Էլիտար շենքեր կառուցելու գայթակղությունը տարածում է գտել նաեւ Հայաստանի մարզերում: Արարատի մարզի Արտաշատ քաղաքի կենտրոնում, քաղաքապետարանին կից տարածքում հսկայական տարածությամբ փոս է փորվել բազմաֆունկցիոնալ էլիտար շենք կառուցելու նպատակով:
Շենքը կառուցվում է ուղիղ Գեւորգ Չաուշի արձանի առջեւում: Իսկ դա նշանակում է, որ բարձրահարկ շենքի կառուցապատումից հետո արձանն այլեւս չի երեւալու: Էլիտար շենքի կառուցապատողը, սակայն, երկար ժամանակ է, ինչ դադարեցրել է շինարարությունը, իսկ շենքի հիմքը գցելու համար նախատեսված փոսն ամբողջությամբ ճահիճ է դարձել: Հարակից տարածքի բնակիչները դժգոհում են՝ ասելով, որ այդ ճահիճի պատճառով երեխաները հաճախ արտակարգ իրավիճակներում են հայտնվում. «Անցյալ տարի մի երեխա մահից պրծավ: Ընկել էր էդ ջրի մեջ, մի կերպ փրկեցին կյանքը: Երկու անգամ էդպիսի դեպք է եղել, որ երեխան խեղդվելուց է պրծել: Էդ էլիտար շենք կառուցողը կամ թող շենքի շինարարությունն ավարտին հասցնի, կամ էլ էդ փոսը փակի, տեսեք, թե ինչ վտանգավոր վիճակ ա: Երեխա ունեցողներն ահ ու դողով են ապրում»,- պատմում են Արտաշատի բնակիչները` միեւնույն ժամանակ զարմանալով, թե ինչու են էլիտար շենք կառուցում Չաուշի արձանի ուղիղ դեմ դիմաց: Ի դեպ, բնակիչների վկայությամբ` էլիտար շենք կառուցողը մի երիտասարդ աղջիկ է, ով այդ տարածք ներխուժում է շքեղ ջիփերով: Տարածքում տեղադրված ցուցապաստառի վրա գրված է՝ «Բազմաֆունկցիոնալ բնակելի շենք Արտաշատ քաղաքում: Պատվիրատու՝ «Բարգավաճում» ՍՊԸ, լիցենզիաներ՝ 9735, 9745: Նախագծող՝ «Ճարտարապետական արվեստանոց Աղեկյան» ՍՊԸ: Կառուցապատող՝ «Աստղիկ 5» ՍՊԸ, լիցենզիա՝ 6671»:
Արտաշատի քաղաքապետի տեղակալ Լեւոն Ավետյանից փորձեցինք ճշտել նախ, թե ինչո՞ւ է տարածք տրամադրվել արձանի ուղիղ դեմ դիմաց, եւ, թե ո՞վ է էլիտար շենք կառուցողը: Լ Ավետյանի հավաստմամբ՝ այդ մարդիկ օրենքի համաձայն դիմել են, քաղաքապետարանն օրենքով սահմանված կարգով, ավագանու համաձայնությամբ 2400քմ տարածք է տրամադրել էլիտար շենք կառուցելու նպատակով: «Ես էդ կարծիքին չեմ, որ շենքերն էլիտար են, բայց տրվել է բնակելի շենք կառուցելու համար: Մեկ տարի առաջ որոշակի աշխատանքներ կատարեցին, մի աղջիկ էր, եկան, էդ աշխատանքները կազմակերպեցին, նույնիսկ հայտարարություն էին տվել: Պաստառ փակցրեցին, թե ինչ տիպի շենք պիտի լինի: Ոչ պաշտոնական լուր տարածվեց, որ մոտ 430-460 դոլարով 1քմ տարածք վարձով է տրվում, բայց ինչ-ինչ պատճառներով այդ աշխատանքները դադարեցրին ու գնացին»,- ասում է Լ. Ավետյանը՝ հավաստիացնելով, որ ինքն այդ աղջկա նույնիսկ անուն-ազգանունը չի հիշում: Փոխքաղաքապետը միայն գիտի, որ նա ներկայացնում է «Բարգավաճում» ՍՊԸ-ն: Ինչեւէ, Լ. Ավետյանի խոսքերով՝ քաղաքապետարանն այժմ փորձում է տարածքը ետ վերցնելու համար դիմել դատարան: Եթե աճուրդային կարգով այդ ճանապարհն անցնում է եւ սկսում է շինարարական աշխատանքներ, եթե 3 տարվա ընթացքում ոչինչ չի արվում՝ քաղաքապետարանը կամ համայնքը կարող է տարածքը ետ վերցնել: Քաղաքապետի տեղակալն ասում է. «Նախապատրաստված են որոշ հիմքեր, կան նաեւ բնակիչների բողոք-դիմումները, որպեսզի տարածքը ետ վերցվի եւ այն ավելի լավ նպատակի համար օգտագործվի»: Նրա խոսքերով՝ փոսի միջինը ճահիճ չէ, այլ ջուր է: Ինչ վերաբերում է էլիտար շենքի ետեւում մնացող Գ. Չաուշի արձանին, ապա Լ. Ավետյանն ասում է. «Այդ արձանը պետք է տեղափոխվեր: Մենք ունենք ամենամեծ՝ Մարքսի փողոցը, որի վերջին մասում՝ փոքրիկ հրապարակում պետք է դրվեր արձանը: Դա պետք է լինի Չաուշի անվան փողոցը»,- տեղեկացրեց նա: Հետաքրքիր է, թե ո՞վ է այդ աղջիկը, որի համար արտաշատցիներն այսքան զոհաբերությունների են գնում: Արտաշատի քաղաքապետարանը, փաստորեն, 2400քմ տարածք տրամադրելով մի աղջկա, որի անուն-ազգանունը փոխքաղաքապետը չի հիշում, պատրաստ է հանուն այդ աղջկա այլ փողոց տեղափոխել Գ. Չաուշի արձանը: