Առողջապահության նախարարությունն ամփոփել է «Թեժ գիծ» վստահության
ծառայության աշխատանքը: 2004 թվականի հոկտեմբերի 20-դեկտեմբերի 24-ն ընկած
ժամանակահատվածում գրանցվել է 423 զանգ: Զանգերի մեծամասնությունը
վերաբերել են քաղաքացիների՝ պետության կողմից երաշխավորվող անվճար
բուժօգնության եւ սպասարկման իրավունքին:
Ըստ ԱՆ հաշվետվության, երկու ամսվա ընթացքում «Թեժ գծի» հեռախոսահամարով
գրանցված է 66 բողոք-զանգ, «որոնցից 19-ը վերաբերել են հիվանդանոցային
բուժհաստատությունների կողմից քաղաքացիներին ոչ պատշաճ մակարդակով
բուժօգնություն տրամադրելուն, բուժանձնակազմի կողմից անհարգալից
վերաբերմունք ցուցաբերելուն, ինչպես նաեւ սոց. անապահով եւ հատուկ
խմբերում ընդգրկված քաղաքացիներից գումար պահանջելուն»: Գրանցված 18
բողոքներն առնչվել են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հիմնարկներին,
որտեղ քաղաքացիներն ունեցել են դեղորայքով ապահովման խնդիրներ, հատկապես՝
ինսուլինով: «Մնացած 29 դժգոհությունները վերաբերում են ընդհանուր
առողջապահական համակարգին»,- ասվում է հաշվետվության մեջ, առանց
մանրամասնելու: Թվով 60 զանգ վերաբերել են «Արզնի» առողջարանում բուժում
ստանալուն, ինչը հատկապես խորհուրդ է տրվում սիրտ-անոթային, խոցային եւ
հիպերտոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց, որոնց թիվը վերջին
տարիներին շեշտակիորեն աճել է:
Մ. Վ.