Համաշխարհային երաժշտություն

20/09/2006 Նանո ՏԻԳՐԱՆՅԱՆ

Հաճելի է նկատել, որ զգալիորեն ավելի շատ համաշխարհային մեծ համբավ ունեցող երաժիշտներ գալիս են Հայաստան: Ավանգարդ ֆոլկ երաժշտության ակումբը էթնիկ եւ ջազ երաժշտության շրջանակներում ներկայացնում է աշնանային համերգների շարքը: Սեպտեմբերյան համերգներին իր մասնակցությունը կունենա Aly Keita եւ “The Magic Balafon” խումբը: Հերթական անգամ ակումբը հնարավորություն է տալիս հայ երաժշտասերներին ծանոթանալ այժմ երաժշտական աշխարհում իշխող ժամանակակից ոճերի` world music, world beat, ethno – jazz եւ այդ ասպարեզում գործող գերաստղերի հետ: Հինգ օր` սեպտեմբերի 16-20-ը հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալ այս էկզոտիկ, էքսպերիմենտալ իմպրովիզացիայի համերգներին:

Այժմ Aly Keita-ն հանդես կգա “The Magic Balafon” նոր խմբով, որի կազմում են Andre Nkouaga-ն (բաս) Կամերունից, Benedikt Stehle-ը (հարվածային գործիքներ) Գերմանիայից, Mathieu Dubois-ն (սոպրանո սաքսոֆոն ) Ֆրանսիայից, Georg Pfister-ը (տենոր սաքսոֆոն) Գերմանիայից: Խումբն առաջին անգամ չէ Հայաստանում: Ալի Քեյթան ծնվել է 1969 թ. Աբիջանում (Մալի): Սերում է ավանդական երաժիշտների ընտանիքից: Սկզբնական շրջանում Քեյթան նվագել սովորել է ավանդական պենտատոնիկ բալաֆոնի վրա: Նրա ուսուցիչն էր Zouratie Coulibaly-ը: 1986 թվից George Makinto-ի աջակցությամբ Քեյթան սկսում է զբաղվել ջազով: Քեյթան ստեղծել է իր սեփական դիատոնիկ բալաֆոնը` բացելով նոր էջ հնչողական, կատարողական տեխնիկայում: Դրանով իսկ ֆոլկլորը, սինթեզելով ջազ, ջազ-ռոք եւ այլ տարբեր ժանրերի հետ, հանդես է եկել նոր ոճում: Քեյթան ադապտացրեց բալաֆոնը բազմաթիվ տարբեր ոճերի հետ: Բալաֆոնը վիբրաֆոնների ընտանիքից է, մոտ քսիլոֆոնին: Համագործակցելով մի շարք ջազ երաժիշտների հետ` նրան հնարավորություն տրվեց ելույթ ունենալ Աֆրիկայի, Եվրոպայի, ԱՄՆ-ի մի շարք հայտնի բեմերից եւ ձեռք բերել վիրտուոզ կատարողի համբավ միջազգային ասպարեզում: Նա ելույթ է ունեցել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են` Salif Keita-ն, Dobet Gnahore-ն, Pharaoh Sanders-ը, Rhoda Scott-ը, Camel Zekri-ին, Lukas Ligeti-ը, Gilles Renne-ն, Philippe Sellam-ը, Linley Marte-ը, եւ այլք: Բացի ստեղծագործական կատարողական գործունեությունից, նա 1989-95 թթ. դասավանդել է ավանդական եւ մոդեռն երաժշտություն Նիգերիայում` “Centre de formation et de promotion musicale” կենտրոնում: Նա բալաֆոնի կատարողական տեխնիկային է ծանոթացնում իր հայրենի քաղաք Աբիջանի արվեստի դպրոցի սաներին: Նա ձայնագրել է մի շարք ձայնասկավառակներ Ջորջ Մակինտոյի, “Beta Foly” խմբի, “frican Project”-ի եւ “Trio Ivoire”-ի հետ: Պարբերաբար համերգներ է տալիս տարբեր երկրներում, մասնակցում մի շարք միջազգային փառատոների` “Africa Estate” Իտալիա, «Festival in Memphis» ԱՄՆ, «Wiener Oper» Ավստրիա, «Fete de la Musiqueե Աֆրիկա, «Festival de l’eau» Նիգերիա, “Banlieues Bleues”, “Sons d’Hiver”, “Nuit atypique” Ֆրանսիա: Խումբը Հայաստանում հանդես է եկել դեռեւս Ավանգարդ ֆոլկ երաժշտության փառատոների շրջանակներում` համագործակցելով նաեւ «Armenian Navy Band»-ի հետ, եւ մեծ հիացմունքով է ընդունվել:

Ի դեպ, Ավանգարդ ֆոլկ երաժշտության ակումբը հոկտեմբերի սկզբին կներկայացնի Գանայից` “desa” ինքնատիպ խումբը: