«Սպառողների իրավունքների պաշտպանություն» կազմակերպությունը՝ տարբեր համայնքների` Շենգավիթի, Աջափնյակի, Մալաթիա-Սեբաստիայի, Արաբկիրի, Խարբերդի թվով 14 բնակիչներից ստանալով խմելու ջրի որակական հատկանիշների մասին բողոքներ, իրականացրել է ջրի մանրէաբանական հատկությունների լաբորատոր փորձաքննություն, որը կատարվել է Ան Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության լաբորատորիայում: Հետազոտության արդյունքները դեռեւս չեն հրապարակվել, սակայն «Սպառողների իրավունքների պաշտպանության» նախագահ Աբգար Եղոյանը մեզ տեղեկացրեց, որ բազմաբնակարան շենքերի եւ առանձնատների 13 ծորակներից վերցված ջրի նմուշառուների փորձաքննությունը ցույց է տվել, որ առկա կետերում խմելու ջրի մանրէաբանությունը եղել է նորմայի սահմաններում: «Եթե միկրոբիլիզացիայի լուրջ խախտումներ լինեին, ապա բնակչության շրջանում տարբեր համաճարակների բռնկումներ կգրանցվեին»,- ասում է նա: Ա. Եղոյանը նաեւ նշեց, որ հոկտեմբերին նախատեսվում է իրականացնել ջրի ֆիզիկաքիմիական հատկությունների փորձագիտական ուսումնասիրություն: Ի դեպ, բնակիչները հիմնականում գանգատվել են խմելու ջրի համից, հոտից եւ նրանում առկա նստվածքից: