Ըստ «Ասոշիեյթեդ փրեսի», ընթացիկ շաբաթվա ընթացքում ռուսների եւ հայերի միջեւ բախումներ են արձանագրվել ՌԴ Սարատովի մարզի Վոլսկ քաղաքում: Մարզային ոստիկանության խոսնակ Ալեքսեյ Եգորովը հայտարարել է, որ կիրակի օրը 1 ռուսաստանցի է զոհվել քաղաքի ակումբներից մեկում հայերի եւ ռուսների միջեւ ծագած ծեծկռտուքի հետեւանքով: Բախումների արդյունքում վիրավորվել է 3 մարդ: Եգորովը հայտարարել է նաեւ, թե միջադեպը պայմանավորված չէ ազգամիջյան ատելությամբ: Սակայն «Էխո Մոսկվիի» վկայությամբ՝ այդ բախումը շարունակություն է ունեցել հաջորդ օրը, երբ հարձակման են ենթարկվել քաղաքի շինարարական քոլեջներից մեկի հայ ուսանողները, որոնցից մեկը դանակի հարված է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Ա. Եգորովը հերքել է «Էխո Մոսկվիի» հրապարակումները, թե բախումները շարունակվել են նաեւ նախօրեին, երբ Վոլսկ քաղաքի բնակիչները «կովկասցիների զտում» են անցկացրել: Ոստիկանությունը բերվել է ծառայության ուժեղացված ռեժիմի: Իշխանությունների հրահանգով քաղաքի շուկաներում առեւտրով զբաղվող կովկասցիները աշխատանքի դուրս չեն եկել: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ էլ՝ Մոսկվայում հինգշաբթի օրը տեղի է ունեցել չարտոնված հանրահավաք, որի մասնակիցները պահանջել են «մաքրել բուհերը եւ բուհերի հանրակացարանները կոսվկասցիներից եւ ԱՊՀ երկրների քաղաքացիներից»: Նույն օրը ՌԴ մայրաքաղաքի մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում ազգամիջյան հողի վրա ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել է մոտ 80 մարդ, որոնց մի մասը սափրագլուխներ են եղել: