– Պրն Բագրատյան, խոսենք այսօրվա թերեւս ամենավիճահարույց տնտեսական երեւույթից՝ դոլար-դրամ փոխարժեքից։ Իրավիճակը ոմանք բացատրում են միայն շուկայական գործոններով՝ տնտեսական աճով, տրանսֆերտների մեծացմամբ, եւ գտնում են, որ հետեւանքներն այնքան էլ աղետալի չեն։ Ձեր կարծիքով, ի՞նչ է տեղի ունենում եւ ի՞նչ հետեւանքներ է ունենալու։
– Իմ կարծիքով, այստեղ կա լուրջ եւ խորը պրոբլեմ։ Ձեր թվարկած գործոնների հետ՝ տնտեսական աճ կամ շուկայական գործոններ, ես համաձայն չեմ։ Սա տնտեսական աճով պայմանավորված չէ։ Ասել, թե այս ամենը պայմանավորված է տնտեսական գործոններով, դա նույնն է, ինչ որ ասել, թե ամբողջ աշխարհում տեղի ունեցող բոլոր սոցիալ-տնտեսական պրոցեսները կարելի է պայմանավորել տնտեսական գործոններով։ Նույնիսկ աշխարհով մեկ ծավալված տեռորիստական գործողությունները կարելի է բացատրել շուկայական գործոններով՝ ասելով, որ պատճառը զենքի վաճառքն է եւ մասնավոր շահույթները։ Չի կարելի այդպիսի ընդհանուր պատասխաններ տալ։ Խնդիրն, իհարկե, շուկայական գործոններով է պայմանավորված, բայց ո՞ր գործոններով։ Սա է հարցը։
– Իսկ որո՞նք են այդ գործոնները։
– Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում։ Ես առիթ ունեցել եմ իմ հոդվածներում այս երեւույթի մասին խոսելու։ Այսպես կոչված, դրամի արժեւորումը հետեւանք է 2 խումբ գործոնների։ Առաջին խումբը, որն իմ կարծիքով երեւույթը բացատրում է 25%-ով, այն է, որ համաշխարհային տնտեսության մեջ դոլարի դերը նվազում է։ Սա, իր հերթին, ունի հետեւյալ պատճառները։ Շրջանառության մեջ է դրվել եվրոն, որը միավորում է այնքան երկրներ, որոնց ՀՆԱ-ն հավասար է ԱՄՆ-ի ՀՆԱ-ին, եւ որոնք այլեւս առեւտրի մեջ դոլարը գործածելու առիթ չունեն։ Բացի այդ, հայտնվել են նոր երկրներ, խոշոր տնտեսություններ, մասնավորապես` Չինաստանը եւ Հնդկաստանը, որոնց տարադրամը դեռեւս ամբողջովին փոխարկելի չէ, սակայն արդեն բավական ուժեղ է։ Եվ, մասնավորապես, Չինաստանի տնտեսությունը, եթե նկատի ունենանք հարաբերական գնողունակության պարիտետը, ԱՄՆ-ի տնտեսության 75%-ն է կազմում։ Սրան պետք է ավելացնել բրազիլական տնտեսության, Ռուսաստանի եւ էներգառեսուրսներ արտադրող արաբական երկրների տնտեսությունների ուժեղացումը, որոնց դրամական միավորները, նկատի ունենալով էներգակիրների դեֆիցիտը, բնականաբար, միջազգային առեւտուրը սպասարկելու համաշխարհային գործառնությունում «փայաբաժին» են ստանում։
Ահա այս առաջին խումբ գործոնների ազդեցությունը Հայաստանում կարելի էր համեմատաբար չեզոքացնել։ Ոչ վաղ անցյալում առիթ էի ունեցել նշելու, որ նկատի ունենալով համաշխարհային տնտեսության մեջ վերը նշված միտումները, ԿԲ-ն դեռ տարիներ առաջ պետք է արագորեն դիվերսիֆիկացներ իր արտաքին պահուստները։ Մինչդեռ դրանց մեծ մասը միշտ պահվում էր դոլարով։ Ավելին, եթե հիշում եք, ԿԲ-ն ոսկի գնելու փոխարեն ոսկի էր վաճառում։ Նաեւ պետք էր հատուկ աշխատանք տանել տնտեսավարող սուբյեկտների հետ, որպեսզի նրանք իրենց գործարքները հնարավորության դեպքում կնքեին եվրոյով, ռուբլով կամ յուանով։ Դա կմեղմացներ դոլարի նկատմամբ դրամի անխուսափելի (որոշ) արժեւորման բացասական ազդեցությունն արտահանողների վրա։ Ինչեւէ, սա, ինչպես նշեցի, երեւույթի 1/4-ն է։
Երեւույթի շուրջ 75%-ը սպեցիֆիկ հայկական է, որտեղ տնտեսական աճն էական կապ չունի։ Եթե 10 տարի առաջ դրսի հայերը (ոչ սփյուռքահայերը, այլ նրանք, ովքեր գնացել են Հայաստանից վերջին տարիների ընթացքում) ուղարկում էին 50 մլն դոլար, այս տարի, եթե հավատանք ԿԲ տվյալներին, գումարի չափը հասնում է 1.3-1.5 միլիարդ դոլարի։ Այս գումարը 8-10 անգամ ավելի է, քան բոլոր տեսակի ներդրումները Հայաստանում։ Նկատի ունեցեք, որ այս փողերը 15 անգամ ավելի են այն փողերից, որոնք ստանում ենք սփյուռքահայերից։ Եթե անգամ հաշվենք Քըրքորյանի տրամադրած փողերը, որն իրականում ամերիկյան օգնության տրանսֆերտավորված ձեւ է (նկատի ունեմ դրա հետ կապված հարկային արտոնությունները), ապա տրանսֆերտային փողի այս ներհոսքը դրանից 10-15 անգամ ավելի է։ Այն հարյուրապատիկ անգամ գերազանցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամով հավաքած միջոցները։ Մարդիկ այլեւս իրենք ֆինանսավորում են երկիրը։ Զավեշտալի է ասելը, որ արտագաղթի նման բացասական երեւույթն այսօր դարձել է Հայաստանը պահելու ամենագլխավոր միջոցը։ Եթե դրսից եկած տրանսֆերտները սրանից 10 տարի առաջ կազմում էին ՀՆԱ-ի 3-5%-ը, ապա այսօր դրանք կազմում են 35-40%։
Եվ այսպես, ունենք երկիր, ուր ՀՆԱ + տրանսֆերտներ կազմում է 5.5-6 մլրդ դոլարի։ Եթե հաշվում ենք գնողունակության պարիտետը` դա կազմում է 10-12 մլրդ դոլար։ Եթե սրան հավելենք ապրանքների եւ ծառայությունների արտահանում-ներմուծումը, որտեղ ունենք դեֆիցիտ՝ մոտ 1 մլրդ դոլարի չափով, ապա մենք տեսնում ենք, որ նվազագույնը 500 մլն դոլար ավելցուկ ունենք։ Այս 500 միլիոնը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ հայկական կապիտալ։ Այդ փողը գալիս է Հայաստան եւ հանդիպակայում է դրամի որոշակի զանգվածի, որը մի բան էլ ԿԲ-ն փորձում է կրճատել։ Այս պայմաններում, բնականաբար, արժեւորվում է դրամը։ Այսինքն, երեւույթն ինքը, որպես այդպիսին, ամենեւին կարիք չունի բացատրվելու տնտեսական աճով։ Եթե այսօր աճ չունենանք կամ եթե անգամ ունենանք տնտեսական անկում, հավատացնում եմ ձեզ, որ դրամը կշարունակի արժեւորվել։ Նշեմ նաեւ, որ այս պրոբլեմը գնալով խորանալու է։ Առաջին հերթին, փողը հիմնականում գալիս է ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից, որտեղ տնտեսությունը բարվոք վիճակում է, եւ հայ համայնքը կարողանում է համապատասխան չափով ավելի դրամ վաստակել, խնայողություններ անել։ Երկրորդ, Հայաստանում չի ակնկալվում քաղաքական եւ տնտեսական վիճակի այնպիսի շեշտակի լավացում, որ անիմաստ դարձնի դրսից եկող օգնությունը։
– Այսինքն, այն պնդումը, որ մեծ ներհոսքերը կապված են տնտեսական աճի հետ, ճիշտ չէ՞։ Տնտեսական աճի պարագայում դրսից եկող տրանսֆերտները պետք է գնալով նվազեի՞ն։
– Եթե ներհոսքերի մեծացումը պայմանավորում ենք տնտեսական աճով, ապա այդ ներհոսքերը լինում են ներդրումների ձեւով, իսկ սրանք տրանսֆերտներ են, որոնք ստանում է ողջ բնակչությունը։ Այն, նախեւառաջ, ուղղվում է սպառողական շուկա։ Ավելին, վերջին տարիներին Վիճվարչությունը չի զեկուցում ներդրումների աճի մասին։ Ճիշտ հակառակը, դրանք որոշ դեպքերում նույնիսկ նվազում են։ Եթե մենք ավելի արագ ենք զարգանում, քան այն երկիրը, որտեղից փողը գալիս է, հակառակ պրոցեսը պիտի տեղի ունենար, այստեղից պիտի փող գնար։
– Պրն Բագրատյան, սակայն, եթե այդ հարյուր միլիոնավոր դոլարները համարենք «հայկական կապիտալ», ապա այն պետք է օգուտ տա տնտեսությանը, այլ ոչ թե վնասի։
– Իհարկե, եթե մենք ունենանք համապատասխան տնտեսական քաղաքականություն։ Չէ՞ որ նշված տրանսֆերտները ՀՆԱ-ի 35-40%-ն են կազմում։ Նշեմ, որ բացարձակ գումարով սա լիովին համեմատելի է այն գումարների հետ, որոնք Ադրբեջանը ստանում է նավթի դիմաց` որպես զուտ շահույթ։ Նույնիսկ Իսրայելը, իր ստեղծման 15-րդ տարում` 1961-ին, կնախանձեր մեզ։ Եվ այսպես, կա փող, եւ այն պետք է ճիշտ օգտագործել։
– Իսկ ինչպե՞ս կարելի է ճիշտ օգտագործել, որպեսզի այդ փողն աշխատի ի շահ տնտեսության, ինչպես ցանկացած կապիտալ։
– Կան հարցի լուծման տարբերակներ։ Եթե մենք չենք ուզում, որ դրամն արժեւորվի, ապա պարզապես մեծացնում ենք դրամի զանգվածը։ Այդ դեպքում դրամ-դոլար հարաբերակցությունը չի փոխվում, ներքին արտադրողը չի վնասվում, եւ արտահանումը չի նվազում։
– Սակայն ԿԲ-ն չի գնում այդ քայլին՝ պատճառաբանելով, որ այդ քայլերը կհանգեցնեն գնաճի։
– Այո, այդ դեպքում կառաջանա գնաճ, բայց հիմա էլ կա գնաճ։ Եթե մարդը ստանում է 13 հազար դրամ թոշակ, ապա այն կազմում է 40 դոլար, մինչդեռ 2 տարի առաջ այն միայն 26 դոլար էր։ Բայց որեւէ բան չի փոխվել։ Դրամով արտահայտված գները չեն իջել, ընդհակառակը՝ աճել են, իսկ դոլարով արտահայտված գներն աճել են մոտ 1.8 անգամ վերջին 4 տարում։ Գնաճն, այսպես թե այնպես, կա, պարզապես դրսեւորման ձեւն է տարբեր։ Ի դեպ, ես դրամի արհեստական էմիսիայի կողմնակիցը չեմ։
– Իսկ որո՞նք են Ձեր առաջարկած մյուս լուծումները։
– Պետությունը կարող է այս փողն օգտագործել արտաքին պարտքն արագացված կերպով մարելու համար։ Կարելի է այդ փողը հավաքել համապատասխան մուրհակներ կամ արժեթղթեր թողարկելով, որոնք պետք է վաճառվեն հիմնականում դոլարով կամ այլ արտարժույթով՝ արգելափակելով այս փողերի շրջանառությունը։ Կարելի է ստեղծել նաեւ ներդրումային հիմնադրամներ։ Ռուսաստանը ստեղծել է կայունացնող հիմնադրամ (րՑՈոՌսՌջՈՓՌՏվվօռ ՒՏվՊ)։ Մենք բնակչության 1 շնչի հաշվով ավելի շատ տրանսֆերտներ ենք ստանում, քան Ռուսաստանի նշված հիմնադրամն է։ Եվ այս փողը մենք պիտի ծառայեցնենք Հայաստանի զարգացմանը՝ կառուցենք նոր ատոմակայան, այլ էլեկտրակայաններ, ճանապարհներ, թունելներ կամ ամրապնդենք պաշտպանության համակարգը եւ այլն։ Կարելի է գումարը ներդնել մասնավոր կենսաթոշակային ապահովագրության հիմնադրամներում, ինչն, ի դեպ, ԿԲ-ի գործառնություններից է։ Ես կառաջարկեի ներդրումային հիմնադրամներ ստեղծել՝ կրթության որակն էապես բարելավելու համար։ Ինչպես տեսնում ենք, գումարն օգտագործելու տեղեր շատ կան, սակայն դա պետք է արվի կառավարության ընտրած տնտեսական քաղաքականության գերակայություններին համապատասխան։
– Ձեր նշած եղանակը ենթադրում է, որ բնակչությունը պետք է գնի պետության կողմից թողարկված արժեթղթերը։ Սակայն արդյո՞ք բնակչության մոտ բավարար վստահություն կա պետության նկատմամբ, որպեսզի իրենց գումարները ներդնեն պետական արժեթղթերում՝ թեկուզ բարձր տոկոսադրույքներով։
– Անպայման։ Վստահությունն աճել է, քանի որ բնակչությունը հասկացել է, որ դրամը կարող է աշխատել։ Սա 1993-94 թվականները չեն, երբ մարդիկ սպասում էին՝ կկայանա՞ այս երկիրը, թե՞ ոչ։ Մենք հաջորդ փուլում ենք արդեն։ Մարդիկ ուզում են մտածել իրենց երեխաների վաղվա օրվա մասին, ուզում են ապագան տեսնել Հայաստանում։ Ես չեմ ասում՝ լուծման միայն մեկ եղանակ կա։ Միգուցե պետք է համակցել մի քանի լուծումները։ Բայց սա արդեն նշանակում է նոր տնտեսական քաղաքականություն։
Ի դեպ, ես ինչ-որ նոր բաներ չեմ ասում։ Ես ասում եմ այն, ինչ այսօր մասսայաբար կատարվում է աշխարհում։ Ես ասում եմ այն, ինչ դեռեւս 1992-ի մայիսին ամրագրվել է տնտեսական երկարաժամկետ քաղաքականության մասին ՀՀ նախագահի հանձնարարությամբ մշակված մի փաստաթղթում։ Այնտեղ, մասնավորապես, ասվում էր, որ ներդրումային զարգացման փուլում, ինչին մենք, փառք աստծո, հասանք, ԿԲ-ն կայունացնող, մոնետար գործիքներից (սղաճի հաղթահարման ու կառուցվածքային բարեփոխումների փուլ) պետք է անցում կատարի շուկայական կարգավորման գործիքների (արժեթղթեր, մուրհակներ, պարտատոմսեր եւ այլն)։ Մինչդեռ տնտեսագետների մեր թիմը ԿԲ-ի, բանկերի ու բանկային գործունեության մասին եւ այլ օրենքներում նախատեսել էր ֆունկցիաներ, որոնք այսօր այլեւս այլ հարթության մեջ են, հրատապ չեն։
– Այդ դեպքում ինչո՞ւ մեր իշխանությունները չեն դիմում այդ լուծումներին։
– Սա պետք է կատարի Կենտրոնական բանկը։ Ես կարծում եմ, որ այստեղ խնդիր կա կառավարման որակի առումով։ Ավելին, ԿԲ-ն չեզոք կառավարիչ չէ։ Բանկը՝ իր ենթակառուցվածքով, սրան ադապտացված չէ։ ԿԲ-ն մի կողմից` վերցրել է գնաճը պահպանելու պատասխանատվությունը եւ, անտեսելով մյուս ոլորտները, ամեն գնով ջանում է գնաճը պահպանել, որն, ի դեպ, չի կարողանում անել։ Մյուս կողմից` այս կառույցը որեւէ պատասխանատվություն չի ուզում կրել երկրի զարգացման համար։ Եվ բնական է, որ ամեն ինչ այսպես էլ պետք է լիներ։ Իրավունքների տեսանկյունից` ԿԲ-ն կառավարություն է՝ դեռ մի բան էլ ավելի, իսկ պարտականությունների տեսանկյունից՝ կառավարություն չէ։ ՀՀ բանկային համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի ոչ միայն կառուցվածքային, այլ նաեւ կադրային առումով։
– Այս ամենից կարելի՞ է եզրակացնել, որ մենք լուծում ենք միայն օրվա խնդիրները եւ չունենք հստակ տնտեսական հեռանկար՝ ինչպիսի՞ տնտեսություն է ունենալու Հայաստանը 10-15 տարի հետո։
– Այո, պարզապես թողնում ենք, որ դոլարը գա ճնշի դրամական զանգվածը։ Չեմ ասում` սա մտածված ծուլություն է, բայց ոչինչ չենք անում։ Եվ սկսում ենք ինչ-որ բաներ խոսել տնտեսական աճի մասին։ Եվ ոչ միայն ԿԲ-ն։ Ասեմ, որ Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին ներկայացուցչի (Ջեյմս Մաքյուի. – Բ.Թ.) ելույթները պարզապես զարմացնում էին՝ դրամավարկային քաղաքականության մեջ Հայաստանի առանձնահատկությունները հաշվի չառնելու պատճառով։ Հույս ունեմ, որ նոր ներկայացուցիչն այս ամենը կհասկանա։ Այնուամենայնիվ, մի կողմ թողնելով բոլոր տեսակի օտարերկրյա մասնագետներին՝ որոնք ինչ-որ մի շնորհակալ գործ անում են Հայաստանում (շնորհակալ ենք արդեն նրա համար, որ եկել են), պետք է գիտակցենք, որ մեր երկրի զարգացման խնդիրը մեզ վրա է։
Կցանկանայի մի դիտարկում էլ անել։ Մենք հարվածում ենք ոչ միայն արտարժույթով տրանսֆերտ ստացողների գրպանին, այլեւ սնանկացնում ենք հենց տրանսֆերտներ ուղարկողներին։ Այսինքն, սկսել ենք սնանկացնել նաեւ այլ պետությունների քաղաքացիներին։
– Ամեն դեպքում, եթե որդեգրված տնտեսական քաղաքականության մեջ ոչ մի էական փոփոխություն չլինի, մեզ ի՞նչ է սպասվում։
– Այդ հարցին պատասխանելու համար հարկավոր է նախ պարզել, թե տնտեսական ի՞նչ միտումներ են սպասվում Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում։
– Այսինքն, մեր տնտեսությունը դառնում է Ռուսաստանի ինչ-որ նահանգի տնտեսության պես մի բա՞ն։
– Ստացվում է այդպես, եթե այդ երկրներում տնտեսական վիճակը լավանա, ապա Հայաստան եկող փողը շատանալու է, եւ դրամը մեր երկրում ավելի է արժեւորվելու, իսկ տնտեսությունն ընդհանրապես չի զարգանալու։ Եվ արտահանումը կնվազի ոչ թե 10, այլ 20-30%-ով։ Որովհետեւ այդ պայմաններում ո՞ւմ է պետք ինչ-որ բան արտադրել ու արտահանել, եթե կարելի է ԱՄՆ-ից կամ Ռուսաստանից փող ստանալ։
Շարունակելի