Քանդվող եւ վերակենդանացող խաչքարեր

20/09/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Ես հավատում եմ, որ խաչքարերը կենդանի էակներ են…Նրանք պատմության վկաներն են, որոնք ապրում են` ցուցադրելով բնության հետ նույնանալու մարդու բարձագույն ձգտումը»,- համոզված է նկարիչ Արարատ Սարգսյանը, ով իր ստեղծագործական կյանքի ընթացքում բազմաթիվ գեղանկարչական նախագծեր է իրականացրել` հաճախ իրար ձուլելով արվեստի տարբեր տեսակները, նյութերն ու ստեղծագործական տեխնիկաները:

Ա. Սարգսյանը Նոր Ջուղայի խաչքարերի ոչնչացումն «իսկական մշակութային վանդալիզմ է» անվանում, որին արձագանքում է «Խաչքարեր» յուրահատուկ ակցիայով: Նոր Ջուղայում գտնվող 10.000 խաչքարերից 36-ը նա վերականգնել է թղթի եւ մետաքսի վրա` գեղեցիկ գունազարդ բուկլետում դասավորելով դրանք այբբենական կարգով: Յուրաքանչյուր խաչքարը մեկ տառ է դարձել, մեկ պատկեր եւ մեկ ճակատագիր: Նախագիծը ներառում է նաեւ երկու փոքր ֆիլմ, որոնցից մեկը` քանդելու մասին է, իսկ մյուսը` վերականգնելու: «Շատ եմ կարեւորում ինքնության հարցը: Ազգեր կան, որոնք ինքնահաստատվում են` քանդելով ուրիշների արածը, ազգեր էլ կան, որոնք սարքելու մեջ են իրենց ինքնությունը տեսնում»,- ասում է Ա. Սարգսյանը: Մի ֆիլմում ցուցադրվում են այն կադրերը, որտեղ ադրբեջանցի զինվորականները հողին են հավասարեցնում հայկական խաչքարերը եւ հայկական գերեզմանոցի փոխարեն զինվորական հրաձգարան սարքում, իսկ մյուս ֆիլմը պատկերում է 36 խաչքարերի երկրորդ ծնունդը` քայլ առ քայլ, բոլոր մանրամասնություններով ներկայացնելով խաչքարերի պահպանված բեկորների, լուսանկարների մշակումը, թղթային հիմքի ստեղծումն ու խաչքարերի արարումը, որը տեղի է ունեցել նկարչի արվեստանոցում: Ա. Սարգսյանը սովորաբար ինքնուրույն եւ սեփական դեղատոմսերով է ստեղծում այն կտավային կամ թղթային հիմքը, որը հետագայում պետք է նկար դառնա: Եվ այս նախագծում թղթի պատրաստումը որոշակի խորհրդանշական երանգ է ստանում` անշտապ եւ խնամքով ստեղծելով կարելի է հակահարված հասցնել վանդալիստական մոտեցմանը: Համենայնդեպս, այլ բան անել, կարծես թե, չենք կարող: Նոր Ջուղայի խաչքարերի կորստից ծնված ափսոսանքի զգացումը մեր հասարակության մեջ զուտ ափսոսանք էլ մնաց, քանի որ բոլոր բողոքները միջազգային կազմակերպություններում ոչ մի արձագանքի եւ հատուցման չարժանացան: Նոր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը չընդունվեց որպես «վանդալիզմ»: Եվ նման դեպքեր կանխելու եւ պատժելու միջադեպ չստեղծվեց:

Խաչքարերի վերականգնումը Ա. Սարգսյանի նախագծում սոսկ պատմա-փաստագրական վերակենդանացում եւ խաչքարերի գեղագիտական որակը պահպանելու փորձ չէ, այլեւ` անտարբեր չլինելու կոչ է: «Սա իմ արտիստական բողոքն է, իմ մտահոգությունն է, որը ես փորձում եմ փոխանցել հանդիսատեսին»,- ասում է Ա. Սարգսյանը: «Խաչքարեր» գիրք-բուկլետն անգլերեն լեզվով է գրված, հեղինակի ցանկությունն այն տարբեր դեսպանատներում եւ երկրներում տարածելն է: «Վաճառքն էական չէ, ուզում եմ, որ շատերն իմանան` ի՞նչ է իրականում տեղի ունեցել Ջուղայում, եւ տեսնեն այն խաչքարերը, որոնք այլեւս չկան: Արդեն պայմանավորվածություն ունեմ ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ, ով այս գիրքը որպես լոբբինգ կօգտագործի»,- ասում է Ա. Սարգսյանը:

Նախագիծը շուտով կներկայացվի հանրության ուշադրությանը: «Առաջին հարկ» ցուցասրահը պատրաստվում է այն ցուցադրել մոտ օրերս: Ցուցասրահի տնօրեն Անահիտ Մարտիրոսյանը նախագիծը լավագույնս ներկայացնելու տարբերակներն է դիտարկում: Հնարավոր է, որ նախագծում խաչքարերի եւ ֆիլմերի ցուցադրումներից բացի, տեղ գտնեն նաեւ ելույթներն ու լեկցիաները: «Ես չեմ կարծում, որ այս նախագիծը կարող է քաղաքականության վրա ազդել, ուզում եմ, որ այսօր մենք այսքան անտարբեր չլինենք: Անտարբերությունը կոտրում է մեզ»,- ասում է նկարիչ Արարատ Սարգսյանը: