Սեպտեմբերի 7-ի ուշ երեկոյան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առանց քվեարկության ընդունեց Ադրբեջանի ներկայացրած՝ «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում արձանագրված հրդեհների դեպքերին: Ըստ ՀՀ Արտգործնախարարության, ընդունված բանաձեւն «ընդհանուր առմամբ ընդունելի է դարձել հայկական կողմի համար»:
Այս թեմային անդրադարձել են արտերկրի բազմաթիվ հանրահայտ լրատվական գործակալություններ, որոնց հաղորդագրություններից դատելով` կարելի է եզրակացնել, որ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ միջազգային ընկալումը փոխվել է. լրատվական գործակալությունների հաղորդագրություններում այն ներկայացվում է որպես տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, որպես Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածք, իսկ հանրահայտ «Ասոշիեյթիդ փրես»-ն էլ Ղարաբաղյան պատերազմը ներկայացնում է որպես «անջատողական պատերազմ»: Ինչեւէ, ՄԱԿ-ում ընդունված վերոնշյալ բանաձեւին բավական ծավալուն եւ մանրամասն անդրադարձել է նաեւ «Inner City Press»-ը (Նյու Յորք): Վերջինիս փոխանցմամբ՝ վերոնշյալ բանաձեւին ՄԱԿ-ն անդրադարձել է ընդամենը 10 րոպեում, որի ընթացքում բանաձեւի ընդունման օգտին են արտահայտվել ԱՄՆ-ը, Թուրքիան, ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) անունից՝ Ուկրաինան եւ իսլամական կոնֆերանսի կազմակերպության անունից՝ Պակիստանը: «Դիվանագիտական այս ողջ ռմբահարումը հանգեցրեց ԵԱՀԿ-ին ուղղված հինգ կետից բաղկացած բանաձեւի ընդունմանը, որով կոչ է արվում ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրին, ԵԱՀԿ-ի հետ համագործակցելով, անհրաժեշտ օգնություն ու փորձագիտական օժանդակություն ցույց տալ եւ մինչեւ 2007-ի ապրիլի 30-ը ԵԱՀԿ-ի կողմից այս հարցի վերաբերյալ զեկույց ներկայացնել Գլխավոր ասամբլեայի անդամ երկրներին»,- գրում է «Inner City Press»-ը: Պարբերականը տեղեկացնում է նաեւ, որ մինչ բանաձեւի ընդունումը, երկու օր հայկական կողմի հետ դրա տեքստը համաձայնեցնելու նպատակով բանակցություններ են տարվել: Վկայակոչելով այդ բանակցություններին մոտ կանգնած իր աղբյուրին՝ «Inner City Press»-ը տեղեկացնում է, որ բանակցությունների հիմնական առարկան եղել է բանաձեւի այն կետը, որով առաջարկվում է հարցի վերաբերյալ զեկույց ներկայացնել Գլխավոր ասամբլեային: Պարբերականը նշում է, որ Հայաստանը դեմ է ԼՂ վերաբերյալ ցանկացած հարցի քննարկմանը ՄԱԿ-ում: «Եթե ՄԱԿ-ն ընդգրկված է պաղեստինյան հակամարտության հարցում, նմանօրինակ վիճակ է նաեւ Աբխազիայի հարցում, ինչո՞ւ ՄԱԿ-ը մինչ օրս չի ընդգրկվել ԼՂ հարցում: Ի՞նչ ներգրավվածություն ունի ՄԱԿ-ը ԼՂ-ում»,- այս հարցերը «Inner City Press»-ի թղթակիցն ուղղել է ՄԱԿ-ի լրատվական բաժնին, որտեղից պատասխանել են, թե ՄԱԿ-ի զարգացման ծրագրերը ԼՂ-ում չեն գործում: «Inner City Press»-ը գրում է նաեւ, թե աշխարհում կան տարածքներ, որտեղ թեեւ ՄԱԿ-ն իրականացնում է մարդասիրական խոշոր ծրագրեր, սակայն այդ ամենն արվում է առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի: Ըստ պարբերականի, Լեռնային Ղարաբաղը, ինչպես եւ ասենք Կասամանսեն Սենեգալում, նման տարածքներ չեն: «Ասում են, թե եթե դու ապրում ես մի տարածքում, որը գտնվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրներից որեւէ մեկի ազդեցության գոտում (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Չինաստանն ու Մեծ Բրիտանիան- Ռ.Թ.), ապա դու ՄԱԿ-ում հաջողություն չես ունենա»,- գրում է «Inner City Press»-ը: Ըստ պարբերականի, նման երկրների ցանկը բավականին մեծ է, եւ ԼՂ-ն նույնպես այդ ցանկում է: «Inner City Press»-ի մատուցմամբ՝ Ադրբեջանը սահմանային հրդեհները որակում է որպես «հայկական հրդեհներ» եւ ակնկալում է միջազգային ճնշում Հայաստանի վրա, որպեսզի հնարավորություն ունենա «մտնել հրդեհվող վիճելի տարածքներ»: Թերթը նշում է, որ թե՛ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, թե՛ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը վերջերս հայտարարել են, թե եթե Ադրբեջանը շարունակի արծարծել այս թեման ՄԱԿ-ում, ապա բանակցային գործընթացը կդադարի: Ըստ «Inner City Press»-ի, հայկական աղբյուրները մասնավոր զրույցներում ավելի վատ են արտահայտվում ՎՈՒԱՄ-ի հասցեին, որի անդամ երկրները փորձում են Հարավային Օսիայի, Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի հարցերը համատեղ ուժերով տեղափոխել ՄԱԿ: «Հայաստանը մտավախություն ունի, որ ՄԱԿ-ում, ի տարբերություն ԵԱՀԿ-ի, Ադրբեջանը կկարողանա իր կողմը թեքել իսլամական ազգերին, սակայն Ադրբեջանը միայն մուսուլմանական ազգերին իր կողմը թեքելու գործում չէ, որ հաջողություններ է գրանցում»,- գրում է «Inner City Press»-ն ու տեղեկացնում, որ վերջերս Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Շվեդիայի իր պաշտոնակից Յան Էլիասոնին, ով նաեւ Գլխավոր ասամբլեայի նախագահողն էր: Այդ հանդիպումից հետո
Յ. Էլիասոնը «Inner City Press»-ի հետ զրույցում հույս է հայտնել, թե ԼՂ հիմնախնդիրը լուծելու գործում ՄԱԿ-ն ավելի մեծ հաջողություններ կարձանագրի, քան ԵԱՀԿ-ն: «Ես ավելի ակտիվ Գլխավոր ասամբլեայի կողմնակից եմ»,- ավելացրել է Շվեդիայի արտգործնախարարը: Ի դեպ, երեկ արդեն հայտնի է դարձել, որ Ադրբեջանում ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի եւ այդ փաստաթղթին առնչվող համալիր միջոցառումների իրականացման նպատակով: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Թաիր Թաղիզադեի խոսքերով՝ խմբում ընդգրկվել են Ադրբեջանի մի շարք նախարարությունների ղեկավարներ եւ բարձրաստիճան աշխատակիցներ: Իսկ թե որո՞նք են լինելու հայկական դիվանագիտության պատասխան քայլերն Ադրբեջանի վերոնշյալ նախաձեռնություններին, դեռեւս պարզ չէ: Արդյո՞ք Հայաստանը կբավարարվի միայն բանակցություններից դուրս գալու սպառնալիքներով:
Հ.Գ. Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳՆ-ն տարածել է մի հաղորդագրություն, որից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 6-ին Արգենտինայի Կորդոբա նահանգը ճանաչել է հայոց ցեղասպանությունը: