«Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը, որ խոստացել էր մինչեւ սեպտեմբերի 15-ը հրապարակել Հայաստանի «կրիմինալների» անունները, երեկ լղոզված հայտարարություն է տարածել, որի անունը դրել է՝ «Հայկական կրիմինալի հետ արտաքին ուժերի համագործակցության մասին»: Այնտեղ նշվում է, թե «վերջին տարիներին երկրի անվտանգությանը լուրջ մարտահրավեր է նետել ազգային կրիմինալի սրընթաց աճող համագործակցությունն արտաքին ուժերի հետ: Այդ համագործակցության վտանգավոր հետեւանքներից մեկն այն է, որ ԱՊՀ եւ այլ երկրների քրեական կառույցների ներկայացուցիչների համար ՀՀ-ն դարձել է ոչ միայն հանդիպումների հավաքատեղի, կրիմինալ «կեղտոտ գումարների» լվացման վայր, այլեւ միտում ունի վերածվելու այլ երկրներում հանցավոր գործունեություն ծավալելու հենակետի»: Կուսակցությունում վստահ են, որ խոշոր տերությունների առանձին ներկայացուցիչներ, օգնելով պետական լծակները յուրացրած կրիմինալին՝ հաղթահարել ժողովրդական ընդվզումների արդյունքում պարբերաբար առաջացող ճգնաժամերը, վերջինից որպես հատուցում ստանում են երկրի ունեցվածքի այս կամ այն կտորը, ստիպում սակարկել ժողովրդի ու պետության կենսական շահերը: «Այդպիսին է եղել ԱՄՆ դեսպան Էվանսի գործունեությունը Հայաստանում՝ իր պաշտոնավարման ողջ ընթացքում: Նույնատիպ բնույթ են կրել նաեւ ռուսաստանյան մի շարք պաշտոնյաների գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ, որից նաեւ տեղեկանում ենք, որ «Գույք` պարտքի դիմաց» գործարքի կրիմինալ հիմքերի եւ դրա մասնակիցների մասին մանրակրկիտ ուսումնասիրություններ են կատարել ՌԴ հատուկ ծառայությունները, որոնց արդյունքների մասին իրազեկված չեն ո՛չ հայաստանյան հասարակությունը եւ ո՛չ էլ պատկան մարմինները: «ԱՄՆ-ի դեսպանը լեզվական աճպարարության միջոցով փորձում է քողարկել հայաստանյան պաշտոնյայից եւ նրա ետեւում կանգնած անձանց կողմից խոշոր չափի կաշառք ստանալու փորձի մասին ԱՄՆ պատկան մարմինների տրամադրության տակ հայտնված նյութերը Հայաստանին չտրամադրելու փաստը»,- հայտարարում է «Հայրենիք եւ պատիվը», հավելելով, թե վերը նշված երեւույթների բացահայտումը, փաստերի հրապարակումը ՀՀ պետական մարմինների, քաղաքական շրջանակների եւ հասարակության պարտքն է սեփական եւ այլ երկրների նկատմամբ, որը թույլ կտա միջազգային հանրությանը բացահայտել այն անձանց եւ կառույցները, որոնք իրենց գործունեությամբ թշնամանք են սերմանում ժողովուրդների միջեւ: