Տակավին անցած տարի էր. մեծ շուքով նշեցինք եղեռնի 90-ամյակը: Որքա՜ն ակտիվորեն մասնակցեցին զանազան միջոցառումներին սփյուռքի մեր հայրենակիցները: Իհա՛րկե, ցեղասպանությունից անցել էր կլոր՝ 90 տարի: Իսկ ցեղասպանությունը մեզ համար, ինքներդ էլ հասկանում եք, ազգային արժեք է: Սակայն, եթե նույն այդ ցեղասպանությունը դիտարկենք զուտ ֆորմալ առումով, այսինքն՝ պարզապես գնանք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, կտեսնենք, որ անմար կրակից ոչ շատ հեռու մի քանի ուտել-խմելու օբյեկտներ են, ուր մեր ազգի նվիրյալները երեկոյան հովին գնում են ամենեւին ոչ 90-ամյա վաղեմության դեպքերի ու դրանցից հետեւություններ անելու մասին խորհելու նպատակով: Անմար կրակի մոտ կանգնածների քթին խփող խորովածի բույրը եւ հարակից օբյեկտներից լսվող ռաբիս երգերն ուղղված են մեր թշնամուն. թող իմանան, որ մենք փյունիկի պես ենք՝ հառնում ենք: Սակայն եղեռնի 90-ամյա հոբելյանին այս տարի արդեն հաջորդում է մեկ այլ կլոր տարեթիվ՝ Անկախության 15-ամյակը: Թե որքանով 15 տարիները անկախությունն՝ առհասարակ, գնահատելու կամ դրան ընտելանալու համար արդյունավետ անցան, դժվար չէ գնահատել: Այս դեպքում թիվը՝ 15, բնավ էական չէ: Կարող էր լինել 115 կամ 215: Արդյունքում կունենայինք այն, ինչ ունենք այսօր: Քանի որ նախադեպերը ցույց են տալիս, որ մենք` հայերս ժամանակի զգացողությունը կարծես կորցրել ենք: Կենսամակարդակի անկումը, համընդհանուր դեպրեսիան, հուսահատությունն արդարացնել նրանով, որ անկախությունից մեծ արժեքներ սպասել պետք չէ, քանի որ անցել է ընդամենը 15 տարի, տրամաբանական չէ: Մեզ համար լուրջ թիվ չէ անգամ 1700 տարին: Դատեք ինքներդ, որքանո՞վ է հայերիս համար էական այն հանգամանքը, որ արդեն 1700 տարի քրիստոնյա ենք: 1700 տարին 15 տարի չէ, որ կարողանանք հղում անել կարճ ժամանակի կամ աթեիստ նախագահի վրա, արդարանալ, թե չգողանալու, չխաբելու, չդավաճանելու, չսպանելու, ստորություն չանելու համար 15 տարին կարճ ժամանակ է: Քրիստոնեության ընդունումից անցել է 1700 ու ավելի տարիներ, սակայն այդ փաստն արձանագրելու միակ հաճելի պահը հայերիս համար թերեւս այն է, որ մենք դա արել ենք առաջինը: Եվ վերջ: Եվ շատ տարօրինակ մի վիճակում ենք՝ հոգեւոր ոչ մի արժեք մեր երկրում գերակա չէ: Սա շտկելու գործում իր անփոխարինելի դերը կարող էր ունենալ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Բացի տարին մեկ ամանորյա ավանդական իր շնորհավորանքից՝ առնվազն ամիսը մեկ ժողովրդին հոգեւոր արժեքներին վերադառնալու հայրապետական իր հորդորներով՝ Վեհափառը, վստահ ենք, արդյունք կունենար՝ անկախ այն հանգամանքից, որ մեր երկրի նախագահը հավատացյալ չէ, կնքված չէ, պատարագներին հայտնվում է դրանց ավարտից 10 րոպե առաջ: Ասենք, նախագահի ականջի համար պատարագի երաժշտությունը դժվար հաճելի լինի:
Նրա երաժշտական նախասիրությունների մասին խոսում է այն, որ Անկախության 15-ամյակի առիթով Ռոբերտ Քոչարյանը՝ ի թիվս այլ երգիչների, վաստակավոր արտիստի կոչում շնորհեց նաեւ Թաթա Սիմոնյանին: Թեեւ արդարության համար արժե նշել, որ մեր ժողովրդի երաժշտական ճաշակն ու սերը ռաբիս երաժշտության նկատմամբ պարտավորեցնում են` ոչ միայն Թաթային, այլեւ Արամ Ասատրյանին եւ ռաբիսի այլ անզուգական վարպետների տալ ժողովրդական արտիստի կոչում: Հետո՞ ինչ, որ, ասենք, Սվետլանա Նավասարդյանի մասնակցությամբ համերգին դահլիճում ազատ տեղերը շատ են: Մի ամբողջ մարզահրապարակ Հայաստանում այսօր կարող է հավաքել բացառապես ռաբիս երգիչը: Հարսանիքներին կամ խնջույքներին մարդիկ, հասկանալի է, պոլոնեզ կամ մազուրկա չեն պարելու: Մեր երկրում ռաբիսը հարգված է պետական մակարդակով: Եթե չեք մոռացել, անգամ շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթած մեր շախմատիստների պատվին կազմակերպված համերգի մեխն Արամ Ասատրյանն էր: Սակայն բուն թեմայից չհեռանանք՝ մի քանի օրից տոնելու ենք Անկախության 15-ամյակը: Ոչ միայն սահմանադրորեն, այլեւ բնազդային մակարդակով` անկախությունը մարդու գոյության համար ամենահարմար վիճակն է՝ լինել անկախ, ապրել անկախ պետությունում: Սակայն որքան էլ անկախության վիճակը հաճելի է տեսականորեն, գործնականորեն այն մերժելի է հայերիս համար: Բավական է հետեւել այն գործարքներին, որոնց միջոցով մենք պատրաստ ենք մեր իսկ ենթակայությունից պարզապես վանել մեր երկրի համար ռազմավարական նշանակության օբյեկտները. մենք պատասխանատվություն կրել, որոշումներ ընդունել չենք սիրում. թող մեր փոխարեն մտածեն այլ երկրները: Մերը մանր, գավառական հաճույքներն են, որոնք բնավ պայմանավորված չեն երկրի անկախությամբ, համամարդկային արժեքներով: Այդ հաճույքներին կարող է ձգտել ցածր գիտակցություն, միջակ կրթություն ունեցող մեկը: Անգամ մեր օլիգարխները, որոնք ինքնակրթվելու համար միջոցների խնդիր, կարծես, չունեն, նախընտրում են Փարիզ գնալ՝ ֆրանսուհիների հետ ժամանակ անցկացնելու կամ, ասենք, այսինչ ռեստորանում ճաշելու նպատակով: Ավելիին չեն ձգտում: Փոխարենը գյուղական հարսանիք հիշեցնող բարեգործություն են անում, երբ բոլորին ի ցույց է հանվում հարսի էժանագին սպիտակեղենը՝ բարձրաձայն նշելով նվիրատուի ով լինելը:
Ի՞նչ ենք կարողացել անել այս 15 տարիների ընթացքում: Նույնը, ինչ անցած 1700 տարիների ընթացքում: Ոչինչ: Փաստն այն է, որ այն, ինչ ունենք այսօր, միայն տեսական հարթության մեջ է. ունենք կրոն, սակայն չունենք հավատ: Ունենք պետություն, սակայն չունենք իրական անկախություն: Միակ բանը, որ ունենք հաստատ (քանի որ դրա կատարումը մեզնից չէր կախված)՝ ցեղասպանությունն է:
Սակայն, ինչպես Շտիռլիցն էր ասում՝ հիշվում է միայն վերջին միտքը, հետեւաբար՝ շնորհավորում ենք բոլորիդ Անկախության առթիվ: