Սկիզբը՝ նախորդ համարում
– Մենք ունենք արդյունաբերության անկում, արտահանման նվազում, սակայն միեւնույն ժամանակ՝ երկնիշ տնտեսական աճ, որով պարծենում ենք բոլորի առաջ։ Ստացվում է՝ այդ տնտեսական աճն իրենից ոչ մի բան չի՞ ներկայացնում։
– Ճիշտ կլինի, որ վերջապես կառավարությունն իրեն հաշիվ տա. տնտեսական աճ այդպիսի երկնիշ թվով գոյություն չունի։ Տնտեսության աճի հիմնական վարորդները,կամ, այսպես կոչված, «դրայվերները», գյուղատնտեսությունը, շինարարությունը, լեռնահանքային արդյունաբերությունն ու ծառայությունների ոլորտներն են։ Գյուղատնտեսությունում կատարվում է հետեւյալը։ Գյուղատնտեսության նախարարության մարզային բաժինները հավաքում են գյուղերի տվյալները, ամեն մի գյուղի համար գործակից են դնում՝ ասենք, արտադրվել է 1000 տոննա, իրենք գրում են` 2500, այդ տվյալներն ուղարկում են նախարարության համապատասխան վարչություններ, այդտեղ ինֆորմացիան ամփոփվում է եւ ուղարկվում վիճակագրական ծառայություն։ Եթե գյուղատնտեսության աճն ինդեքսացնենք 90-ականներից, ստացվում է, որ 1990թ. համեմատ գյուղատնտեսությունը 170% աճ ունի։ Այսքանից հետո զարմանալի կլինի, եթե մարդիկ գտնվեն, որոնք կքննադատեն այսպիսի աճ ունեցող գյուղատնտեսությունը։ Մեկ շնչին ընկնող գյուղատնտեսական արտադրանքի ֆիզիկական ծավալներով մենք հավասարվել եւ անցել ենք այնպիսի երկրների, ինչպիսիք են Հունաստանը եւ Պորտուգալիան։ Արդեն երեւի ժամանակն է, որ ոչ թե մեզ պարենով օգնեն, այլ Եվրախորհուրդը խնդիր դնի, որ Հայաստանն ինքը պարենով օգնի ուրիշներին։ Լուրջ պետք է վերաբերվել։ Այս թվերը չափազանց ուռճացված են։ 2-3%-անոց աճը ներկայացվում է 12-13%։ Գյուղապետերն ու մարզպետները մրցում են իրար հետ, ինչպես կոմունիստական ժամանակաշրջանում։
Նույն վիճակն է շինարարության ոլորտում։ Անշուշտ կա շինարարություն, ոչ ոք դա չի ժխտում։ Երեւանի կենտրոնում կառուցվում են մի քանի տասնյակ շենքեր։ Սակայն երբ գնում ենք ծայրամասերը, առավել եւս՝ Երեւանից դուրս, շինարարություն չենք տեսնում (բացառությամբ աղետի գոտու)։ Երեւանում էլ կառուցում են, որովհետեւ անշարժ գույքի գները Կենտրոնում մի քանի անգամ թանկ են, քան մարզերում։ Այնպես որ, պետք չի շատ ոգեւորվել։ Եկեք հասկանանք, որ աշխարհը վաղն էլ գոյություն ունի, աշխարհն առաջ է գնում։ Դրամական այսպիսի ներհոսքի պայմաններում հնարավոր էր ապահովել ամենաքիչը 18-20% տնտեսական աճ։
Տնտեսության մյուս «վարորդը» ծառայությունների ոլորտն է։ 90-ականների սկզբին մեր կողմից սեփականաշնորհված մանր օբյեկտները տալիս էին մեծ էֆեկտ։ Դրանց շուրջը ձեւավորվում էր ծառայությունների ոլորտ, որտեղ զբաղվածությունն ամենաբարձրն է։ Դա տնտեսության սուբյեկտների ինքնադինամիկան է։ Սա բնական է. զբաղվածության կառուցվածքը պետք է մոտենա նրան, ինչ որ կա Արեւմտյան Եվրոպայում՝ ամենամեծ զբաղվածությունը ծառայությունների ոլորտում է։
Բայց սա ֆիզիկական, իրական արտադրանք չէ։ Եթե վերցնենք արդյունաբերության արտադրանքը՝ կոշիկ, կաբել, լամպեր եւ այլն, ֆիզիկական ծավալներով արտադրությունը շատ ավելի քիչ է, քան 1993թ., չեմ խոսում 1990թ. մասին։
– Սակայն կարծիք կա, թե կապ չունի՝ ո՞ր ոլորտներն են զարգանում, ի՞նչ եք արտադրում։ Պետք է շարժվել այն ուղղությամբ, որտեղ մրցունակ ես։ Եթե մրցունակ ես գյուղատնտեսության մեջ, ապա կարելի է շեշտը դնել այդ ճյուղի զարգացման վրա։
– Ինչպես ասացի, գյուղատնտեսության աճն ուռճացված է բլեֆի աստիճանի։ Նման աճ չկա։ Իսկ արդյունաբերության անկումն ուղղակի լուրջ է նույնիսկ 1993-1994թթ. համեմատ։ Չեմ խոսում 95-96թթ. մասին, երբ արդյունաբերության ոլորտի իրական աշխուժացում կար։ Համաձայն չեմ, երբ ասում են՝ կապ չունի։
Կա նաեւ տնտեսության 4-րդ «վարորդը»։ Հայաստանի բնական հարստությունը համարվող պղինձը, մոլիբդենը, որոնց գներն աճել են 4-5 անգամ, ավելի արագ տեմպերով, քան նավթը։ Որովհետեւ այստեղ ռեսուրսների սահմանափակ լինելն ավելի խիստ է արտահայտվում, քան էներգակիրների հարցում։ Իհարկե, վերջին մի քանի տարիներին կա ֆիզիկական ծավալների աճ։ Սակայն այս դեպքում նույնպես ֆիզիկական ծավալներով սրանց արտադրությունը գտնվում է 90-ականների սկզբի ծավալների մակարդակին։
– Այսինքն, այս ոլորտի աճը պայմանավորված է գների աճո՞վ։
– Օրենքով գների հաշվին աճ չպետք է լիներ, եթե իրական ՀՆԱ-ն ճիշտ է հաշվարկված։ Սակայն իրական ՀՆԱ-ի հաշվարկը միշտ ենթադրում է մոտ 5%-ի սխալ։ Այսինքն՝ ԱՎԾ-ն միշտ կարող է 5%-ով սխալվել, եւ 11%-ից 5-ը հենց սա լինի։
Սա ես չեմ ասում կառավարության գործունեությունը քննադատելու համար, որը որոշ ոլորտներում (ասենք, նույն ծառայությունների ոլորտում) հասել է որոշակի հաջողությունների։ Սա ասում եմ նրա համար, որ եթե, Աստված մի արասցե, հանրապետությունը մի օր հայտնվի վատ վիճակում, մենք իմանանք, որ այս աճերն իրականում չկան։ 1-2 օրում մենք կհամոզվենք, որ պարեն չունենք։
– ՀՆԱ-ի երկնիշ աճի դեպքում համապատասխան չափով պետք է աճեն նաեւ հարկային մուտքերը։ Սակայն եթե աճի թվերն ուռճացված են, աճն իրականում շատ ավելի ցածր է, ինչպե՞ս է հաջողվում ավելացնել նաեւ բյուջեի եկամուտները։
– Եթե ուշադիր նայեք հարկերի ավելացման դինամիկային, կտեսնեք, որ 1993-1996թթ. ընթացքում բյուջեի ծախսային մասը 50 մլն դոլարից դարձել է 500 մլն դոլար։ Այսօրվա բյուջեն ընդամենը 1 միլիարդ դոլար է։ 10 տարում 2 անգամ է ավելացել, մինչդեռ նախկինում 3 տարում ավելացել էր 10 անգամ։ Հարկերի ավելացման մասին տվյալները ցույց են տալիս, որ ՀՆԱ-ում այդ աճը չկա, կամ էլ մեծանում է ստվերային տնտեսությունը։
– Այսինքն, Ձեր կարծիքով, հարկային եկամուտների աճը համահունչ չէ՞ տնտեսական աճին:
– Դրանք միմյանց հետ անմիջական ու բացարձակ կապված չեն։ Վերցնենք 2004թ. տվյալները։ Տնտեսության աճը տրված է 10.1%, իսկ բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 17.9%-ով։ Եթե հաշվի առնենք, որ 2004-ին գնաճը կազմել է 7%, ապա ստացվում է` իրական հարկային եկամուտներն աճել են ընդամենը 1%-ով։
Հարկային եկամուտների աճը դիտարկելիս պետք է նկատի ունենալ, որ եթե կա տնտեսության 1% աճ, որպես կանոն, դա պետք է հանգեցնի հարկային մուտքերի ավելացման 2-2.5%-ով։ Դա բացատրվում է 2 հանգամանքով։ Առաջին, ըստ տարբեր գնահատականների, մեր տնտեսության կեսը ստվերում է, եւ հնարավոր է հարկային եկամուտների հսկայական աճ՝ առանց տնտեսության աճի, անգամ տնտեսության անկման պայմաններում։ Երկրորդ, որովհետեւ հարկային եկամուտն իր մեջ ներառում է նաեւ գնաճը։ Իսկ դրամով արտահայտված գնաճը, անգամ դրամի արժեւորման պարագայում, գոյություն ունի եւ դարձել է լուրջ պրոբլեմ։
– Անդրադառնանք նաեւ գնաճի խնդրին։ ԿԲ-ն սահմանել է նպատակային ցուցանիշ՝ 3%, որը չպետք է գերազանցվի։ Սակայն վերջին տվյալներով` 12-ամսյա գնաճը պաշտոնական տվյալներով գերազանցում է 6%-ը։ Ի՞նչ եք կարծում, գնաճի ցածր մակարդակի ապահովումը, որին ձգտում է ԿԲ-ն, այսօր ամենահրատապ խնդի՞րն է, եւ արդյո՞ք ԱՎԾ ներկայացրած ցուցանիշները համապատասխանում են իրականությանը։
– 1990-ականների սկզբին խնդիր դրվեց, որ գնաճի պահպանումը պետք է լինի ԿԲ-ի ֆունկցիան, իսկ հետագայում օրենսդրության փոփոխություն կատարվեց, եւ դա դարձվեց ԿԲ-ի մենաշնորհը։ Այս խնդիրը պայմանավորված էր նրանով, որ իշխանությունները փորձում էին կայունացնել վիճակը, կայունացնել գները (կայունացնելը չի նշանակում` բացառել գնաճը), որպեսզի մարդիկ գների տվյալ համակարգում արդեն կարողանան կողմնորոշվել, սկսեն ներդրումներ անել, սկսվի խնայողությունների պրոցեսը եւ զարգացումը։ Ես ուրախ եմ, որ մենք այս փուլն անցել ենք։ Սակայն այս փուլն անցնելուց հետո ես պարզապես չեմ կարող հասկանալ նախեւառաջ այն, թե գնաճը պահպանելու պարտականությունն ինչու է դրված ԿԲ-ի վրա։ Չէ՞ որ այն կառավարություն չէ, սակայն այս պարագայում գնաճը զսպելու համար դիմում է այնպիսի կոպիտ միջոցների, ինչպես դրամի զանգվածի կարգավորումը՝ հարվածելով տնտեսվարող սուբյեկտների շահերին։ Եվ զարգացման պայմաններում ինչքան շատ փորձի կարգավորել, այնքան խանգարելու է կառավարությանը։ Այս ֆունկցիան պետք է պարզապես վերցնել ԿԲ-ից։
Երկրորդ, գնաճի վերաբերյալ ներկայացվող տվյալները ճիշտ չեն։ Գնաճի հաշվարկման համար հիմք հանդիսացող 470 անուն ապրանք-ծառայությունների մեջ կան այնպիսիները, որոնք նախկինում ներառված չէին։ Օրինակ, ինտերնետի կամ բջջային հեռախոսավարձի գները։ Դրանք այն ապրանք-ծառայություններն են, որոնք բարձր տեխնոլոգիաների այս 3-4 տարվա ընթացքում սպառման մեջ էական տեղ են գրավում։ Ինտերնետի գները սկսել են հաշվարկվել միայն այս տարվանից, մինչդեռ այն մեր կենցաղ է մտել 10 տարի առաջ։ Մյուս կողմից, օրինակ, գրեթե բացակայում է վերգետնյա էլեկտրատրանսպորտի պարագան, քանի որ, դժբախտաբար, գծերն ապամոնտաժելու հետեւանքով այն գրեթե լուծարված է։ Այսպես շարունակ։
Կամ վերցնենք հետեւյալը։ Կադաստրը հայտարարում է, որ անշարժ գույքի գներն աճել են, բայց բնակարանների գները գնաճի հաշվարկման ցանկում չենք տեսնում։ Եվ մի հետաքրքիր պատասխան են գտել՝ հաշվի են առնվում վարձակալության գները։ Դա, իհարկե, լուրջ չէ։ Պետք է հասկանանք, որ դոլարով գներն աճում են տարեկան 18-20%-ի չափով։ Երեւանը դոլարային գներով արտահայտված 4-5 տարի առաջ համարվում էր ոչ թանկ քաղաք, իսկ այսօր զգալիորեն թանկ է անդրկովկասյան մյուս քաղաքներից եւ արագորեն մոտենում է Մոսկվայի մակարդակին։
Կան ապրանքատեսակներ, որոնց դեպքում ճիշտ հաշվարկի մեխանիզմներ չեն կիրառվում։ Օրինակ, ցեմենտի 2 գործարանները գազի գնի բարձրացման հետ կապված դոտացիա են ստանում, սակայն գնաճի ինդեքսի մեջ այդ ամենը չի երեւում։ Չէ՞ որ դոտացիան պետության կողմից վճարվող գին է. հավելում գործող մանրածախ գնին։
– Պրն Բագրատյան, եթե տնտեսության մեջ, մեղմ ասած, ամեն ինչ փայլուն չէ, սակայն Վիճակագրական ծառայությունն ու իշխանությունները ամեն ինչ ներկայացնում են դրական տեսանկյունից, ապա դա ինչպե՞ս է պետք հասկանալ։ Պարզապես խաբո՞ւմ են ժողովրդին, թե՞ իրենք էլ չեն հասկանում խնդիրների խորությունը։
– Քաղաքական առումով տեղի է ունեցել հետեւյալը։ Իշխանությունն, ըստ էության, ընդդիմություն չունի։ Սա նրա դժբախտությունն է եւ, որպես կանոն, հենց դա էլ, ի վերջո, կործանում է ցանկացած իշխանություն։ Իշխանության եւ ժողովրդի միջեւ պետք է գոյություն ունենա հետադարձ կապ։ Ընդդիմությունն այդ կապի օպերատորն է, կապուղին։ Այսօր իշխանությունը, նշված հետադարձ կապի բացակայության պատճառով, զրկված է տեղեկատվությունից: Տեղյակ չէ, թե ինչ է իրականում կատարվում տնտեսության մեջ։ Դրական տեղաշարժեր տնտեսության մեջ կան, սակայն այդ ամենը շատ հեռու է մեզ ներկայացվող պատկերացումներից։ Դա հատկապես արտացոլվում է Կենտրոնական բանկի պարագայում, որին, ըստ էության, օրենսդրորեն բացարձակ իշխանություն են տվել, եւ ոլորտը հայտնվել է անվերահսկելի ու ոչ պատշաճ կառավարման մակարդակում։ Եվ սրա պատճառով է, որ տնտեսության առաջ ծագած որեւէ լուրջ պրոբլեմ պրոֆեսիոնալ լուծման չի արժանանում։ Բա ինչի՞ համար է խորհրդարանը, ինչի՞ համար է ընդդիմությունը։ Ոչ վաղ անցյալում, երբ խորհրդարանը նշանակում էր ԿԲ ղեկավարությանը, ու երբ դրամի պերմանենտ արժեւորումն այլեւս իրողություն էր, ոչ մի պատգամավոր լուրջ հացադրումներ չարեց։ Մարդիկ գրեթե միաձայն հաստատվում էին իրենց պաշտոններում։ Եվ այսօր տեսնում ենք դրա հետեւանքները։ Այլ հարց է՝ այսքանից հետո ի վիճակի՞ է այսօր իշխանությունը ինքնաքննադատաբար մոտենալ եւ էական շտկումներ կատարել։ Ուրախանալու կամ տնտեսությունը վառ գույներով ներկայացնելու որեւէ առիթ չունենք։ Կարծես թե լավ բան է տեղի ունենում, երկիր փող է գալիս։ Բայց արի ու տես՝ մենք դրան պատրաստ չենք, եւ այդ գումարները դրական գործոն դառնալու փոխարեն` պրոբլեմ են դարձել։ Իսկ վա՞ղն ինչ ենք անելու՝ մենք հազար ու մի խնդիրներ ունենք լուծելու։ Ոչի՛նչ։ Հետադարձ կապն էլ չկա։ Երբ ընդդիմությունը չկա՝ ճիշտ ինֆորմացիա չի գալիս։ Կամ ընդդիմության մեջ հայտնվում է մեկը, որի հայացքները չեն տարբերվում իշխանությունից։ Ցանկացած իշխանություն կցանկանար հենց այդպիսի ընդդիմություն ունենալ։ Ես վստահ եմ, որ իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր իրոք մտահոգ են, քանի որ հասկանում են իրական վիճակը։ Շատ կարեւոր է հասկանալ, որ նոր մարտահրավերներ են գալիս, եւ պետք է պատրաստվել, ոչ թե ոչինչ չասող մամուլի ասուլիսներ տալ եւ այսպիսի թվեր հրապարակել։
– Եթե փորձենք ամփոփել, ըստ Ձեզ, տնտեսության ո՞ր ոլորտներում եւ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ իրավիճակը բարելավելու եւ իրական զարգացում ապահովելու համար։
– Խոսելով հետագա տնտեսական քաղաքականության մասին՝ մտաբերում եմ 1992թ. մայիսի վերը հիշատակված փաստաթուղթը։ Ինչպես նշեցի, այնտեղ բոլոր տեսակի ռեֆորմները բաժանվել էին 3 փուլի։ Իրոք, արդեն սկսվում է զարգացման փուլը։ Հասարակությունն արդեն հասել է այն մակարդակին, որ պատրաստ է լուրջ փողեր ներդնել զարգանալու համար։ Հետեւաբար, հարց է ծագում՝ դեպի ո՞ւր զարգանալ, ի՞նչ անել։ Փորձեմ ներկայացնել կարեւորագույն 10 խնդիրները։
Թիվ 1 խնդիրը ներդրումային քաղաքականություն իրականացնելու համապատասխան տեխնոլոգիա ունենալն է։ Վերը նշեցի արդեն, թե ինչպես պետք է դրսից եկող օգնությունը տրանսֆորմացնել զարգացման աղբյուրի։ Սա պահանջում է ամբողջովին բարեփոխել ԿԲ-ն ու կառավարությունը, վերանայել դրանց իրավունքների ու պարտականությունների շրջանակը՝ ի օգուտ կառավարության։
Նկատի ունենանք, որ բնության շատ բարիքներ, օրինակ` մոլիբդենն ու պղինձը, այսօր այնքան են թանկացել, որ իրենց նշանակությամբ չեն զիջում նավթին ու գազին։ Պետք է համապատասխան ռոյալթիների ձեւով այս լրացուցիչ եկամուտները, դրսից եկող գումարների հետ մեկտեղ, տրանսֆորմացնել իբրեւ ամբողջ հասարակության զարգացման ռեսուրս։
Այսօր արդեն հնարավոր է դառնում պետություն-մասնավոր բիզնես-բնակչություն համագործակցության արդյունքում լուծել այնպիսի ռազմավարական խնդիրներ, որոնք առնչվում են որակապես նոր արտադրական ենթակառուցվածքներին (նոր ատոմակայան, ՀԷԿ-եր, երկաթգիծ դեպի հարավ, կամուրջներ, թունելներ, ջրամբարներ եւ այլն), նոր տեխնոլոգիաներին (առանձնապես՝ ինֆորմատիկա, տիեզերական տեխնոլոգիաներ, դեղագործություն, կենսատեխնոլոգիաներ), նորագույն ծառայություններին։
Արդեն ժամանակն է դադարեցնել օտարերկրյա ներդրողներին արտոնություններ տալը։ Պետք է նրանց եւ հանրապետության ներսում գտնվող ներդրողներին հավասար իրավունքներ տալ։ Կապիտալի այս ներհոսքին հաջորդելու է կապիտալի բուռն արտահոսքը։ Ի դեպ, արտադրական կապիտալի տեսակետից արտահոսքն արդեն գերազանցում է ներհոսքին։
Ամենախոշոր բիզնեսմենները փողն աշխատում են այստեղ, իսկ հետո իրենց բիզնեսը՝ չմուծված հարկերով հանդերձ, տեղափոխում են արտասահման։ Այս դեպքերը զանգվածային բնույթ են կրում։ Մյուս խնդիրը կորպորատիվ արժեթղթերի շուկայի կայացումն է։ Պարզապես անընդունելի է վերջին 6 տարիներին այստեղ կատարվածը։ Լավ թե վատ` բորսա կար։ Չգիտես ինչու՝ այն փակվեց, եւ ստեղծվեց արժեթղթերի շուկա։ Այնուհետեւ սա էլ փակվեց եւ անհասկանալի պատճառներով գործառնությունները հանձնվեցին ԿԲ-ին։ Հայկական ոչ մի լուրջ ընկերություն (ներողություն, եթե կան ինչ-որ բացառություններ) շուկայում արժեթուղթ չի վաճառում։ Գիտեք՝ դրսում, երբ խոսում ենք Հայաստանի մասին, տնտեսագետները մի հարց են տալիս. կարո՞ղ եք փոխանցել արժեթղթերի հայկական շուկայի վերջին, ասենք, մեկ տարվա կորի դինամիկան։ Ստիպված ես խոստովանել, որ նման բան չկա։ Անմիջապես պատասխանում են. ուրեմն ձեր երկրում շուկայական տնտեսություն չկա։
Երրորդ խնդիրը խորը կրթական ռեֆորմի անցկացման անհրաժեշտությունն է։ Ժամանակն է վերացնել բոլոր տեսակի կենտրոնացված ընդունելության քննությունները։ Բավական է նայել, թե ինչպես է հերթական նախարարը կուրծք ծեծելով խոսում ազնիվ եւ արդար քննությունների մասին։ Ընթացքում՝ սեսիոն քննությունների ժամանակ, պետք է որոշվի՝ ով է սովորելու պետության միջոցներով, ով` սեփական։ Այդ ընթացքում ուսման ռեալ գները պետք է լինեն շուկայական, եւ բարձր կամ ցածր գինը կկարգավորի ընդունելությունը։ Բուհերը կսահմանեն իրենց շեմը, կվերանա «պետական բուհ» հասկացությունը։ Կրթության ոլորտը պետք է ամբողջությամբ ապապետականացվի։ Կյանքը պետք է կարգավորի այս կամ այն մասնագիտության պահանջարկը, ոչ թե որոշումներ կայացնի բյուրոկրատը։ Ինչպես տեսնում եք, երբ բաշխման որոշում կայացնողը բյուրոկրատն է, միշտ կա կոռուպցիա, միշտ կա փող։
Հարկավոր է ավարտին հասցնել առողջապահության ոլորտի բարեփոխումները։ Պետության կողմից ֆինանսավորվող հիվանդությունների դեպքում գումարը պետք է տրվի ոչ թե հիվանդանոցներին, այլ կոնկրետ հիվանդին։ Եվ վերջինս պետք է որոշի՝ ում վճարի։ Սա կարելի է կազմակերպել հատուկ առողջապահական վաուչերների ձեւով։ Դրան զուգահեռ` պետք է վերացնել հիվանդանոցների եւ բժշկական հաստատությունների բազային ֆինանսավորման պրակտիկան։ Նմանատիպ փոփոխություններ են հարկավոր գիտության եւ մշակույթի ոլորտներում։ Պետք է ֆինանսավորվեն թեմաները, ծրագրերը։ Թատրոնները, ինստիտուտները, փոքրիկ բացառությամբ, պետք է ապապետականացվեն։ Իրենց՝ գիտնականների ու արվեստագետների մասնագիտացված խորհուրդները պետք է որոշումներ կայացնեն բյուջետային միջոցների բաշխման մասին, կոչումներ ու աստիճաններ սահմանեն։ Վաստակավորների ու ժողովրդականների պետական կոչումների պրակտիկան պետք է հիմնականում վերացվի։
Շատ կարեւոր են դատական համակարգի բարեփոխումները։ Այն, ինչ որ այստեղ կա, պարզապես խայտառակություն է։ Նոր սահմանադրությունը ոչ մի հարց չլուծեց, որովհետեւ միակ փոփոխությունն այն էր, որ գլխավոր դատավորին նշանակում է ոչ թե նախագահը, այլ Արդարադատության խորհուրդը՝ իր կազմից։ Իմ կարծիքով, խորը դատական համակարգի ռեֆորմը պահանջում է այլընտրանքային դատարանի առկայություն։ Դրանք կարող են կազմավորվել, ասենք, արտասահմանյան դատավորների կողմից։ Այլընտրանքային, մրցակցային դատարանների ներմուծումը միակ ձեւն է` ստիպելու, որ կաշառակերությունը նվազի եւ աստիճանաբար վերանա։ Սրան զուգընթաց` ներքին դատական համակարգի բարեփոխումները պետք է շարունակել 20-30 տարի, որից հետո կարելի կլինի վերացնել այլընտրանքային դատարանները։
Անհրաժեշտ է վերանայել մաքսային ծառայության ֆունկցիաները։ Ժամանակն է, որպեսզի պետությունը համապատասխան օրենքներով մաքսային ծառայություն իրականացնելու լիցենզիաներ տա մասնավոր մարմիններին։ Այս ոլորտում պետական մոնոպոլիան պետք է վերացնել։ Հաճախ Մաքսային կոմիտեն ավելի շուտ քաղաքական գործիք է, քան պետական-տնտեսական կառույց։
Պետք է վերանայել պետական ծառայողի ինստիտուտը։ Ապարատը պետք է կրճատել, աշխատավարձերը բարձրացնել 5-6 անգամ։ Դա այնքան էլ մեծ միջոցներ չի պահանջում։ Միջոցներ կարելի է գտնել։ Թեկուզեւ` վերը նշված ճանապարհով։ Պետք է գիտակցել, որ պետությունը պակաս կարեւոր չէ, քան մասնավոր սեկտորը, մինչդեռ այսօր պետական համակարգում աշխատող չինովնիկն իր մակարդակով զգալիորեն զիջում է մասնավոր ընկերությունների աշխատակիցներին։ Որակի տեսակետից լավ օրինակ կարող են լինել ԶԼՄ-ները, եթե համեմատենք պետական եւ մասնավոր թերթերը։ ՀՀ իրավապահ բլոկը, ուժային կառույցներն ու պաշտպանության համակարգը լուրջ բարեփոխման կարիք ունեն։ Խոսքը նախեւառաջ վերաբերում է այս համակարգում առանց բացառության բոլոր ծախսերի թափանցիկության ապահովմանը։ Ծախսերի թափանցիկության ապահովումն, ընդհանրապես, ամբողջ բյուջետային համակարգի խնդիրն է։ Պետական գնումների գործակալությունն իրեն չի արդարացնում։ Կամ պետք է լուրջ գործակալություն ստեղծել, կամ էլ արդեն օրենքով կանոնակարգել նախարարությունների կողմից կատարվող ցանկացած գնում։
Լուրջ վերահսկողության կարիք ունեն նախարարությունների կողմից կատարվող բանկային գործառնությունները։
Հարկավոր է լրջորեն բարեփոխել կենսաթոշակային ապահովագրության համակարգը։ Ժամանակն է բացել երկու՝ պարտադիր պետական եւ անձնական մասերից բաղկացած անհատական պոլիսներ, եւ երաշխավորել մարդկանց խնայողությունները։
– Սոցիալական քարտերի ներդրումը որոշ չափով չի՞ ծառայում այդ խնդրի լուծմանը։
– Սոցքարտերի ներդրումը ոչ մի նման էֆեկտ չի բերել։ Իմ կարծիքով, սոցիալական քարտը պետք է դառնար մարդու տնտեսական անձնագիրը, սակայն քարտն այդ նպատակին չի ծառայում։ Պետությունն այդ քարտերն այսօր օգտագործում է որպես լրացուցիչ վերահսկողության գործիք, մինչդեռ սոցիալական քարտը պետք է լիներ մարդու տնտեսական վիճակի արտացոլումը։