Հայաստանում շուտով սկսվելու են առաջին հայկական հեռուստասերիալի նկարահանումները։ «Մի վախեցիր» աշխատանքային անվանումը կրող սերիալը բաղկացած է լինելու հինգ մասից եւ պատմելու է մեր ոչ այնքան վաղ անցյալի մասին՝ ներկայացնելով մեր երկրի վերջին տասնհինգ տարվա պատմությունը վերապրող հերոսներին։
«Հ1» հեռուստաընկերության եւ «Երեւան» ստուդիայի նախաձեռնությամբ սերիալի նկարահանող ստեղծագործական խումբը շուտով մեկնելու է Արցախ, որտեղ մոտ մեկ ամիս նկարահանումներ են լինելու։ 1988-1994թթ. Հայաստանի կյանքն առանց Ղարաբաղի պատկերացնել հնարավոր չէ, այդ պատճառով էլ սերիալում ծավալվող գործողությունների մեծ մասը հենց Ղարաբաղում է նկարահանվելու։ «Հ1» հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը «Մի վախեցիր» նախագիծը ոչ թե սերիալ, այլ՝ ֆիլմ է անվանում։ Իսկ ֆիլմի ժանրը՝ դրամատիկ էքշըն։ Չբացահայտելով ֆիլմի սյուժետային պտույտները եւ պահպանելով ֆիլմի ինտրիգը, ստեղծագործական խմբի բոլոր անդամները նշում են, որ ֆիլմում միահյուսվելու են սերն ու պատերազմը։ Գլխավոր հերոսը (Խորեն Լեւոնյան) մի երիտասարդ է, ով հանգամանքների բերումով հայտնվում է Ղարաբաղում, մասնակցում է ռազմական գործողություններին, սկզբում` որպես շարքային զինվոր, իսկ հետո՝ որպես ջոկատի հրամանատար։ Հերոսը՝ լինելով կուսակցական ֆունկցիոների որդի եւ շատ ապահով կյանքով ապրող ուսանող, հենց ռազմի դաշտում վերաիմաստավորում է իր կյանքը եւ հասկանում՝ որն է առաջնայինը եւ որը` երկրորդականը։ Պատերազմին մասնակցած երիտասարդները որպես կանոն դժվար են հարմարվում հետպատերազմյան միջավայրին, աշխարհում շատ ֆիլմեր են նկարահանվել եւ Վիետնամի, եւ Աֆղանստանի «սինդրոմի» մասին։ Մահ տեսած զինվորների եւ անտարբեր հասարակության բախումը շատ դեպքերում անխուսափելի է, այն մեծ հոգեբանական խնդիրներ է առաջացնում տուն վերադարձած զինվորների մեջ։ Հայկական բազմասերիանոց այս ֆիլմում նույնպես նման խնդիրներ են առաջ քաշվելու։ Ֆիլմում նաեւ սիրավեպ է լինելու։ Ղարաբաղում կռվող հերոսին Երեւանում հերոսուհին է սպասելու։ Ֆիլմում կանացի գլխավոր դերը կատարելու է «Միսս Հայաստան» եւ «Վիցե միսս Եվրոպա» տիտղոսակիր Լուսինե Թովմասյանը, ում համար սա առաջին դերասանական փորձն է լինելու, որին նա մեծ պատասխանատվությամբ եւ հուզմունքով է վերաբերվում։ «Կարծես թե ստացվում է»,- ասում է Լուսինեն։ Ֆիլմում զբաղված են լինելու բավականին մեծ դերասանական խումբ՝ Վանաձորի, Գորիսի, Երեւանի թատրոնի դերասաններն ու Թատերական ինստիտուտի ուսանողները։ Ֆիլմի գրական նյութի վրա սցենարիստների մի ողջ խումբ է աշխատել՝ Լեւոն Գալստյանի գլխավորությամբ։ Հերոսի հիշողություններն ու իրականությունը հաճախ են միահյուսվելու։ Հանդիսատեսը հնարավորություն կստանա ոչ միայն ընկալել հերոսների ապրումները, այլեւ՝ վերհիշել ցուրտ ու մութ 1990-ականների Երեւանյան կենցաղը։
Ֆիլմի բյուջեն բավականին մեծ է, այն կազմվել է «Երեւան» կինոստուդիայի տարեկան բյուջեից՝ ներառելով նաեւ «Հ1» հեռուստաընկերության կոմերցիոն միջոցները։ Նկարահանումները բավական ծախսատար են լինելու, քանի որ նախատեսվում է հատուկ էֆեկտներով լի մարտական տեսարաններ նկարահանել։ Ղարաբաղում աշխատելու են նաեւ պիրոտեխնիկական էֆեկտների մասնագետները, իսկ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հանդես է գալու որպես խորհրդատու։ Ռազմական տեսարաններում հայերի եւ ադրբեջանցիների հակամարտությունը, ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանի կարծիքով` պետք է «շատ զգուշորեն» ներկայացվի։ Իսկ «Մի վախեցիր» կոչը լինելու է այն բառակապակցությունը, որը ֆիլմի տարբեր դրվագներում եւ տարբեր հանգամանքներում մի քանի անգամ խաղարկվելու է։ Ընդ որում, ռեժիսորն ինքն իրեն կինոյում սկսնակ չի համարում՝ նշելով, որ արդեն մի քանի վավերագրական եւ խաղարկային ֆիլմերի հեղինակ է։ Այժմ ստեղծագործական խմբի համար ամենակարեւորը նկարահանման սեղմ գրաֆիկի մեջ տեղավորվելն է։
«Մի վախեցիր» հինգսերիանոց ֆիլմը ցուցադրվելու է հեռուստատեսությամբ՝ Ամանորյա տոնական օրերին, իսկ հետո նաեւ լույս կտեսնի ֆիլմի ձայներիզային տարբերակը։