Երեկ Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին հայտարարել է, որ Եվրամիության հետ Վրաստանի անհատական գործողությունների ծրագիրը կստորագրվի հոկտեմբերի 2-3-ին, երբ տարածաշրջանային այցի շրջանակներում Վրաստանում կլինի Եվրամիության եռյակը: Ըստ «Trend»-ի, Վրաստանի արտգործնախարարը նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը մինչ այդ հաջողությամբ կավարտեն բանակցությունները «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւանություն» քաղաքականության շրջանակներում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր, որ ցուցաբերելու է տարածաշրջանային մոտեցում եւ որեւէ երկիր չի առանձնացնելու: