Մայրաքաղաքում գործող տաքսի ծառայությունների վարորդների մեծ մասը գերադասում է աշխատանքային գիշերային հերթափոխը: Ցերեկային երթեւեկության մասին խոսելիս պատրաստ են ժամերով դժգոհել փորձառու կամ «խամ» վարորդների եւ հետիոտնի ցածր կուլտուրայից, ճանապարհատրանսպորտային «ջարդուխուրդ» եղած նշաններից, չաշխատող լուսաֆորներից, պետավտոտեսչության աշխատակիցների վատ աշխատանքից, կանգառների սոդոմ-գոմորից եւ մի շարք այլ խնդիրներից: Նրանց գործը ծանր է: Ու միշտ է այդպես եղել՝ վարորդը բողոքում է հետիոտնից ու ոստիկանից, ոստիկանը՝ վարորդից, ուղեւորը կամ հետիոտնը՝ վարորդից…
Այս վերջին տասը տարիների ընթացքում, աշխատանք չունենալու պատճառով շատ-շատերը սկսեցին վարորդ աշխատել՝ մի մասը՝ իրենց սեփական ավտոմեքենաներով, մի մասն էլ՝ տաքսի ծառայություններում: Տաքսիների վարորդներից շատ-շատերը բարձրագույն կրթություն ունեն եւ ստիպված են տաքսու վարորդ աշխատում: Նրանց հետ զրուցելն իսկապես հետաքրքիր է: Ի՜նչ ասես՝ չեն տեսնում մեր այս քաղաքում: Նրանք իրենց աչքով ամեն օր տեսնում են, թե ինչպես է քաղաքը փոխակերպվում, ինչպես է մարդը փոխվում, ինչպես են մարդկային արժեքները գլխիվայր շրջվում… Այդ ամենը տեսնելով՝ նրանք հաճախ հիասթափվում են այս կյանքից ու մարդկանցից: Նրանց այլեւս ոչինչ չի զարմացնում: Տաքսիների վարորդների օգնությամբ մենք ժամանակ առ ժամանակ կխոսենք երեւանյան մեր բարքերից, քաղաքային կյանքից, մարդկային որակներից…
Միայն նշենք, որ տաքսի ծառայությունների մեր զրուցակից վարորդների իրական անունները երբեք չեն նշվելու:
Գիշերային Երեւանը
Ժամը 24:00-ից Երեւանում բոլորովին այլ կյանք է սկսվում: Գիշերային կյանք: «Անառակ Երեւանը»,- այսպես են արտահայտվում տաքսիների վարորդները` երեւանյան գիշերների մասին խոսելիս: Տաքսի ծառայություններից մեկի վարորդ Հովսեփի հետ կարելի է անվերջ զրուցել: Նրա ինֆորմացիան անսպառ է, իսկ պատմությունները նման են հոլիվուդյան ֆիլմերի սցենարներին: «Ինչպես ասում են՝ շունն ինչքան շատ ման գա՝ էնքան շատ բան կիմանա: Մենք՝ վարորդներս, շատ բաներ ենք տեսնում ու արդեն չենք զարմանում, որովհետեւ ամեն ինչ սովորական է դարձել»: Հովսեփն ասում է, որ նոր սերունդը շատ «փչացած» է, որովհետեւ կոռեկտության սահմաններ չի ճանաչում: «Մեր ծառայություններից գիշերային ժամերին հիմնականում օգտվում են թիթեռնիկներն ու իրենց պատվիրատուները, իսկ թիթեռնիկները, ասեմ ձեզ՝ շատ են շատացել: Մեզ պարապ չեն թողնում»,- վստահեցնում է նա՝ ասելով, որ այսօր այդ գործով զբաղվում են հիմնականում երիտասարդ աղջիկները, որոնց շարքերում շատ են անչափահաս՝ 14-15 տարեկան դեռահասները: Գիշերային իր կոնտինգենտին՝ մարմնավաճառներին, անգիր գիտի: Գիտի նաեւ նրանց գները, ճաշակը, ճանաչում է իր կոնտինգենտի «կլիենտներին», որովհետեւ իր հաճախորդ մարմնավաճառները «կլիենտների» ցուցակ ու գնացուցակ ունեն: Ասում է, որ արդեն լավ հասկանում է մարմնավաճառների հոգեբանությունը ու լավ գիտի նրանց գները: Ասում է, որ մարմնավաճառուհիների գինը կախված է նրանց տեսքից՝ որքան շքեղ է հագնված, այնքան թանկ է: Երիտասարդ տղաները վազում են հենց նրանց վրա, ճոխ «թիթեռնիկ» են ուզում, որ գեղագիտություն վայելեն: Վարորդ Հովսեփն ասում է, որ մարմնավաճառությունը վերջին ժամանակներս գայթակղել է նաեւ գյուղացի աղջիկներին, որովհետեւ իր հաճախորդ ուղեւորներից շատերը հենց գյուղերից են: «Շատերի ծնողները գիտեն, իսկ որոշ մասը գաղտնի են դա անում: Խաբում են, թե Երեւանում մնալով` գիշերային հերթափոխի աշխատանքի են գնում, ու դուրս են գալիս տռաս: Մի օրվա աշխատած փողով տուն են վարձում ու ստեղ լավ գործ են դնում»: Նրա կարծիքով՝ երիտասարդ աղջիկների ծնողների 80%-ը տեղյակ են, թե իրենց երեխաներն ինչով են զբաղվում օրվա այդ ժամերին: 50-ն անց վարորդ Հովսեփի համար զարմանալին այն է, որ այսօր մարմնավաճառությունը բաց երեւույթ է դարձել եւ առաջվա պես գաղտնի չի արվում. «Գիտե՞ք ինչի վրա եմ զարմանում, որ էդ ամոթ հասկացողությունը կորել ա, մի տեսակ հպարտությամբ են էդ գործն անում, չեն քաշվում, չեն կաշկանդվում»: Մեր զրուցակից վարորդներն էլ են հաստատում, որ իրավապահ մարմինները սերտորեն համագործակցում են մարմնավաճառների հետ: Իրավապահները մարմնավաճառուհիներին շանտաժի են ենթարկում եւ գործ չհարուցելու համար գումար են վերցնում: «Օրինակ, մի անգամ մի մարմնավաճառուհի բջջայինով իր գործընկերներին տեղեկացնում էր, որ «Էսօր ռեյդ ա, չենք կանգնում»: Այսինքն՝ միլիցեքի հետ պայմանավորվում են, թե ե՞րբ, ո՞ր ժամին եւ որտե՞ղ կանգնեն: Էդ օրը, երեւի, կարեւոր, պաշտոնավոր մարդ պիտի գար Հայաստան կամ չգիտեմ՝ ի՞նչ էր եղել, որ փողոցներում «պուտանկեք չպիտի լինեին»,- պատմում է Հովսեփը: Ասում են, որ մարմնավաճառներն իրենց այդ աշխատանքը բացատրում են ընտանիք պահելու հանգամանքով, սակայն դա սուտ պատճառաբանություն է, քանի որ ամեն քայլափոխի առաջարկվում է «աման լվացողի» աշխատանք, որով կարող են իրենց սոցիալական հարցերը լուծել: Նրանք այլ աշխատանքի չեն համաձայնում: Վարորդ Հովսեփն ասում է, որ հայ տղամարդիկ այսօր նախանձելի ընտրության հնարավորություն ունեն. մարմնավաճառուհիներն այնքան շատ են, որ փող ունենալու դեպքում կարող են ուզած՝ «էլիտար» կամ «գեղցի» մարմնավաճառին վարձել: «Դե՛, տղամարդն առավոտից իրիկուն քրտնաջան աշխատում ա եւ իրավունք ունի, չէ՞, էդ բարիքներից օգտվել»,- ասում է վարորդ Հովսեփը՝ մեքենան վարելու ընթացքում ցույց տալով «թիթեռնիկների» կանգնելու մշտական տեղերը. «Այ, տեսնո՞ւմ եք «Գարեգին Նժդեհ» հրապարակից մի քիչ էն կողմ «Մայամի» ռեստորանի մոտ՝ լիքն են, կամ Կիեւյան կամրջի մոտ, 3-րդ մասի դատարանի ու Ոստիկանության շենքերի մեջտեղում միշտ կանգնած են, Բաղրամյան փողոցը, որը պաշտոնյաների մշտական ճանապարհն է… ինչքան ուզես` կթվարկեմ: Գիտե՞ք, ամեն ինչի բացատրությունն էլ կա, չես կարա ասես, թե ինչի են ջահելները ձգտում էդ գործով զբաղվել: Երեւի մեջիցդ պիտի լինի, էլի, պիտի իրանց հոգեբանությունն ունենաս, որ հասկանաս իրանց, թե չէ՝ կարանք հա քննադատենք: Բայց դե, փող աշխատելու հեշտ ձեւ ա էլի»:
Այստեղով զբոսնում էր Հրաչյա Ներսիսյանը
Վարորդ Ժորայի հետ երկխոսության մեջ մտնելու համար պետք չէ շատ ջանքեր թափել: Նա իր ուղեւորների հետ հաճախ է հիշողությունների գիրկն ընկնում: Ամեն բառից հետո ասում է՝ «Կոմունիստների օրոք»: Օրինակ՝ նամուս-թասիբ ունենալու համար «կոմունիստների օրոքը» ոսկե ժամանակ էր, որովհետեւ մարդիկ նամուս-թասիբի մեռած էին: «Հիմա ամեն ինչ էնքան մատչելի ու հասանելի ա, որ աչքդ էլ ա հոգնում: Էն ժամանակ էլ գիշերները մարմնավաճառներ կային, բայց սենց թափած չէին: Հըլը մի հատ ձեր շուրջը նայեք՝ Երեւանը պլյաժ ա դարձել: Սաղ տկլոր են ման գալիս: Կոմունիստների օրոք աղջկա սիրտը գրավելու համար պետք ա 1 ամիս հետեւից քարշ գայիր, հետո 1 ամիս համոզեիր, որ նվիրածդ ծաղկեփունջն ընդուներ ու մի ամիս էլ ընտանիքի հետ պիտի բարեխոսեիր, որ թողեին հետդ դուրս գար… Հիմա էն օրը մի աղջիկ կանգնացրեց մեքենաս, որ տանեմ: Նստեց, մեկ էլ կողքից տղերքը գոռում են՝ հը՞, քուրո, կպցրի՞ր: 60 տարեկան մարդ եմ, հաճախորդ եմ տանում: Բոլորն իրար ուրիշ աչքով են նայում, ստորացնում են իրար»: Վարորդ Ժորան հոգնելով տգեղ բաներից խոսելուց` ուզում է ինձ իր համար մի թանկ բան ցույց տալ: Ուղեւորվում է դեպի Աբովյան փողոց, «Երեւան» հյուրանոցին կից տարածքում մատնացույց է անում մի հատված ու ասում է. «Տեսնո՞ւմ ես, այ էստեղով, որ հիմա գիշերներն էդ վատ գործով են զբաղվում, կոմունիստների օրոք միշտ տեսնում էի Հրաչյա Ներսիսյանին: Նա գիշերային ժամերին շատ էր սիրում էս փողոցով զբոսնել, ու միշտ նրան այստեղ էի տեսնում: Հիմա ամեն ինչ էնքան վայրի ու կոպիտ է դարձել»:
«Ջահելությունը շատ հեռու ա գնացել»
Մեկ այլ տաքսի ծառայության վարորդ` Արտավազդը` հասկանալով, որ տաքսու վարորդի պատմածը շարքային պատվիրատուի համար հեքիաթ է թվում՝ առաջարկում է գիշերային ժամերին շրջել Երեւանի փողոցներով: Միայն տաքսու վարորդը, սակայն, կարող է տեսնել, թե ինչպես են տաքսիով ճանապարհում րոպեներ առաջ փողոցում բռնաբարած աղջկան, կամ թե ինչպես են թմրամոլները «տժժում» մեքենայիդ մեջ: «Ցերեկային ժամերին էլ է լինում, բայց այդ ակտիվ, ճնշող երթեւեկության ընթացքում շատ բաներ չես նկատում, ուշադրությունդ այլ տեղ է: Ես մի հաճախորդ ունեմ, որ ամեն օր իր համեստ հագնված աղջկան նստացնում է տաքսի ու ճանապարհում է դասի: Աղջիկը հորը հրաժեշտ է տալիս ու անմիջապես յուբկայի փեշերը քշտելով՝ բարձրացնում է էնքան, մինչեւ բարեմասնությունները երեւան: Հետո ճանապարհի կեսից տաքսուց իջնում, ուրիշի մեքենա է նստում, գնում է: Հերն էլ գիտի` աղջկան դասի է ճանապարհել»,- պատմում է վարորդ Արտավազդը, ով տեսնելով երիտասարդների վատ վարքագիծը՝ վախենում է իր երեխաների համար: «Էս ամեն ինչը տեսնելով` ես էլ եմ վախենում, ջահելությունը շատ հեռու ա գնացել: Աղջկաս ուղարկում եմ դասի, գիտեմ, որ լավ դաստիարակություն է ստացել, բայց երիտասարդների մտածելակերպը հիմա ուրիշ է: Ամեն դեպքում հազար բան եմ մտածում, չգիտեմ, էն, ինչ տեսնում եմ՝ դժվար է»,- ասում է նա՝ վստահեցնելով, որ անչափահաս աղջիկներից շատերն են մարմնավաճառության մեջ ներգրավված: Ի դեպ, մեկ այլ վարորդ էլ պատմում է, որ գիշերային ժամերի իր հաճախորդին տարել է սաունա եւ ավելի ուշ, երբ այդ հասցեից կրկին պատվեր են ստացել՝ ուղեւորվել է հաճախորդին սպասարկելու: «Տեսնեմ ի՞նչ, էն հաճախորդը, որին ես տարել էի սաունա՝ էնտեղից դուրս ա գալիս հարեւանիս ջահել հարսի հետ: Ընդ որում, էդ հարսը թաղամասում աչքի ա ընկնում իր համեստությամբ: Պատկերացնո՞ւմ եք՝ ես հարեւանիս հարսին ուրիշ տղամարդու հետ լինելուց հետո սաունայից տանում եմ տուն: Ու ճանապարհին նա խնդրում, աղաչում ա, որ հանկարծ տնեցիքին չասեմ»:
Երեւանյան լճի մայթեզրին հերթեր են գոյանում
Վարորդ Նվերը 2 տարի է, ինչ վերադարձել է Հայաստան: Մինչ այդ աշխատել է Մոսկվայում: Որպես վարորդ թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում նախընտրում է գիշերային ժամերի երթեւեկությունը: Մինչդեռ Հայաստանում այդ ժամերին նրա մեքենան նողկալի բույրով է լցվում ու ինքը տհաճությամբ է աշխատում: «Դե՛, գիտեք, որ գիշերը մեր պատվիրատուները մարմնավաճառներն են լինում: Նրանք շատ սպեցիֆիկ հոտ ունեն, ու էդ հոտից շատ վատ եմ զգում: Գիշերը մեքենա քշելը անվտանգ ա, բայց էդ հոտից ես խելագարվում եմ»,- ասում է Նվերը, ով վստահեցնում է, որ Ռուսաստանում մարմնավաճառները շարքով չեն կանգնում փողոցում, մեկը կանգնում է եւ պատվիրատուին ուղեկցում է փողոցի այն գողտրիկ մասը, որտեղ նա կարող է ընտրություն կատարել: Նվերի վարորդական փորձը ցույց է տվել, որ վերջին տարիներին Հայաստանի շրջաններից եկած աղջիկները հիմնականում մարմնավաճառությամբ են զբաղվում: «Նրանց գները սկսում են 5000 դրամից, իսկ քաղաքի արդեն «մասնագիտացված» մարմնավաճառների գինը 100 դոլարից ա սկսում»,- վկայում է նա՝ ասելով, որ աղջիկներն առանց կաշկանդվելու վարորդի ներկայությամբ իրենց ծառայությունների գները սակարկում են: Իսկ «անառակ Երեւանը» ցույց տալու համար Նվերն ուղեւորվում է Երեւանյան լճի մոտ, որտեղ մի քանի մարմնավաճառ աղջիկներ եւ տղաների մի մեծ խումբ է կանգնած: Հարցնում եմ՝ «Ինչո՞ւ են այսքան տղաներ հավաքվել, հե՞րթ է»: Պատասխանում է՝ «Եկել են տանելու, հերթ ա, բա ի՞նչ ա: Ջոկում են: Ո՞նց էս գնում շուկա լավ ու էժան ապրանք առնելու, այ տենց էլ եկել են աղջիկ տանելու»: Մի քանի րոպե հետեւելով մարմնավաճառների գործունեությանը՝ ականատես եղանք, թե որքան շատ ոստիկանական մեքենաներ անցան Երեւանյան լճի ճանապարհով եւ չնկատելու տալով հեռացան: Մինչդեռ, եթե Նվերը նախապես տեղեկացրած չլիներ այդ ամբոխի մասին՝ շարքային քաղաքացին կմտածեր, որ ինչ-որ կրիմինալ դեպք է եղել եւ վիճաբանություն է տեղի ունենում: Ցանկացած մեքենա, երբ մոտենում էր նրանց՝ աղջիկները վազելով հարձակվում էին մեքենայի վրա ու գլուխները պատուհանից ներս մտցնելով` սկսում էին ինչ-որ հարցեր քննարկել:
Վարորդ Գեւորգն էլ է արդեն դեմքով ճանաչում հեղինակավոր մարդկանց սպասարկող մարմնավաճառներին: Նա պատմում է, որ իր մեքենայով երթեւեկող մարմնավաճառների խոսակցություններին հետեւելով` ապշում է նրանց մտածելակերպի վրա: «Հպարտանում են, որ մի ճանաչված մարդու են սպասարկել: Առանց հաշվի առնելու, որ կողքները տղամարդ կա՝ բարձրաձայն քննարկում են, որ էսինչ մեծահարուստի կամ էսինչ պաշտոնյայի հետ սաունա գնացին, դաժե իրանց ծառայության բնույթը, մանրամասները առանց ամաչելու պատմում են: Ու էդ իրանց համար պրիստիժ ա, էլի, եթե հարուստի, ճանաչված մարդու են սպասարկել, ուրեմն իրանց «կլասը» բարձրանում ա: Դու տեսնես, թե ինչ հրճվանքով են պատմում իրանց արածի մասին»,- ասում է Գեւորգը, ով մի «ինտելիգենտ կին» պատվիրատու ունի, որն ամեն օր աղջկան զուգում-զարդարում, ուղարկում է մարմնավաճառություն անելու: 15 տարեկան աղջիկն էլ վարորդի հետ կիսվելով` պատմում է, որ երազում է սովորել, կարգին մարդ դառնալ, սակայն մայրը ստիպում է նրան այդ ճանապարհով փող բերել: «Էլ առողջություն էլ չունեմ, էս տարիքում էնքան աբորտ եմ արել»,- վարորդ Գեւորգին ասել է աղջիկը՝ վստահեցնելով, որ շուտով իր կյանքին վերջ է տալու: