Եվս մի դյուրահավատ ներկայացուցիչ

14/09/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Կենտրոնական բանկն ունի գնաճի նպատակային ցուցանիշ եւ սահմանել է ցածր գնաճ: Դա Կենտրոնական բանկի ընտրությունն է, եւ մենք սատարում ենք դրան: ԿԲ-ն ունի դրամավարկային իր քաղաքականությունը, եւ մենք սատարում ենք»,- սա Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսի դիրքորոշումն է, որը 20 օրվա ընթացքում հասցրել է տեղեկանալ մեր երկրի տնտեսության, վագրաթռիչք աճի ու դրսից եկող տրանսֆերտների ահռելի քանակության մասին:

Տիկին Օմեսն ու իր գործընկերը՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հասան Ալ Աթրաշն արդեն գիտեն, որ արտարժույթի մեծածավալ ներհոսքը միայն այս տարի հանգեցրել է դոլարի նկատմամբ դրամի 15 տոկոս արժեւորման: Նրանք երեկ Տնտեսական լրագրողների ակումբի հյուրերն էին եւ գուժեցին, որ նույն պատճառներով դոլարի նկատմամբ դրամի արժեւորումը, նույնն է թե` դոլարի կուրսի անկումը դեռ կշարունակվի: Ճիշտ է, նրանք, ի վերջո, գիտակցում են, որ իրական փոխարժեքի հետագա արժեւորումը կարող է բացասաբար անդրադառնալ տնտեսության մրցունակության վրա, սակայն դրա համար խորհուրդ են տալիս ոչ թե դրամի արժեւորումը կանգնեցնել, այլ՝ «բարելավել դրամավարկային ու հարկաբյուջետային մարմինների միջեւ գործողությունների կոորդինացումը, կրճատել կոռուպցիան եւ հարկման դաշտ բերել ստվերում գործող տնտեսվարողներին»: Տիկին Օմեսը նաեւ հասցրել է իմանալ, որ մեր բնակչության տարեկան միջին եկամուտները վերջին 4 տարվա ընթացքում կրկնապատկվել են: Մինչդեռ մեր «մեծ ախպեր» Ռուսաստանին չհաջողվեց դրան հասնել նույնիսկ 10 տարիների ընթացքում: Իսկ ով` ով, բայց տիկին Օմեսը լավ գիտի Ռուսաստանի տնտեսությունը, որովհետեւ ամուսինը ռուս է, իսկ ինքը ԱՄՀ գրասենյակում աշխատել է ՌԴ գծով: ԱՄՀ նոր ներկայացուցիչը երեկ նույնությամբ կրկնեց իր նախորդի՝ Ջեյմս Մաքյուի տեսակետը: Վերջինս էլ հաստատում էր ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի ասածները: Եվ տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե միջազգային կառույցի ներկայացուցիչն է փոխվել, այլ՝ ընդամենը Կենտրոնական բանկի աշխատողներից մեկը: Նախկինում կարծիք կար, որ Ջ. Մաքյուն մտերիմ հարաբերություններ ուներ Տիգրան Սարգսյանի հետ: Վերջինս կարծես «լեզու էր գտել» Մաքյուի հետ, եւ փոխարժեքի մասին իր բացատրությունները գրեթե ոչնչով չէին տարբերվում ԱՄՀ ներկայացուցչի տեսակետներից:

Գաղտնիք չէ, որ ազգային դրամի արժեւորում տեղի է ունենում աշխարհի շատ երկրներում: ԱՄՀ-ն դա լավ գիտի եւ ողջունում է: ԱՄՀ-ն նաեւ լավ գիտի, որ այդ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ազգային դրամի արժեւորման պատճառով տարեցտարի ավելանում է արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը: Նաեւ լավ գիտեն, որ այդ երկրներում սկսում են ավելի ու ավելի շատ ներկրել, քան արտահանել: Եվ, որ այս տարվա 7 ամիսներին Հայաստանում 610 մլն դոլարի ապրանք ավելի շատ է ներկրվել, քան արտահանվել է, որ մինչեւ տարվա վերջ մեր երկրում առաջին անգամ այդ թիվը հասնելու է 1 մլրդ դոլարի: Ի՞նչ է, մեր իշխանություններն ու ԱՄՀ-ն չգիտե՞ն այդ մասին: Միգուցե երկուստեք ձեռնտու է, որ մերի նման երկրներն ավելի շատ ներկրեն, քան արտահանեն: Մերոնք հավելյալ գումարներ են աշխատում, իսկ ԱՄՀ-ին, եվրոպական երկրներին ու Ամերիկային էլ ձեռնտու է, որովհետեւ մեզ նման երկրների արտադրանքը բարձր ինքնարժեքի պատճառով նրանց երկրներում պակաս մրցունակ կլինի եւ չի գրավի տեղական արտադրանքի շուկան: Միջազգային կառույցները կարծես անուղղակի կերպով նպաստում են մեր եւ մերի նման երկրների տնտեսության փլուզմանը: Եթե կհիշեք` դոլարի արժեզրկման սկզբնական շրջանում ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն անընդհատ կրկնում էր, որ ԿԲ-ն այդ երեւույթի հետ ընդհանրապես կապ չունի: Որոշ ժամանակ անց Ջ. Մաքյուն հայտարարեց, որ իրենց խորհրդով է ԿԲ-ն միջամտություններ անում տարադրամի փոխանակման շուկայում: Այսինքն, այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի տնտեսությունում, ձեռնտու է եւ՛ ԿԲ նախագահին, եւ՛ ԱՄՀ ներկայացուցիչներին: Ջ. Մաքյուն իր զեկույցներում միշտ դրական է արտահայտվել Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող իրադարձություններին: Թե ինչպես կգործի այստեղ Արժույթի միջազգային հիմնադրամի նորանշանակ մշտական ներկայացուցիչը՝ ցույց կտա ժամանակը: Բոլոր դեպքերում ԱՄՀ ներկայացուցիչները հավատում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներին եւ Հայաստանի տնտեսության 11,6 տոկոս աճին: Նրանք նաեւ լավ գիտեն, որ այդ աճն ապահովել են հիմնականում շինարարության ու ծառայությունների ոլորտները: Նրանք թեեւ դեռ չեն հասցրել իմանալ, թե մեր կովերը որքա՞ն կաթ են իրականում տալիս, բայց ամբողջության մեջ հավատում են Վիճվարչության տվյալներին: Իսկ այդ տվյալներով մեկ շնչի հաշվով մեր կովերի կաթի արտադրությունն ավելի շատ է, քան ԱՄՆ-ում: Մեր խղճուկ կովերը մինչեւ հիմա այդ մասին չգիտեին: Իսկ ԱՄՀ ներկայացուցիչները չգիտեին, թե ժողովրդավարության անկում եւ կոռուպցիայի աճ գրանցած Հայաստանում ինչպե՞ս է տնտեսական աճ տեղի ունենում: Չէ՞ որ այս երկու երեւույթները բացասաբար են ազդում բոլոր տիպի տնտեսությունների աճի վրա: Դա կարեւոր չէ, կարեւորը Վիճվարչության տվյալներն են ու ԱՄՀ-ի եւ մեր իշխանավորների շահերը:

Վերջում ավելացնենք, որ ԱՄՀ-ի կանխատեսմամբ` 2007թ. մեր ՀՆԱ-ն կամ տնտեսությունը կաճի միանիշ թվով՝ ընդամենը 9 %, գնաճը կլինի 4 %, բյուջեի ընդհանուր պակասորդը՝ ՀՆԱ-ի 2,4%-ը: