Մեր մեծերն առողջանում են

17/09/2006

Մաեստրո Օհան Դուրյանն ու անվանի շախմատիստ, Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Սմբատ Լպուտյանն առողջանում են: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Օ.Դուրյանն ինսուլտ էր տարել եւ բավականին երկար ժամանակ գտնվում էր հիվանդանոցում: «Հիմա լավ է,- մեզ ասաց դիրիժորի կինը՝ տիկին Ալիսան: -Դեպի լավն է գնում: Արդեն խոսում է, բայց լսողությունն ամբողջությամբ չի վերականգնվել: Բավականին վերականգնվել է ձախ ձեռքի եւ ոտքի շարժունակությունը: Գրեթե ինքնուրույն քայլում է, բայց մենք շատ աննշան օգնում ենք, որ չընկնի: Շնչառությունը վերականգնվել է, բայց դեռ իրեն շատ հոգնած է զգում եւ դեղեր է ընդունում»:

Իսկ օգոստոսի 26-ին Երեւան-Երասխ ճանապարհին Ս. Լպուտյանի մեքենային վարելիս բախվել էր Ս. Հայրապետյանի մեքենան: Ս. Լպուտյանը վնասվածք էր ստացել եւ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հիմա նա էլ բուժումը շարունակում է տանը: «Ոչինչ, լավ եմ»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Ս. Լպուտյանը: Հոկտեմբերի 7-ին Ավստրիայում տեղի է ունենալու եվրոպական շախմատային ակումբների առաջնությունը, որին պետք է մասնակցի մեր հավաքականը: Պարոն Լպուտյանը դեռ չգիտի՝ ինքն այնքան կազդուրված կլինի՞, որ մասնակցի այդ առաջնությանը, թե՞ ոչ: