Համաշխարհային բանկը հրապարակել է «Կառավարման որակի» զեկույցը, որն ընդգրկել է 1996-2005 թվականներին 213 պետությունների վերաբերող տեղեկություններ: Զեկույցում նշվում է, որ Հայաստանն առաջխաղացում է ապահովել տնտեսության մասնավոր հատվածի զարգացմանը նպաստող օրենքների ընդունման եւ գործադրման առումով: Հեղինակները՝ Դենիել Քաուֆմանն ու Արթ Քրեյը նշում են, որ Հյուսիսային Ամերիկայի եւ Արեւմտյան Եվրոպայի բնակչությունն ունի բարձր կենսամակարդակ, ինչն ապահովում է լավ կառավարումն այդ երկրներում: Առավել աղքատ երկրներում առկա է ոչ արդյունավետ կառավարում, հանցագործությունների եւ կոռուպցիայի աճ: Հեղինակները հաշվի են առնում 6 գործոններ՝ ազատ ընտրությունների եւ ազատ խոսքի ապահովում, քաղաքական կայունություն եւ բռնության բացակայություն, կառավարման արդյունավետություն, տնտեսության մասնավոր հատվածի զարգացմանը նպաստող օրենքների ընդունում եւ դրանց արդյունավետ գործադրում, օրենքի իշխանություն, կոռուպցիայի վերահսկում: