այդ պաշտոնում քվեարկվելու իմ համաձայնության մասին»,- երեկ հայտարարել է Լատվիայի նախագահը: Այս տարի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան պետք է նոր գլխավոր քարտուղար ընտրի: Քոֆի Անանը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է վերջին 10 տարվա ընթացքում, նույնպես ցանկություն է հայտնել, որ իրեն փոխարինողը կին լինի: Իր հայտարարության մեջ Վայրա Վիկե -Ֆրեյբերգան փաստել է, որ «60 տարվա ընթացքում կանայք երբեք չեն դիտվել որպես ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնին հավակնող լուրջ թեկնածուներ, թեեւ, գլխավոր ասամբլեայի բանաձեւի համաձայն, գլխավոր քարտուղարի թեկնածությունների ընտրության ժամանակ պետք է հաշվի առնվի սեռերի հավասարության սկզբունքը»: