ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ կառավարությանն է փոխանցել ՀՀ-ում կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, որոնք տրամադրել է «Գլոբալ Գոլդ» ընկերությունը: Դեսպանատնից «Մեդիամաքսին» հայտնել են, որ իրենք ծանոթացել են այդ փաստաթղթին եւ գտնում են, որ ներկայացված փաստերը բավական մտահոգիչ ու լուրջ են: Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի` ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը կաշառք էր պահանջել այդ ընկերությունից, եւ իբրեւ թե այդ տեսաերիզը ԱՄՆ նախկին դեսպան Ջ. Էվանսը փոխանցել էր ՀՀ նախագահին: Ավելի ուշ Ջ. Էվանսը հերքեց ձայներիզ փոխանցելու մասին լուրերը: Վարդան Այվազյանը, անդրադառնալով ԱՄՆ դեսպանատան կողմից Կառավարություն ուղարկված փաստաթղթին, ասաց, որ այդ մասին առաջինը լսում է մեզանից: Եվ ինքը ոչ մի փաստաթղթի հետ ծանոթ չէ: «Դա հարցրեք դեսպանատանը: Ես ոչ մի բանի մասին տեղյակ չեմ: Եթե այդպես շարունակեն, ապա էլի պրոբլեմներ են ունենալու»,- ասաց նա: